Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 3 ամսով

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ սեպտեմբերի 10-ին, շարունակվեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատաքննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Վահե Դոլմազյանը։

Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։

Ըստ մեղադրանքի՝ դատավորն ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել և չարաշահել պաշտոնեական լիազորությունները։ Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, փոխել է վերջինիս խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատել կալանքից։ Սերգեյ Գրիգորյանն Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է։

Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս դատական նիստին քննարկվեց դատախազ Արմեն Գևորգյանի գրավոր միջնորդությունը՝ Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։ Դատախազը միջնորդել է այն երկարաձգել ևս 3 ամսով՝ մինչև դեկտեմբերի 13-ը ներառյալ։

Միջնորդության գրավոր տարբերակները փոխանցվեցին պաշտպանության կողմին։ Դատավոր Վահե Դոլմազյանը ընթերցեց մեղադրողի ներկայացրած միջնորդությունը։

Ըստ այդ միջնորդության՝ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու իրավաչափ անհրաժեշտություն է առաջացել մի շարք հանգամանքների նկատառումներով։

Դատախազի պնդմամբ՝ պետք է հաշվի առնել վկաների վրա մեղադրյալի հնարավոր ազդեցության խնդիրը, նաև այն, որ պաշտպանության կողմից հնարավոր է առաջանա լրացուցիչ վկաների կամ արդեն իսկ հարցաքննված վկաներին հարցաքննելու անհրաժեշտություն։ Միջնորդության մեջ դատախազն ընդգծել է նաև, որ դեռևս հետազոտված չեն քրեական գործում քննչական ենթակայության հարցի վիճարկման տեսանկյունից էական նշանակություն ունեցող զննության արձանագրությունները։

Դատախազը փաստում է՝ մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի կողմից նշված գործողությունների կատարման մասին ողջամիտ ենթադրությունները հիմնված են այնպիսի փաստական տվյալների համալիր վերլուծության վրա, որոնք իրավական ընթացակարգի շրջանակներում ստացվել և կցվել են քրեական գործին։

Միջնորդության փաստական հանգամանքներին անդրադառնալով՝ դատախազը նշել է, որ Արուսյակ Ալեքսանյանը այնպիսի գործողություններ է կատարել, որոնք ուղղված են եղել եղբոր ընկերոջ և իր մտերիմ Էրիկ Ալեքսանյանի պաշտպան Սերգեյ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունն իրեն մակագրելու, ապա այն բավարարելու ուղղությամբ։

Արմեն Գևորգյանն իր միջնորդությամբ նշել է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով հիմնավորվել է, որ Արուսյակ Ալեքսանյանը քողարկել է իր գործողությունները, 2022 թվականի սեպտեմբերի 13-ին իր աշխատասենյակում փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հետ ունեցած զրույցի ընթացքում համակարգչով միացրել է բարձր երաժշտություն՝ փորձելով գաղտնագրել իրենց խոսակցության բովանդակությունը։ Փորձաքննության միջոցով խոսակցությունը ևս հետազոտվել է, որի ընթացքում քննարկվել է Սերգեյ Գրիգորյանին կալանքից ազատելու հնարավոր ուղղությունները։

Մեղադրյալ Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը միջնորդության բովանդակության վերաբերյալ նշեց, որ հանրային մեղադրողը միջնորդության հիմքում դրել է սեփական դատողությունները․ «Իր հիմնավորումներում հանրային մեղադրողը ամեն ինչը դնում է գուշակության վրա, որ հնարավոր է, հնարավոր է, թե ի՞նչն է հնարավոր, ոչ ոք չգիտի, և լղոզված է, կոնկրետացված չէ։ Ամեն ինչ էլ հնարավոր է, հնարավորի տարբերակով Արուսյակ Ալեքսանյանին շարունակական  տնային կալանքի տակ պահելը, կարծում եմ, արդարացված չէ»։

Լրացուցիչ վկաների հարցաքննության վերաբերյալ պաշտպանն ասաց․ «Ո՞ւմ պետք է բերենք, հարցաքննենք քննչական ենթակայության հետ կապված, եթե գլխավոր դատախազին պետք ա բերենք, հարցաքննենք, դա ուրիշ խնդիր ա»։

Անօրինական ազդեցություն ունենալու, նոր հանցավոր արարք կատարելու վերաբերյալ դատախազի դիրքորոշման մասին պաշտպան Սարգսյանն ասաց, որ դրա մասին բերված փաստարկները ևս հիմնավոր չեն։ Պաշտպանի խոսքով՝ անօրինական ազդեցության հանգամանքն այլևս քննարկման հարց չպետք է դառնա հատկապես այն պայմաններում, որ Գագիկ Պողոսյանը հարցաքննվել է, մյուս մեղադրյալները ցուցմունք են տվել, և որակական ու քանակական առումներով իրավաչափության պայմանները վերացել են։

Արուսյակ Ալեքսանյանի կողմից իր և Էրիկ Ալեքսանյանի խոսակցությունը գաղտնագրելու վերաբերյալ պաշտպանն ասաց․ «Եթե ուզում է ասել, թե Արուսյակ Ալեքսանյանը էնքան շուստրի ա, որ կարողանում ա հասկանալ, որ իր նկատմամբ ներքին դիտում ա իրականցվում, սա ուրիշ խնդիր ա, էդ դեպքում թող ասի, մենք էլ հասկանանք»։

Պաշտպանը նաև դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ սեպտեմբերի 9-ից սկսվել են Արուսյակ Ալեքսանյանի դասերը Փաստաբանական ակադեմիայում, և տնային կալանքը ևս խոչընդոտներ է առաջանում դասերին բնականոն հունով մասնակցելու համար։

Ամփոփելով իր խոսքը՝ Հովսեփ Սարգսյանը հայտնեց, որ ներկայացված միջնորդությունը իրական և փաստական առումներով հիմնավոր չէ, խնդրեց, որպեսզի դատարանը մեղադրյալի նկատմամբ կիրառի այլընտրանքային խափանման միջոց գրավը, և որպես գրավ ընդունի Արուսյակ Ալեքսանյանի մոր անվամբ գրանցված սեփականություն հանդիսացող 55 միլիոն արժողությամբ անշարժ գույքը։

Միջնորդության վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնեց մեղադրյալ Էրիկ Ալեքսանյանը։

«Դատախազը որպես նմանատիպ միջնորդություն ներկայացնելու ելակետ է ընդունում նախկինում մեր կողմից ներկայացված նմանատիպ միջնորդությունների հանգամանքը, այսինքն՝ վկայակոչում է ենթադրություն խափանման միջոցի իրավաչափության վերաբերյալ՝ չներկայացնելով այդ միջնորդության ելակետը, այն դեպքում, երբ հենց դա պետք է վկայակոչի։ Այստեղ, կարծես, պարոն դատախազը փորձել է նմանություն գտնել այս երկու հանգամանքների մեջ, բայց դրանք տարբեր են»,-նշեց նա։

Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ տեղի է ունեցել իրադրության փոփոխություն, քանի որ Գագիկ Պողոսյանը հարցաքննվել է, մեղադրյալները հարցաքննության փուլն անցել են։ Նրա խոսքով՝ չի կարող անձի ազատությունը շարունակ սահմանափակվել, ու դա պայմանավորել դատավարության մասնակիցների՝ հետագայում դրսևորովող վարքագծի հանգամանքով։

Քննելով ներկայացված միջնորդությունը, լսելով պաշտպանության կողմի դիրքորոշումները, դատարանը որոշեց այն բավարարել, Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված որպես այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգել ևս 3 ամսով։

Հաջորդ դատական նիստը՝ սեպտեմբերի 18-ին։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել