Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում կպատմենք մեր օրերի ֆիդային Աբրահամ Մարուխյանի մասին։
«Ինքն ինձ համար մի աշխարհ էր, ես, որ իրեն կորցրեցի, ինձ թվաց՝ աշխարհը փուլ եկավ»,-պատմում է հայրը՝ Արցախի ազատագրման մարտիկ, կամավորական Տիգրան Մարուխյանը, ում հետքերով էլ գնացել է Աբրահամը։
Մայրը՝ Մարիամ Շիրինյանը հիշում է, որ որդին քնել է միայն «Արի իմ սոխակ» երգի ներքո․ «Ամուսինս երբեմն ասում էր՝ շատ մի այդ երգի տակ քնեցրու, բայց ուրիշ երգի տակ չէր քնում»։
Ֆիդայիների մասին պատմություններն Աբրահամը լսել է հորից։
Մարուխյանների գերդաստանը հայտնի էր հայրենանվեր գործիչներով։ Հոր պապը՝ Բադեն, Բայազետում ռուսական բանակի սպա է եղել։ 1830 թ․ ռուսների հետ քաշվելու ժամանակ Բադեն ուղեկցել է Բայազետի բնակիչներին դեպի Արևելյան Հայաստան։ Նրանք հաստատվել են Գավառում, և այն վերանվանել Նոր Բայազետ։
Հետախույզ Աբրահամը ֆիդայինի երդում է տվել․ «Երդումը տվել է 2016 թվականին, Մոնթեի շիրիմի մոտ»։
Դիվանագետ հետախույզը համալսարանում սովորելուն զուգահեռ սկսում է հաճախել «ՈՄԱ ռազմահայրենասիրական» ՀԿ-ի պարապմունքներին։
2018-ին Աբրահամը ավարտում է նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, ստանում լեյտենանտի կոչում ու մեկնում Արցախ՝ ծառայության անցնելով Մատաղիսի զորամասում՝ որպես հրետանու մարտկոցի հրամանատար, իսկ վերջին 6 ամսում՝ որպես հրետանու հետախուզության պետ։
Աբրահամը ծառայությունն ավարտում ու տուն է վերադառնում 2020 թ․ սեպտեմբերի 5-ին։ 22 օր հետո սկսվում է 44-օրյա պատերազմը։
«Արագ շորերը հագավ, վազեց ՈՄԱ։ Հետո իմացավ, որ մի քանի օր հետո պետք է գնա, էլ չսպասեց, երեկոյան գնաց։ Ասաց՝ ես իմ զինվորներին պետք է հասնեմ»,-պատմում է մայրը։
Աբրահամը գիտակցված գնացել է մահվանն ընդառաջ՝ հավատարիմ մնալով Ֆիդայական երդմանը՝ իր բարձը եղել են Հայաստանի լեռները։ Ծնողները նշում են, որ Աբրահամի ամենամեծ բաղձանքը հայրենիքի համար մեռնելն է եղել, նա անմահացել է 2020 թվականի հոկտեմբերի 2-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Սարգսյան