«Պարո՛ն դատախազ, ՀՀ-ն քանի՞ հերոս ունի, գիտե՞ք»․ Անդրանիկ Փիլոյանի գործով հարցաքննվեցին 2 ամբաստանյալները

Հակակոռոպցիոն քրեական դատարանում այսօր՝ ապրիլի 12-ին, շարունակվեց Հայաստանի ազգային հերոս, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի և ևս 12 ամբաստանյալների գործով դատական նիստը, որը նախագահում էր դատավոր Տիգրան Դավթյանը։

Նշենք, որ բացի Անդրանիկ Փիլոյանից մեղադրանք է առաջադրվել նաև Աշոտ Հակոբյանին, Վիգեն Մկրտչյանին, Հրաչյա Երեմյանին, Միհրդատ Մաթևոսյանին, Արթուր Օհանյանին, Արա Յաղջյանին, Գոռ Համբարձումյանին, Արտակ Բեյբությանին, Թաթուլ Գևորգյանին, Տիգրան Գասպարյանին, Գագիկ Պողոսյանին և Վիգեն Գրիգորյանին։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս գործով դատական նիստին հարցաքննվեց Արա Յաղջյանը։ Նրա պաշտպանն հարցրեց, թե ինչ գործունեությամբ է զբաղվում «ՍՕՍ սիսթեմս» ընկերությունը, ինչ փոխհարաբերություններ են եղել ԱԻՆ-ի հետ։

Տիգրան Դավթյան

Արա Յաղջյանը պատասխանեց․ «Լինելով մի քանի ընկերությունների հիմնադիր, որոնք արդեն հաջողել էին ՏՀՏ ոլորտում, որոշեցի հիմնադրել ընկերություն, որը գործունեություն կծավալի անվտանգության համակարգային ներդրման և սպասարկման ոլորտում։ Գնացինք ԱԻՆ, եթե չեմ սխալվում, 2011 թվականն էր։ Հարկ եմ համարում հնչեցնել, որ այդ ժամանակ ԱԻՆ-ը նոր էր ստեղծվել և դեռևս չուներ որևէ ՏՏ կամ ՏՀՏ ենթակառուցվածք։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, նախարարության բյուջեով չէր նախատեսվում մեր առաջարկի իրագործման համար որևէ միջոց, և մեր նորաստեղծ ընկերությունը առաջարկեց սեփական միջոցներով ներդնել այդ հարթակը և հետագա տեխնիկական սպասարկումը անել մեր միջոցներով»։

Ըստ մեղադրանքի՝ նախարարության հետ համագործակցող «ՍՕՍ Սիսթեմս» ՍՊ ընկերության օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու և ծառայության գծով հովանավորչության, այն է՝ հիշյալ ընկերության տնօրենի կողմից նախարարության հարևանությամբ բազմաբնակարան շենք կառուցելու համար անհրաժեշտ թույլտվություններ ձեռք բերելու հարցում համապատասխան պաշտոնատար անձանց բարեխոսելու, ինչպես նաև նույնպիսի ծառայություններ մատուցող այլ տնտեսվարողի համար խոչընդոտներ ստեղծելու համար ԱԻ նախարար Ա. Փիլոյանը իր խորհրդական Աշոտ Հակոբյանի օժանդակությամբ 2022 թ.-ին ստացել է խոշոր չափերով` 1․000․000 դրամ կաշառք: Նշված գումարը խուզարկության արդյունքում հայտնաբերվել է Հակոբյանի չհրկիզվող պահարանում։

Յաղջյանի խոսքով՝ ընկերությունն ուներ պայմանավորվածություն ԱԻՆ-ի հետ օբյեկտներում հակահրդեհային ծառայության մատուցումից ստացված հասույթի 20%-ն ուղղել «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամին։

Պաշտպանի հաջորդ հարցը հետևյալն էր՝ 2022 թվականի փետրվարի 2-ին ԱԻՆ նախարարի աշխատասենյակում նախարարի օգնական Աշոտ Հակոբյանի և նախարարի միջև տեղի է ունեցել հետևյալ խոսակցությունը․ ««ՍՕՍ»-ի տղաներին բերեցի, դվիժոկը նայեցին, որ գները ճշտեն, որ ֆուռ սարքեն, ստեղ երկաթ կա, որ 350-400 եվրո ա, որ երեք շաբաթ հետո կարա բերի, ես կանչել եմ ստեղի մասնագետներին, ասի բերեք տղերքին, եկան չափը վերցրին, բայց մեր գարանտյայով կնստի 1 միլիոն 800 հազար դրամ»։

Պաշտպանը հետաքրքրվեց՝ ինչի մասին է խոսքը։ Յաղջյանն ասաց, որ 2021 թվականի դեկտեմբերի վերջին իրեն զանգել է Հակոբյանը և ասել, որ նշանակված է հանդիպում ԱԻՆ նախարարի հետ։ Հանդիպման նպատակն այն էր, որ նախարարը ցանկացել է շնորհակալագիր հանձել իրեն՝ կատարված աշխատանքի համար, իսկ ինքն էլ ցանկացել է շնորհավորել նախարարության աշխատակազմի Նոր տարին, բայց այդ հանդիպումը չեղարկվել էր։

«Հետո տեղեկացա, որ երկու օր առաջվա հանդիպումը հետաձգվել էր ԱԻՆ շենքի գրեթե ամբողջ տարածքով հոսանքազրկման պատճառով։ Հարցրեցի՝ ինչո՞ւ չեն միացրել գեներատորները, և տեղեկացա, որ երկու գեներատորներն էլ, որոնցից մեկը ժամանակին հենց մեր ընկերության ջանքերով էր ձեռք բերվել, չի աշխատել։ Ես միանգամից աջակցեցի նախարարությանը»,-ասաց Յաղջյանը։

Նա նշեց, որ մասնագետները գնացել, նայել են գեներատորի խնդիրները, գնահատել էին և ասել՝ կարժենա մոտավորապես չորս-հինգ միլիոն դրամ, գործընթացը կտևի մոտ 3 ամիս։ Պատասխանել էր, որ քանի որ խոսք է տվել, կհոգա այդ ծախսերը, բայց վճարումը կկատարվի մաս-մաս։

Հիշատակվող աշխատակիցները ոչ թե «ՍՕՍ սիսթեմս» ընկերության տղաներն էին, այլ հենց այդ «ՍՕՍ սիսթեմս»-ի գործընկեր ընկերության կողմից ուղարկված։

Պաշտպանի խնդրեց ներկայացնել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի միջոցով քաղաքապետին այս թույլտվության հետ կապված ԱԻՆ-ի համաձայնությունը փոխանցելու վերաբերյալ հանգամանքները։ Պատասխանեց, որ նախարարության հարևանությամբ գտնվող հողատարածքը գնել է տարիներ առաջ մասնավոր անձից, ով որևէ կապ չունի ԱԻՆ-ի հետ, ցանկացել է նոր ներդրումային ծրագիր կատարել և բազմաբնակարանային շինություն կառուցել։

Նա ընդգծեց․ «Այս ծրագրի քննարկումները եղել են այդ գործում շարադրված իրադարձություններից մոտ 1 տարի առաջ՝ օրենքով սահմանված փուլերի, ժամկետների համապատասխան։ Աշոտ Հակոբյանի հետ հեռախոսային զրույցներից մեկի ժամանակ խնդրեցի նրան, որ այս ծրագրի մասին տեղյակ պահի նոր քաղաքապետին՝ Դավթաշենի վարչական շրջանի ղեկավարի միջոցով, ինչին ի պատասխան պարոն Հակոբյանը հայտնեց՝ իրենք որևէ կապ չունեն վարչական շրջանի ղեկավարի հետ, այսինքն՝ մերժում է իմ խնդրանքը»։

Յաղջյանը նաև նշեց, որ բոլոր խոսակցությունները եղել են մինչև Անդրանիկ Փիլոյանի նշանակվելը։ ԱԻՆ-ում և ՏՄՊՊՀ-ում կայացած մոտ 5 հանդիպում-քննարկումներից մի քանիսին ինքը մասնակցել է։ Դատախազ Կորյուն Սերոբյանը հարցրեց, թե երբևէ ինչ-որ բան փոխանցե՞լ է Աշոտ Հակոբյանին կամ ստացե՞լ է նրանից որևէ առարկա։

Յաղջյանն ասաց, որ երբևիցե ստանալու խնդիր չի եղել, յուրաքանչյուր տարի տարբեր նվերներ՝ խմիչք, կոնյակ, տարել են, շնորհավորել են Նոր տարին, և նվերների մեծ մասն ինքը չի տվել։

Աշոտ Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ տվել է Հակոբյանին հեռախոս կամ լիցքավորման սարք, ինչը կրկին պայմանավորված է եղել Նոր տարվա շնորհավորանքի կապակցությամբ․ ընկերությունը նման նվերներ է ուղարկել է նաև այլ վայրեր։

Դատախազը հարցրեց․

– Անդրանիկ Փիլոյանը, երբ ԱԻՆ նախարար էր հանդիսանում, իր վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեիք, դրակա՞ն, թե՞ բացասական։

– Պարո՛ն դատախազ, ՀՀ-ն քանի՞ հերոս ունի, գիտե՞ք։

– Ես գիտեմ, Դուք ինձ չեք կարող հարցնել, ես եմ հարցնում։

– Ես շփվել եմ այդ ժամանակ հերոս մարդու հետ, հիմա էլ շփվում եմ։ Ինչպիսին կարող է լինել կարծիքը ՀՀ հերոսի հանդեպ։ Միանշանակ դրական է եղել և միշտ էլ, իմ կարծիքով, դրական կմնա։ Ավելի դրական է եղել, քան մյուս նախարարների հանդեպ, որ ես շփվել եմ։

Հարցին, թե ինչ են խոսել Անդրանիկ Փիլոյանի աշխատասենյակում, պատասխանեց, որ իրեն շնորհակալություն է հայտնել, նաև խոսել են հոսանքի խնդրի հետ կապված, ու այդ խոսակցությունն ընդամենը տևել է 10 րոպե։ Գեներատորների հարցն այդ խոսակցությունից էր ծագել։ Դատավորը հարցրեց՝ իր կամքը բացառապես եղել է գեներատորների վերանորոգմանը,  թե ոչ։

Յաղջյանը պատասխանեց՝ առաջնայինը, այո, դա է եղել։

Հարցաքննությունից հետո քննարկվեց նաև Վիգեն Մկրտչյանի խափանման միջոցի փոփոխման հարցը։ Մկրտչյանն ասաց, որ հաճախակի է հիվանդանոց գնում՝ առողջական տարբեր խնդիրներ ունենալու պատճառով։

Դատարանը, լսելով կողմերի դիրքորոշումները, որոշեց այլընտրանքային խափանման միջոցներից տնային կալանքը փոխարինել վարչական հսկողությամբ՝ պահպանելով մյուս խափանման միջոցները։

Հաջորդիվ հարցաքննվեց Աշոտ Հակոբյանը։ Նա նշեց, որ 2020 թվականի դեկտեմբերի 25-ից ընդունվել է ԱԻՆ՝ որպես նախարարի խորհրդական։ Հաշվի առնելով նախարարի անձնական հարաբերությունները՝ օգնել է նախարարի որդուն հիփոթեքով ձեռք բերված բնակարանի վերանորոգման աշխատանքներին։ Ջեռուցման համակարգ տեղադրելու համար դիմել է մասնագետի, նա ասել, որ իր նախընտրած համակարգը, որը կապահովի բնակարանի ջեռուցումը, 700 հազարից ավելի է։ Նախարարն ասել է, որ այդ գումարը փոխանցվել է Հրաչ Երեմյանին։ Հակոբյանին հայտնել է, որ համակարգը իտալական արտադրանքի է, որը գտնվում է ավտոտնակում։

Համապատասխան մասնագետի հետ նա գնացել է տեսնելու ջեռուցման համակարգը, մասնագետը ասել է, որ այն չինական է։ Բնականաբար, Երեմյանը պնդել է, որ իտալական է․ «Ցանկանում եմ պարզաբանել, որ իմ կողմից տարբեր խոսակցությունների ընթացքում հնչել են տարբեր թվեր, օրինակ՝ 1 միլիոն դրամ, 1600 դոլար, 2000 դոլար, որոնք եղել են մասնավոր խոսակցություններ։ Չեմ կարող հստակ պնդել, թե որքան գումար է նախարարը տվել Երեմյանին։ Կաշառքի մասին ես տեղեկություն չունեմ, չի եղել»։

Ըստ մեղադրանքի՝ Երեմյանը «Իդեալ» համակարգի խանութ-սրահներից մեկից շուրջ 644 հազար դրամ արժողությամբ Baxi կաթսա է ձեռք բերել և դրա գործարկման համար անհրաժեշտ դետալներ։ Միայն կաթսան, արժեքը զեղչված, կազմել է շուրջ 341 հազար։ Երեմյանն այս ամենը պահել է իր ավտոտնակում՝ հետագայում Փիլոյանին փոխանցելու համար։

Որոշ ժամանակ հետո Փիլոյանի խորհրդական Աշոտ Հակոբյանը ձեռնամուխ է եղել ջեռուցման կաթսան Անդրանիկ Փիլոյոնի որդու և դստեր անվամբ ձեռք բերված բնակարան տեղափոխելու և տեղադրելու գործընթացն իրականացնելուն։ Ընթացքում Հակոբյանը պարզել է, որ Հրաչյա Երեմյանն ուռճացրել է կաթսայի գինը ու դրա մասին հայտնել է Փիլոյոնին, ինչն էլ առաջացրել է վերջինիս զայրույթը։

Այնուհետև նախարարը Հրաչյա Երեմյանին կանչել է իր մոտ, նախատել է, հետո պահանջել, որ վերջինս լքի իր աշխատասենյակը։ Այս ամենից հետո Երեմյանը Փիլոյանի որդու և դստեր տուն է տեղափոխել Baxi կաթսան, պակասող գումարը Աշոտ Հակոբյանը վերցրել է Երեմյանից և տարբեր եղանակներով փոխանցել Փիլոյանին։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Աշոտ Հակոբյանն օգտվեց լռելու իր իրավունքից, հրաժարվեց կողմերի հարցերին պատասխանելուց։

Դատավորը նշեց, որ հաջորդ դատական նիստին կհարցաքննվի Հրաչյա Երեմյանը։

Հաջորդ դատական նիստը՝ ապրիլի 19-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել