Նալբանդյան Հասմիկը բռնի տեղահանվել է օկուպացված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղից։ Այս մասին նա պատմել է «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում։
«Առաջին անգամ բռնի տեղահանվել ենք Քարվաճառից 2020թ․-ին։ Հետո հետ ենք վերդարձել Արցախ, բնակություն հաստատել Մարտակերտի Քոլատակ գյուղում։ Ամուսնուս որպես ծառայող տուն են հատկացրել, էնտեղ էինք ապրում։ Արդեն 2023 թ․-ի հունվարի 1-ին, երբ ամուսինս մահացավ վթարից, մենք տեղափոխվեցինք Ստեփանակերտ, վարձով էինք մնում․ երեխաս ուսանող էր, գնացել էի հետը, որ միասին ապրենք։ Պատերազմը երբ սկսվեց, գործի էինք։ Կեսօրվա ժամ էր, էկել էինք տուն, որ ընդմիջում անեինք, տղես դեռ քոլեջում էր, տուն չէր եկել։ Կրակոցները, որ սկսվեցին, մենք չէինք պատկերացնում՝ ինչ ա կատարվում»,- պատմել է Հասմիկը։
Նրա խոսքով՝ չգիտեր՝ ինչ աներ, տղան քոլեջում էր։ Բոլորը խուճապահար էին, որովհետև դրա միջով արդեն անցել էին, պատկերացնում էին՝ ինչ է լինելու։
«Գիտեինք՝ ինչ է պատերազմը։ Հարազատներին էինք զանգում։ Բոլոր ծնողներն անհանգիստ էին։ Անվտանգ տեղ չկար․ մենք չգիտեինք՝ որտեղից են խփում։ Մեզ ասում էին՝ մի՛ անհանգստացեք, բոլոր տեղերում ապաստարաններ կան, բոլորն ապաստարաններում են։ Անորոշ նստած էինք, ոչ մի հարազատից լուր չունեինք, մենակ գիտեինք, որ պատերազմ է սկսվել։ Մեկը՝ որդու, մյուսը ամուսնու համար էր անհանգիստ»,- ասել է Հասմիկը։
Պատմում է, որ ամբողջ գիշեր կրակոցների տակ են անցկացրել, չի կարողանում մոռանալ։ «Մենք դեռ ոչ մի բան չենք տեսել, մեզ համար ահավոր էր, բայց էդ կրակոցների ձայնից մենք գիտեինք, թե ինչքան զինվորների կյանքեր են խորտակվում, ինչքան ջահելներ իրանց կյանքն են զոհում հանուն, դարձավ, ոչնչի»,- ասել է նա։
Iravaban.net–ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Հասմիկ Սարգսյան