Լեռնիկ Վահանյանը ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի Գագարին համայնքում։ Մեծ նպատակները թողնելով ապագային՝ 2020 թվականի հունվարի 20-ին զորակոչվել է բանակ։
Լեռնիկն իրեն փորձել է տարբեր մարտարվեստներում, բայց աչքի առաջն ունենալով հոր՝ Անդրանիկ Վահանյանի օրինակը, ընտրել էր բժշկությունը, ատամնաբույժ պետք է դառնար և հոր հետ աշխատեր։
Տատը՝ Ալվարդ Հովհաննիսյանը Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմում է, որ շատ ուրախ, շփվող թոռ է ունեցել։ Լեռնիկին առաջարկել են քոլեջն ավարտել, ապա զորակոչվել բանակ, բայց հրաժարվել է։
Ծառայել է Ջրականում։ Տատիկն ասում է, որ լավ է ծառայել, իրենք գնացել, տեսել են․ «Սեպտեմբերի 27-ին զանգեց, ասաց, որ կռիվ է սկսվել, իսկ սեպտեմբերի 29-ին վերջին զանգն է եղել, էլ զանգ չունեցանք»։
Մոր հետ խոսելիս Լեռնիկն ասել է, որ շատ դաժան կռիվ է․ «Պատկերացնո՞ւմ եք ինչ դաժան կռիվ է, ընկերս կողքս զոհվել է, չեմ կարողանում տեղափոխվել»։
Ծառայակիցները պատմել են, որ մարտի դաշտում Լեռնիկը կիրառել է իր բժշկական գիտելիքները, վիրավորներին օգնել է, վիրակապել է։ Լեռնիկը զոհվել է 2020 թվականի սեպտեմբերի 30-ին, սակայն մարմինը գտել են մեկ տարի անց։
Մանրամասները՝ տեսանյութում։