Դատարանը Հրայր Թովմասյանին մեղավոր ճանաչեց՝ ազատելով քրեական պատասխանատվությունից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում հրապարակվեց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի գործով վերդիկտը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարանը Թովմասյանին մեղավոր ճանաչեց 2 դրվագով, սակայն ազատեց քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու պատճառաբանությամբ։

Հիշեցնենք՝ պաշտպանական ճառով հանդես գալու առաջին իսկ օրվանից՝ ՍԴ դատավորը պնդեց՝ այս դատավարությունը Հրայր Թովմասյանի մասին չէ, հետևաբար իր պաշտպանական ճառն էլ չի լինելու միայն Հրայր Թովմասյանի մասին։ Նա ասաց՝ դատավարության սկիզբը, ընթացքն ու ավարտը շատ ավելի խորքային են, ու այս դատավարության ավարտից հետո այս հետևանքներն ավելի են խորանալու։

Հրայր Թովմասյանը չի ընդունել 308-րդ հոդվածի 2-րդ մասի՝ իրեն մեղսագրվող արարքը, նա ասաց՝ իր փոխարեն այստեղ կարող էր լինել յուրաքանչյուր ոք, ով 2018-ից 2020 թվականներին կլիներ  ՍԴ նախագահ և կդրսևորեր նույն վարքագիծն, ինչը ինքը՝ այդ տարիներին։

Պաշտպանական ճառի ողջ ընթացքն ուղեկցվում էր նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանի և մեղադրյալ Հրայր Թովմասյանի մանր վեճերով։ 

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 2010-2014 թթ ընթացքում Հրայր Թովմասյանը, լինելով Արդարադատության նախարար խոչընդոտել է նոտարների կողմից Երևանի Բաղրամյան պողոտայի 1 հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին։ Նա նաև հարկադրել է Նոտարական պալատի նախագահին ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել Արդարադատության նախարարության եւ Նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել