Երեկ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ գործադուլ էին հայտարարել՝ հրաժարվելով դուրս գալ երթուղիներ, ինչը կանգառներում մեծ թվով կուտակումների պատճառ էր դարձել։
Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված է, որ քաղաքային հասարակական տրանսպորտի կազմակերպության աշխատակիցները գործադուլ իրականացնելու մասին առնվազն 14 օր առաջ պարտավոր են ծանուցել այդ մասին և անգամ այդ դեպքում պարտավոր են գործադուլի ընթացքում ապահովել նվազագույն պայմաններ, որոնք անհրաժեշտ են հասարակության անհետաձգելի կարիքները բավարարելու համար։
Նշենք, որ 30-ից ավել վարորդների աշխատանքից ազատման հիմքը եղել է Աշխատանքային օրենսգրքի 113-րդ և 122-րդ հոդվածներ, որոնց համաձայն՝ գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը կատարել է այնպիսի արարք, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս։
Iravaban.net-ի հետ զրույցում փաստաբան Մարատ Ատովմյանն անդրադառնալով այս խնդրի իրավական կողմին՝ նշեց, որ եթե տվյալ անձինք դատական կարգով բողոքարկեն, մի քանի նախապայմաններ կան, որով Երևանի քաղաքապետարանը ստիպված կլինի դա ապացուցել, ինչն ամրագրված է Աշխատանքային օրենսգրքում և Վճռաբեկ դատարանի որոշումներով։
«Պետք է ապացուցվի, որ վարորդներն իսկապես իրենց գործողություններով վնաս են պատճառել, որ վնասը պատճառվել է անօրինական գործողությունների հետևանքով, որ առկա է պատճառահետևանքային կապ անօրինական գործունեության և վնասի առաջացման միջև, առկա է խախտողի մեղքը, որ խախտում թույլ տված և տուժած կողմերն իրավունքների խախտման պահին եղել են աշխատանքային հարաբերությունների մեջ, և վնասի առաջացումը կախված է աշխատանքային գործունեության հետ»,-ասաց նա։
Աշխատանքային օրեսնգիրքը նախատեսում է՝ աշխատողներն իրենց աշխատանքային, սոցիալական խնդիրները լուծելու համար կարող են դիմել գործադուլի, ու այս պարագայում ավելի խելամիտ կլիներ ինչ-որ քննարկումներ, բանակցություններ կազմակերպել, բոլոր հարցերը պարզաբանել՝ փորձելով կառուցողական մթնոլորտ ստեղծել խնդրի լուծման համար։
«Ենթադրում եմ՝ գուցե աշխատանքից ազատված վարորդների մի մասը բողոքարկեն դատական կարգով, դա վերածվի դատական պրոցեսի, անհարկի նաև մեր դատական համակարգը դրանով կծանրաբեռնվի»,-ասաց Ատովմյանը։
Նրա խոսքով՝ այս իրավիճակը խոսում է մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի խորը ճգնաժամի մասին։
Քաղաքային իշխանությունները նախաձեռնել են նաև տրասնպորտային ռեֆորմ, ինչը, ըստ փաստաբանի, չի համապատասխանում արդյունավետ կառավարման չափանիշներին․ «Հանրային պատշաճ իրազեկում չի իրականացվում, նույն 100 դրամների, QR կոդերի հետ կապված փոփոխությունը ժամանակավրեպ է, քաղաքային իշխանությունները չէին նախապատրաստել հասարակությանը, չեն ստեղծել համապատասխան մեխանիզմները, որպեսզի արդյունավետ և սահուն կերպով այդ ամենն իրականացվի»։
Մանրամասները՝ տեսանյութում։