Հրայր Թովմասյանի ներկայացուցիչները միջնորդեցին արագացված դատաքննություն կիրառել և մի մասով մերժել հայցապահանջը

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ հունվարի 13-ին, տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի և նրա կնոջ՝ Լամարա Խուդավերդյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի և դրամական միջոցների բռնագանձման գործով նախնական դատական նիստը, այն նախագահում է դատավոր Լիլի Դրմեյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին միջնորդությամբ հանդես եկավ պատասխանող Հրայր Թովմասյանի և նրա կնոջ՝ Լամարա Խուդավերդյանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը։ Այն վերաբերում էր գործի վարույթը մասամբ առանձնանցնելուն և արագացված դատաքննություն կիրառելուն։

Անդրադառնալով միջնորդության հիմքերին և հիմնավորումներին՝ փաստաբանը հայտնեց, որ դատախազության կողմից ներկայացված հայցապահանջի 4-րդ և 5-րդ կետերով պահանջվել է Հրայր Թովմասյանից և Լամարա Խուդավերդյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 221 հազար 675 դրամի չափով գումար, որը 2002-2022 թթ․ ընթացքում չի հիմնավորվել վերջիններիս օրինական եկամուտներով և ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողների կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։ 5-րդ կետով ներկայացվել է 142 միլիոն 250 հազար 200 դրամ գումարի չափով բռնագանձման պահանջ, որը դիտվել է որպես ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխումից ստացված միջոց, ինչպես նաև ապօրինի գույքի օգտագործումից ստացված եկամուտ։

Հղում կատարվեց Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123 հոդվածի 3-րդ մասին, ըստ որի՝ դատարանն իրավունք ունի ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնել առանձին վարույթներում առանձնացնելու միացված պահանջներից մեկը կամ մի քանիսը, նաև նույն օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու և այլ դատավարական գործողություններրի անհրաժեշտության դեպքում դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե հայցն ակնհայտ անհիմն է և եթե դրանում ձևակերպված հայցապահանջը ոչ իրավաչափ է։

«Վարույթի հարուցման և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հիմք, պայման է հանդիսանում անձի գույքային դրությունը, անձի՝ ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույք պատկանելը, և դրա՝ օրենքով սահմանված արժեքը գերազանցելը»,-ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ օբյեկտիվ իրականության մեջ կարող է առաջանալ տարբերակված, խտրական մոտեցում ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույք գեներացրած անձի, վերջինիս պատկանող գույքի նկատմամբ, որն այդ գույքն ամբողջությամբ չի փոխանցել այլ անձանց և շարունակում է տիրապետել որպես սեփականություն։

Պատասխանող կողմի ներկայացուցիչը պնդում է, որ օրենքի կարգավորումների իմաստով տեղի է ունենում անձանց նկատմամբ օրենքի առջև հավասարությունը խախտող և խտրական վերաբերմունք՝ պայմանավորված վերջիններիս վարույթի հարուցման պահին ունեցած գույքային դրությամբ, ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույք ունենալու կամ չունենալու հանգամանքով։

«Հայցադիմումի 4-րդ և 5-րդ կետերով ներկայացվածն ակնհայտորեն ոչ իրավաչափ պահանջ է, ուստի սույն գործով անհրաժեշտ է այդ պահանջն առանձանցնել առանձին վարույթում, արագացված դատաքննություն կիրառել և հայցադիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով մերժել»,-ասաց Հովհաննիսյանը։

Պաստախանող կողմն այս նիստին միջնորդեց 3 անշարժ գույքերի մասով ևս վարույթն առանձնացնել ու արագացված դատաքննություն կիրառել։

3 գույքերն են՝

  • ք․Երևան, Փ. Բուզանդ փողոցի 91 շենքում գտնվող բնակարանը, որը պահանջվում է բռնագանձել ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական արժեքը (153 մլն 682 դրամ):
  • ք․Երևան, Արաբկիր վարչական շրջանի 21-րդ փողոցի 2-րդ շենքում գտնվող բնակարանը, որը ևս պահանջվում է բռնագանձել ամբողջությամբ, անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական արժեքը՝ 45 մլն 222 հազ․ դրամ:
  • Արարատի մարզի Դարակերտ գյուղում գտնվող բնակելի տունը, որը ևս ամբողջությամբ բռնագանձելու պահանջ է ներկայացվել։

Հովհաննիսյանը հայտնեց՝ հայցադիմումի պատճառաբանական մասում նշվել է, որ ուսումնասիրությամբ պարզվել է՝ օրենքի ուժով որպես ապօրինի գույք դիտվել է նշված 3 անշարժ գույքերից առաջինի մասով 99 %-ը, 2-րդի՝ 73 %-ը, 3-րդի՝ 41 %-ը։

Ըստ պատասխանող կողմի՝ այս գույքերի այն մասերը, որոնք դիտվել են օրինական (առաջին բնակարանի 1 %-ի բռնագանձումը, 2-րդ բնակարանի 27 %-ի, 3-րդ տան՝ 59 %-ի բռնագանձումը), այդ մասերով պահանջներն առանձնացվեն և որպես արագացված դատաքննություն, այս մասերով պահանջները ևս մերժվեն։

Դատախազ Գևորգ Քոչարյանն իր խոսքում անդրադարձավ հետևյալ հարցին, ընդգծեց, որ Սահմանադրությամբ խտրականության արգելքը վերաբերում է այլ բանի, քան ներկայացվել է պատասխանող կողմի միջնորդության մեջ․ «Սահմանադրության 20-րդ հոդվածում գույքային վիճակ ասելով ես չեմ ընկալում, որ սահմանադիրն անձի՝ ապօրինի գնահատված գույքերի ծավալն է նկատի ունեցել, գույքային վիճակից ելնելով խտրականությունը ես, ամեն դեպքում, հասկանում եմ, որ անձի սոցիալական վիճակով է պայմանավորված, և ոչ թե այն, որ մի անձը բնակարան ունի, մյուսը վաճառել է, ուրեմն նրանք գույքային տարբեր դրության մեջ են գտնվում

Քոչարյանը հղում կատարեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին՝ նշելով, որ ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման՝ անկախ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կամ առաջ ձեռք բերված լինելու հանգամանքից։

«Օրենքը միանշանակ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին է, նրա նպատակը բացառապես ապօրինի գույքի բռնագանձումն է, ու այլ նպատակ այս օրենքը չի կարող ունենալ, թե ինչ եղանակներով պետք է հասնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, սա արդեն այլ հարց է։ Մոտեցման հիմքում դրվել է այն, որ ներկայացվում է գույքի բռնագանձման պահանջ ամբողջ ծավալով, որովհետև եթե անշարժ գույքի մասին է խոսքը, դա 1 միավոր գույք է, չկա  առանձնացված բաժին, որ պահանջ ներկայացվի հենց դրա բռնագանձման, քանի որ գույքը 1 միավոր է, որը չի հիմնավորվում օրինական եմակուտներով և օրենքի իմաստով համարվում է ապօրինի»,-ասաց նա։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ միջնորդության քննարկումն ավարտվեց, նախագահող դատավորը կողմերին հայտնեց՝ եթե միջնորդությունը մերժվի, հաջորդ նիստին դատական ակտը կկայացվի արձանագրային որոշման ձևով, իսկ այն բավարարելու դեպքում որոշումը կհրապարակվի առանձին դատական ակտի տեսքով։

Նշանակվեց ևս մեկ նախնական դատական նիստ, որը տեղի կունենա փետրվարի 12-ին։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել