«Չեմ ուզում այստեղ մեռնեմ, չեմ ուզում թուրքը գլուխս կտրի, մամա, ինձ այստեղից դուրս հանի»․ Արցախի հայաթափումը՝ Ալվինա Գաբրիելյանի աչքերով

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված  Ալվինա Գաբրիելյանը «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում ասաց, որ տեղահանվել է Ստեփանակերտից։

2020 թվականին նա առողջական խնդիրների համար եկել էր Հայաստան։ Երբ թշնամին սանձազերծեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմը, նա չի կարողացել վերադառնալ իր տուն։ Սակայն նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, որոշում է կայացրել վերադառնալ։

«Նոյեմբերի 12-ին հետ եմ վերադարձել։ Շատ-շատ վատ եմ տարել այդ օրերը։ Շատ վատ էր, բայց ասել եմ՝ պետք է գնամ, պետք է աշխատեմ։ Ես շատ եմ սիրում իմ հողը։ Որոշել էի այնտեղից ոչ մի դեպքում դուրս չգալ։ Վախ եղել է, բայց հույսով եմ եղել, որ լավ կլինի։ Մենք պետք է ապրեինք այնտեղ, որովհետև այնքան զոհ ենք տվել, այնքան տղաների արյուն է այնտեղ թափվել։ Մենք պետք է այնտեղ ապրեինք, որ այդ տաղաների արյունը անիմաստ չլինի»,-ասաց մեր զրուցակիցը։

Մեր զրուցակին ընդգծում է նաև շրջափակման մեջ ապրելու ծանրությունն ու դժվարությունը, որոնց արցախահայերը ստիպված էին դիմանալ, քանի որ թշնամին ապօրինի կերպով շրջափակման մեջ էր պահում Արցախը։

«Հրուշակեղենի խանութ ունեի։ Սիրտս տրաքվում էր, որ այդ երեխաներն է քաղցր չեն ուտում։ Երեխաներին քաղցրեղեն էի բաժանում։ Շատ վատ եմ տարել այդ ընթացքը, որովհետև ժողովուրդը սոված էր։ Երեխաները սոված էին։ Մի անգամ մի հղի կին մտավ մեր արտադրամաս, լացելով ասաց՝ մի բան տվեք գցեմ բերանս, սոված մեռնում եմ, ուշքս գնում է։ Իր հետ միասին նստել եմ, սկսել՝ լացել։ Նման օրեր են եղել, բայց հույսով ենք եղել, որ լավ կլինի, մենք կապրենք մեր հողում,-պատմեց տիկին Ալվինան։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ թշանմին սկսեց հերթական ագրեսիան Արցախի դեմ, տիկին Ալվինան շտապել է դպրոց, որպեսզի գտնի իր աղջկան։

«Չեմ հիշում, թե քանի վայրկյանում եմ հասել դպրոց, որ իմ երեխուս ճարեմ։ Բոլոր երեխաները նկուղում էին, բոլոր մայրերը եկել էին, կանչում էին իրենց երեխաներին ու ես էլ կանչում էի՝ Եվա, Եվա, Եվա․․․երեխաս մթության մեջ ձեռքս բռնեց, ասաց՝ մամա, ես առանց քեզ ոչ մի տեղ չեմ գնա։ 3-4 ժամ մնացել ենք նկուղում, հետո վազելով գնացինք մեր շենքի նկուղը։ Այնտեղ մնացինք ամբողջ գիշեր, առավոտյան ասացին, որ պատերազմը վերջանալու է, բայց ավտոմատի ձայները դեռ գալիս էր, թուրքերն արդեն քաղաքի մոտ էին։ Երեխաս վախից դողում էր։ անընդհատ ասում էր՝ պապան ե՞րբ է բենզին ճարելու, որ դուրս գանք, չեմ ուզում այստեղ մեռնեմ, չեմ ուզում թուրքը գլուխս կտրի, մամա, ինձ այստեղից դուրս հանի։ Որ տեսա երեխաս այդ վիճակում է, ես էլ սկսեցի ընտանիքիս հետ միասին բենզինի ճար անել։ Գնացել եմ լցակայանները, որ հերթագրվեմ։ Գիշեր ու ցերեկ ման էինք գալիս, որ կարողանանք բենզին ճարել, դուրս գալ։ Մայրերը երեխաների ձեռքից բռնած՝ վազում էին դեպի օդանավակայան, որ փրկվեն թուրքերից»,-այսպես է վերհիշում Արցախի բռնի հայաթափումը մեր զրուցակիցը։

Տիկին Ալվինան այնտեղ է թողել հրուշակեղենի իր արտադրամսը, տունը, ընկույզի մեծ այգի, բայց ասում է՝ միայն նրա մասին եմ մտածում, որ իմ հողը կորցրի և մեր գերեզմանոցները։

Նրանք մոտ 36 ժամ ճանապարհ են անցել, որ հասնեն Հակարիի կամրջի մոտ։

«Հակարիի մոտ կանգնեցրեցին, մի քանի րոպե ստուգել են մեր մեքենան, բաց չէին թողնում։ Վախենում էի, որ երեխաներիս մի բան չլինի։ Երբ դուրս եկանք, սիրտս հանգստացավ, երբ հասանք հայերին։ Մենք գիտեինք, որ կարող է դուրս գանք, բայց հույսը չէր կտրվում։ Անընդհատ մտածում էինք, որ պետք է ապրենք Արցախում։ Ինչ արել էինք, այնտեղ էինք արել։ Հողի հետ ենք աշխատել։ Մինչև 2020 թվականը 100 հեկտար հող ունեինք, ցորեն էի ցանում, որ պատերազմը եղավ, այդ հողը տվեցին թուրքերին։ մտածում էինք, որ աշխատենք ու մեր հողը չթողնենք ու դուրս գանք։ Պատերազմը մեզ բոլորիս սպանեց։ Երբ բենզինի պայթյունն էլ եղեվ, ոնց որ դժոխքում լինեինք»,-ասաց նա։

Խոսելով ադրբեջանական կողմի առաջարկած վերաինտեգրման պայմանների մասին, մեր զրուցակիցն ասաց, որ երբեք չեն կարող ապրել ադրբեջանցիների հետ կողք կողքի։

«Չեմ պատկերացնում, ինչքան էլ սիրեմ իմ հողը, բայց իրենց հետ՝ ոչ»,-նշեց նա։

Տիկին Ալվինան իր գործը փորձում է այստեղ շարունակել։ Քաղցրեղեն է պատրաստում։ Հիմա մի հարմար տարածք է փնտրում, որ սկսի իր փոքրիկ բիզնեսը։ Ասում է, որ ուզում է տարածքը նման լինի Ստեփանակերտի իր արտադրամասի տարածքին, որ մտնի սիրտը, որ կարողանա աշխատել։ Նաև նշում է, որ երբ զբաղվում է իր սիրելի գործով ավելի քիչ է մտածում տեղի ունեցածի մասին։

————————

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։

 Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել