Դատաիրավական ոլորտի բարեփոխումների կարևոր բաղադրիչներից մեկը վերջին տարիներին իշխանությունները համարում են իրավական համակարգի բոլոր օղակներում աշխատավարձերի բարձրացումը:
2023-ի հոկտեմբերին Ազգային ժողովը կողմ քվեարկեց հունվարի 1-ից առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների աշխատավարձի հավելավճար տրամադրելու մասին որոշմանը։ Արդեն 2 ամիս է, ինչ դատավորները աշխատավարձի 60 տոկոսի չափով հավելավճար են ստանում։
Ինչպես ԱԺ-ում հայտարարել էր Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, առաջին ատյանի դատարաններում են աշխատում դատավորների 66 տոկոսը (ավելի քան 200 դատավոր)։
Ինչպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, այնպես էլ գործադիր իշխանության ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ խոսել են դատարանների աշխատակիցների սոցիալական ապահովության, աշխատավարձերը բարձրացնելու անհրաժեշտության մասին։ Սակայն մինչև այժմ դատական համակարգում աշխատողների աշխատավարձերի բարձրացման հետ կապված փոփոխություն տեղի չեն ունեցել:
Iravaban.net-ը զրուցել է ինչպես առաջին ատյանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի տարբեր դատավորների աշխատակազմերում աշխատող, դատական համակարգի բնականոն գործունեությունն ապահովող աշխատակիցների հետ՝ առկա խնդիրները հասկանալու համար։ Նրանց խնդրանքով անուններ չեն հրապարակվի։
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններից մեկում աշխատող գործավարի խոսքով՝ լինում են դեպքեր, երբ առավոտյան աշխատանքային ժամն ավելի շուտ է սկսվում՝ պայմանավորված աշխատանքի ճիշտ կազմակերպման, ծանրաբեռնվածությունը որոշակիորեն թեթևացնելու հետ: Նա համակարգում է շուրջ 2 տարի։
«Սկզբից էլ աշխատանքը շատ ծանր է եղել, օրական ստացել ենք 50-60, անգամ՝ 100 գործ, երբ օգոստոս ամիսն էր, դատավորների 90%-ը արձակուրդ էր գնացել: Անգամ եղել է, որ կիրակի օրն ենք գնացել աշխատանքի, որ հասցնենք։ Հիմա խնդիրներն արխիվի հետ են կապված, այսինքն՝ երբ գործը ավարտել ես, դրել մի կողմ, չես հասցրել հանձնել արխիվ, ու էսպես կուտակվում է: Գործավարի համար պետք է նախատեսված լինի ամսական գոնե 220.000 դրամի չափով վարձատրություն: Կարելի է նույնիսկ ամենալավ կազմերին խրախուսել իրենց կատարած աշխատանքի համար»,-նշում է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ մարզային դատարաններից մեկում աշխատելու ժամանակ նույն ծանրաբեռնվածությունն էր գործում, և եթե Երևանում գործերը բաշխվում են մոտավորապես 40-ից ավել դատավորների միջև, այնտեղ, օրինակ, դատավորի լիազորությունների դադարեցման կամ այլ նստավայր տեղափոխվելու դեպքում գործերը բաժանվում են երեք կամ չորս դատավորի միջև, այդ պատճառով էլ աշխատակազմի օրվա աշխատանքը կրկնապատկվում է:
Դատավորներից մեկի օգնականի խոսքով՝ դատական համակարգի աշխատողների աշխատավարձն այլ կառույցների հետ համեմատած նույնիսկ «չափից դուրս» քիչ է:
«Օրինակ՝ գործավարը և դատական նիստերի քարտուղարը, որոնք ևս մնում են աշխատանքային ժամից երկար և աշխատում են տասներկու ժամ, նրանք ստանում են մոտավորապես 120.000 դրամ, բայց բոլորը կատարում են պատասխանատու և մեծ ծավալի աշխատանք»,- նշում է նա ու հավելում՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա դատավորների աշխատակազմերի աշխատավարձերի բարձրացման մասին խոսվում է, սակայն էական փոփոխություններ դեռևս չեն կատարվել. «Անցած տարվանից շրջանառվում է, որ 2024 թվականին ինչ-որ չափով պետք է բարձրանան աշխատավարձերը, դեռ սպասում ենք»:
Աշխատողների տեղեկացմամբ՝ կոնկրետ դատավորի օգնականների մասով չկան որևէ խրախուսանքի միջոցներ, բայց գործավարների և դատական նիստերի քարտուղարների համար, որոնք դատական ծառայողներ են համարվում, վեց ամիսը մեկ, գնահատման համակարգով աշխատավարձի 70%-ի չափով խրախուսանք են ստանում: Դատավորի օգնականները խրախուսանք չեն ստանում, քանի որ զբաղեցնում են հայեցողական պաշտոն, բայց տարեվերջին ստանում են 13-րդ աշխատավարձ, որը նախատեսված է պետական բոլոր աշխատողների համար:
Տարվա կտրվածքով ունենում են 24 օր արձակուրդ գնալու իրավունք, բայց սահմանված արձակուրդը պլանավորում են այնպես, որ դատարանի բոլոր աշխատողները՝ և՛ դատավորը, և՛ երեք աշխատակիցները, միաժամանակ լինեն արձակուրդում. «Անցած տարվա իմ արձակուրդից ես օգտագործել եմ միայն տասը օր, դա պայմանավորված է նաև նրանով, որ մենք շատ ծանրաբեռնված ենք և փորձում ենք ինչքան հնարավոր է քիչ արձակուրդ վերցնել, որ կարողանանք գործերը ճիշտ կազմակերպել, և շատ չհետաձգվեն»:
«Կցանկանայի, որ գոնե 400.000 դրամ լիներ դատավորի օգնականի աշխատավարձը, իսկ դատական նիստերի քարտուղարի և գործավարի համար՝ մինիմում 200.000 դրամ», – մեզ հետ զրույցում նշում է դատավորներից մեկի օգնականը:
Iravaban.net-ը զրուցել է Վերաքննիչ դատարանի տարբեր դատավորների կազմերի աշխատակիցների հետ, փորձել է հասկանալ նրանց խնդիրները, որոնք վերաբերում են համակարգի ծանրաբեռնվածությանը և աշխատավարձին:
Նրանք նշեցին, որ աշխատանքային խիտ գրաֆիկը 2024 թվականին որոշակիորեն փոփոխվել է, և նախկին տասներկու ժամի փոխարեն հիմա աշխատում են առավոտյան 09։00-ից մինչև 18։00-ն, ինչպես մյուս աշխատողների գրաֆիկն է։
«Օրվա ընթացքում քաղաքացիական գործերի հետ կապված տարբեր որոշումներ ենք գրում, դրանք ուղարկում ենք, հրապարակում դատական տեղեկատվական համակարգում, անհրաժեշտության դեպքում որոշակի տեղեկատվություն ենք տրամադրում քաղաքացիներին, փաստաբաններին և այլն: Նույնիսկ եղել են դեպքերը, երբ մենք աշխատանքային ժամից ավել ենք մնացել՝ աշխատանքի ծավալով պայմանավորված», – նշում է դատարանում աշխատող գործավարներից մեկը:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը դեռևս 2023-ի դեկտեմբերին հրապարակեց իր բաց նամակը, որը հղել էր Ձմեռ պապին և բոլոր բարի մարդկանց։ Անդրեասյանը նշել էր՝ երազում է, որ 2024 թվականին կատարվեն իր 5 խնդրանքները։ 4-րդ խնդրանքն այսպիսին էր․ «․․․4. Դատական ծառայողները (օգնական, քարտուղար, կարգադրիչ և այլ) այսօր ստանում են 100-200 հազար դրամ աշխատավարձ և կատարում են տաժանակիր ու բոլորիդ ճակատագրերի համար չափազանց կարևոր աշխատանք: Շատ եմ խնդրում, շատ` թո՛ղ բարձրանան նրանց աշխատավարձերը»:
Հասկանալի չէ, թե ով կամ ովքեր պետք է բարձրացնեն դատական օղակի բնականոն գործունեությունն ապահովող աշխատողների աշխատավարձը, եթե ոչ դատական դեպարտամենտը։
Նշված խնդիրներին հրատապ լուծում չտալու պատճառը դատարաններում աշխատանքի գրավչությունն է՝ աշխատանքային փորձ ձեռք բերելու տեսանկյունից։
Համակարգի աշխատակիցները առաջարկում են նաև դիտարկել դատավորների 3 հոգանոց կազմն ընդլայնելու հարցը։
Մարիամ Շահնազարյան