Ի սկզբանէ էր բանն և բանն էր առ Աստուած և Աստուած էր բանն։
Խոսքի ուժի, անեծքի և նզովքի, ատելության խոսույթի լայն տարածման և կիրառման, մանթրայի, յոգայի և այլ հարցերի մասին «Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Iravaban.net-ը զրուցել է Ապարանի շրջանի հովվության հոգևոր հովիվ Տեր Մուշե քահանա Վահանյանի հետ։
-Մենք մեր կյանքի ընթացքում հազարավոր բառեր ենք օգտագործում, այդ թվում՝ հայհոյանք, վիրավորանք, ի՞նչ ազդեցություն են ունենում դրանք մեր կյանքի որակի վրա։
-Ասեմ, որ խոսքն ինքը ուժ ունի։ Ինչո՞ւ, որովհետև խոսքը որպես բան, մեզ Աստված է տվել։ Արարչագործության ժամանակ, երբ որ արարում էր մարդուն, Աստված խոսելու շնորհ տվեց մեզ, իրենից վերցրեց և տվեց մարդուն։ Ու երբ մենք Աստծո շնորհներն արատավորում ենք, մեր կյանքում այնպիսի փոփոխություններ են կատարվում, որ մենք ավելի ենք չարանում, որովհետև այն գործերը, որ մեզ համար պետք է ծառայեին որպես օրհնություն, արդեն մեզ համար դառնում են դատապարտություն։ Մենք կորցրել ենք խոսքի իմաստը, որակը։
Աստվածաշնչում այսպիսի մի խոսք կա․ «Դու անիրավ մարդ, տնանկին մի կողոպտիր, որովհետև նա լացով կանիծի և ես կլսեմ և կպատասխանեմ»։ Այսինքն անկեղծ բողոքը երբ մարդը ներկայացնում է իր ցավից ելած, այդ խոսքը Աստված լսում և կատարում է։ Մեր, եկեղեցականներիս խոսքը, որ մարդիկ վերագրում են անեծքի, դա անեծք չէ, դա նզովք է, իսկ նզովքը բարկության դատավճիռն է։ Մենք երբեմն ասում ենք՝ Աստված բարկացավ, բայց դա այդպես չէ, Աստված չի բարկանում։ Այն բարկությունը, որ ունի եկեղեցին, դա այն բարկությունը չէ, որ մարդիկ այսօր հասկանում են։ Այն բարկությունը, որն ուղղված է սատանայի դեմ, այդ բարկությունը մեղք չէ։ Մենք՝ եկեղեցականներս շա՜տ հազվադեպ ենք նզովքներ դնում և նզովքները դրվում են այն ժամանակ, երբ արդեն աստվածային բոլոր սահմաններն անցել են և ուղիղ գնում են դեպի չարը, իսկ դա վերադառնում է ժողովրդին, որը կործանման կարող է բերել։
-Խնդրում եմ՝ բացատրեք «Ի սկզբանէ էր բանը» արտահայտությունը, որը մարդիկ հաճախ սխալ են հասկանում և կիրառում։
-«Ի սկզբանէ էր բանն և բանն էր առ Աստուած և Աստուած էր բանն»։ Այս խոսքը Աստվածաշնչից է։ Հենց դա եմ ասում, որ խոսքը հենց ինքը Աստված է, որովհետև բանը դա խոսքն է, խոսքը դա logos-ն է, որը Աստված է։ Երբ մարդիկ խոսքի իմաստը կորցնում են, խոսքի արժեքը կորցնում են ընկնում են ամբողջությամբ չարի գիրկը։ Եթե բարի խոսքերով մթնոլորտը խաղաղվում է և մարդիկ հանգստանում են, ապա վատ խոսքերով, հայհոյանքներով մթնոլորտը պղտորում են և տիրում է քաոս։ Սա խոսքի ուժն է։
-Ինչո՞ւ Աստծո արարածներից միայն մարդուն խոսելու շնորհ տրվեց։
-Որովհետև Աստված միայն մարդուն ստեղծելուց ասաց՝ իմ պատկերով ու նմանությամբ ստեղծեմ։ Միայն մարդուն ստեղծելու համար հատուկ օր նշանակեց։ Եթե ուշադիր լինենք, կտեսնենք՝ ամեն բան խոսքով եղավ։ Աստված ասաց՝ թող լույս լինի և եղավ, ասաց՝ ցամաք լինի, ցամաք եղավ․․․ամեն բան խոսքով։ 6-րդ օրն Աստված ասում է՝ ինչպե՞ս ստեղծենք մարդուն և հոգնակի է խոսում՝ մեր պատկերով ու նմանությամբ։ Սուրբ երրորդությունը խորհրդի նստեց, որովհետև մի բան պետք է աներ, որ ամենաթանկն էր այդ արարչագործության մեջ։ Մարդը համարվում է արարչագործության թագը։
-Արդյոք ճիշտ է այն պնդումը, որ մարդն այն է՝ ինչ խոսում է, ինչի մասին մտածում է։
-Այո, իհարկե։ Աստվածաշունչն ասում է՝ մարդն իր սրտի լրիվությունից է խոսում, ավելցուկից է խոսում, ինչ-որ ամբարել է իր մեջ, այն էլ պետք է խոսի։
-Հատկապես վերջին շրջանում վիրավորանքի և զրպարտության գերդոզավորում կա, այդ թվում՝ հանրային պաշտոն զբաղեցնող և հասարակության մեջ ազդեցություն ունեցող անձանց կողմից, ինչի՞ կարող է բերել անհանդուրժողականության այս մթնոլորտը։
-Վատ բաների։ Երկիրը քանդվում և կործանվում է գլխից, բայց չգիտես՝ ինչո՞ւ պատճառներն ամենցածրերում են փնտրում և պատասխանատվության ենթարկում ամենացածր օղակի մարդկանց, որոնք ոչ մի բան չէին կարող անել։ Ու երբ որ, որպես քրիստոնյա երկիր կատարվում են նման բաներ, դա ոչ թե հարիր չէ, այլ Աստծո համար էլ անհասկանալի է։ Հիսուսն ասաց՝ ամեն մարդ պետք է պատասխան տա, իր բերանից դուրս եկած ամեն խոսքի համար։ Ուրեմն, եթե խոսքն ուժ ունի, խոսքը կարող է և՛ Աստծո հրեշտակ, և՛ մահվան հրեշտակ իջեցնել երկրի վրա։ Ու չար խոսքը մահ է բերում, իսկ մենք գոնե վերջին ժամանակներում տեսանք, թե ինչքան բաներ արվեցին, որ մահվան հրեշտակներ բերեցին մեր երկրի վրա։
-Արևելյան ուսմունքում կա մանթրա հասկացությունը, ինչը վերջին շրջանում նաև նկատելիորեն կիրառվում է մեր հասարակության մեջ։ Որքանո՞վ է ընդունելի, որ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդը հավատա նման երևույթներն։
-Մանթրան հին հնդկական ուսմունք է, բայց հետաքրքիր բացատրություն ունի։ «Ման»-ը բացատրվում է որպես խելք, իսկ «թրա»-ն՝ ազատություն։ Բոլոր կրոնները ունեն ազատության գաղափար, բոլոր կրոններն ունեն իմաստության գաղափարը, բայց քրիստոնեության մեջ խելքի գաղափարը գերագույն գաղափարն է, ազատության գաղափարը՝ նմանը չունի։ Երկուսն էլ աստվածային են։ Աստված է տվել։ Միայն Աստված է, որ երկնքից է քարոզվում։ Միակ ճշմարիտ Աստված Հիսուս Քրիստոսն է, մնացած բոլորը կուռքեր են։ Ու, եթե մարդը կարող է իրեն նվիրել այս տեսակ ուսմունքների, ուրեմն ամբողջությամբ հեռացել է Աստծուց։ Յոգան էլ, դու պաշտամունք ես մատուցում այլ կրոնների, այլ ուսումնքենրի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Սարգսյան