ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկություն չունի՝ հայ-ադրբեջանական բանակցություններում շոշափվո՞ւմ է արդյոք օկուպացված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ ադրբեջանական բանտում գտնվելու և այնտեղ խոշտանգումների ենթարկվելու հարցը։
«Ես չեմ տեսել՝ հայ-ադրբեջանական շփումների ժամանակ բարձրացվո՞ւմ է ՌԴ քաղաքացի չհանդիսացող Ռուբեն Վարդանյանի՝ ադրբեջանական բանտում գտնվելու հարցը։ Եթե տեղեկատվություն տրամադրեք, ինձ համար նույնպես հետաքրքիր և օգտակար կլինի իմանալ այդ մասին», – ճեպազրույցի ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան ասել է Զախարովան։ Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, դա արել է բացահայտ, ուստի նման հարց պետք է ուղղել Բաքվին և Երևանին։
2023 թվականի սեպտեմբերից Վարդանյանն ապօրինաբար կալանքի տակ է գտնվում Բաքվի բանտում։ Այս տարվա ապրիլին նա հացադուլ էր հայտարարել։ Օրերս Վարդանյանի ընտանիքը հայտարարել էր, որ նա խոշտանգումների է ենթարկվել պատժախցում և այդ կապակցությամբ հրատապ դիմում է ուղարկել ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին։
Ռուսաստանցի միլիարդատեր, ներդրող և բարերար Ռուբեն Վարդանյանը 2021 թվականի հունիսին հայտարարել էր, որ ստացել է Հայաստանի քաղաքացիություն և մտադիր է զբաղվել հասարակական գործունեությամբ։ 2022 թվականի սեպտեմբերին նա հայտարարել էր Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու մասին (այդ խնդրանքը բավարարել էր ՌԴ նախագահը նույն թվականի դեկտեմբերին) և մշտական բնակության է տեղափոխվել Արցախ։ Նոյեմբերի սկզբին նա դարձել էր Արցախի Հանրապետության պետնախարար՝ թողնելով այդ պաշտոնը 3,5 ամիս անց (2023 թվականի փետրվարին)։