Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ մարտի 12-ին, տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձնման գործով նիստը։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը հայցադիմում է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի և նրա կնոջ՝ Բելլա Քոչարյանի, դստեր՝ Գայանե Քոչարյանի, վերջինիս ամուսնու՝ Վիգեն Չատինյանի, երկու որդիների՝ Լևոն ու Սեդրակ Քոչարյանների, նրանց կանանց՝ երգչուհի Սիրուշոյի (Սիրանուշ Քոչարյան) և Զարուհի Բադալյանի դեմ։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստին ներկայացել էին Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Գևորգ Քոչարյանը, պատասխանող կողմի ներկայացուցիչներ Արամ Օրբելյանը, Արթուր Հովհաննիսյանը, Հարություն Հարությունյանը։ «Նաիրի ինշուրանս»-ի ներկայացուցիչը ծանուցվել, բայց նիստին չէր ներկայացել։
Նշենք, որ պատասխանող կողմի ներկայացուցիչները դեմ էին նիստի տեսանկարահանմանը և լուսանկարահանմանը։ Դատարանը, Նարինե Ավագյանի նախագահությամբ, չբավարարեց լրագրողների դիմումը։
Փաստաբան Հարություն Հարությունյանը միջնորդեց օրինական ուժի մեջ մտած, չբողոքարկված դատարանի որոշման գործածությունն ապահովել, որով վերացվել էր պատասխանողների, այդ թվում՝ պատասխանողներից Գայանե Քոչարյանի դրամական միջոցների վրա կիրառված արգելանքը, սակայն այդ պայմաններում շարունակվում է որպես գրավ վճարված գումարի նկատմամբ պահպանվել 21 միլիարդ 491 միլիոն 190 հազար 853 դրամի չափով արգելանք։
Նրա պնդմամբ՝ այդ դեպքում առկա է ակնհայտ անհամապատասխանություն, և քանի որ դրամական միջոցների վրա արգելանքը վերացվել է, պետք է վերացվի նաև 2 մլրդ դրամի մասով արգելանքը, որը վճարվել է որպես գրավի միջոց, տվյալ դեպքում քրեական գործի շրջանակներում վճարված գրավի գումարի նկատմամբ կիրառվել է արգելանք, այդ թվում նաև դատարանի որոշմամբ «ինչպիսի որոշում այսօր օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չունի»։
Փաստաբանն ընդգծել է. «Դիմել ենք հարկադիր կատարում ապահովող ծառայություն, որից ստացել ենք համապատասխան գրություն, այն կցվել է գործին, որ այս գումարի նկատմամբ արգելադրումը կատարվել է դատարանի որոշման հիման վրա։ Հետևաբար խնդրում ենք՝ այդ գումարի մասով համապատասխան հաշվեհամարին վճարված 2 միլիարդ դրամի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանի հուլիսի 13-ի թվականի որոշմամբ 21 միլիարդ 491 միլիոն 190 հազար 853 դրամի չափով դրված արգելանքը վերացնել»։
Արամ Օրբելյանը մանրամասնում է ներկայացված միջնորդությունը՝ ասելով՝ քանի որ գումարը պահվում է դեպոզիտարիայում, հարկադիր կատարման ծառայությունը դա գնահատել է ոչ թե Գայանե Քոչարյանի դրամական հաշիվներ, այլ գույք, որը պահվում է այլ տեղ և դրա համար դրա վրայից արգելանքը չի հանվել։ Այս դեպքում խոսքը ոչ թե Գայեն Քոչարյանի դրամական հաշիվների, այլ դեպոզիտարիայում առկա հաշվին, Գայանե Քոչարյանին պատկանող գույքի մասին է։
Փաստաբան Հարություն Հարությունյանի խոսքով՝ նախորդ միջնորդությունը դատարանը բավարարել էր, բայց դրա մեջ չի մտել դեպոզիտ հաշվին դրված Գայանե Քոչարյանի գումարը․ «Մենք ի սկզբանե միջնորդություն ներկայացնելիս դա դիտարկել ենք, որ ինքնըստինքյան այդ արգելանքը պետք է վերացվի, որը չի եղել։
Դեպոզիտ հաշվից այս գումարը պետք է վերադարձվի Գայանե Քոչարյանին»։
Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց հարկադիր կատարողի որոշումը՝ տրված 2023 թվական օգոստոսի 25-ին գույքի վրա արգելանք դնելու մասին, որով որոշվել է որոշմամբ 21 միլիարդ 491 միլիոն 190 հազար 853 դրամի չափով արգելանք դնել Գայանե Քոչարյանի կողմից քրեական գործի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանի համար գանձապետական կոնկրետ դեպոզիտ հաշվին վճարված 2 մլրդ դրամի վրա՝ բացառությամբ գրավի օրինակային եկամուտներով չհիմնավորվող մասի՝ 514․ 133․ 250 դրամի նկատմամբ։
Փաստաբանի խոսքով՝ այս միջնորդությունը չի վերաբերում միայն դեպոզիտ հաշվի վրա առկա գումարին, վերաբերում է առհասարակ Գայանե Քոչարյանի մնացած բոլոր գույքերի վրա դրված արգելանքին։
Դատախազ Գևորգ Քոչարյանը առարկեց․ «Ես խնդրում եմ դատարանին այս միջնորդությունը լուծել իմ կողմից ներկայացված (սակայն չքննարկված-խմբ․) հայցի հիմքի և առարկայի փոփոխության միջնորդության լույսի ներքո։ Բնականաբար, տարբեր միջնորդություններ են, բայց իրար հետ փոխկապակցված են այնքանով, որ իմ կողմից ներկայացված հայցի հիմքի և առարկայի փոփոխության միջնորդությամբ պահանջը, խնդրամասը փոփոխվել է, և նաև Գայանե Քոչարյանից և վերջինիս ամուսնուց՝ Վիլեն Չատինյանից խնդրում ենք բռնագանձել անշարժ և շարժական գույքեր և նաև դրամական պահանջ է ավելացվել վերջիններիս»։
Հարություն Հարությունյանն ի պատասխան նշեց, որ չի կարող որևէ կերպ առկա հայցադիմումի շրջանակներում ներկայացված միջնորդությունը քննարկվել դեռևս քննարկվելիք միջնորդության լույսի ներքո։
Գևորգ Քոչարյանի խոսքով՝ իր միջնորդությունը դատարանին ոչ թե դրանց համատեղ քննարկումն է, այլ առանձին քննարկումը, բայց որոշում կայացնելուց արդեն դատարանը պետք է հաշվի առնի նաև իր կողմից ներկայացված միջնորդությունը։ Եթե բավարարվի հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը, նաև կլուծվի կիրառված ապահովման միջոցները վերացնելու հարցը։
Դատախազը պատասխանող կողմի համար ընդգծել է. «Իմ կողմից ներկայացված միջնորդությունը, իմ դիրքորոշումը ոչ թե միտված է ինչ-որ հիպոթետիկ, վերացական բաներին, որ կարող ա վաղը մյուս օրը ինչ-որ բան փոխվի, հենց էս պահին ներկայացված միջնորդության մասին ա խոսքը, հենց էս նիստով քննարկման ենթակա միջնորդության մասին ա խոսքը»։
Դատարանը հայտնեց՝ դատական ակտը կհրապարակվի օրենքով սահմանված կարգով և ժամկետներով, կուղարկվի կողմերին։
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց մարտի 26-ին։
Մարիամ Շահնազարյան