«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակներում Iravaban.net-ը Արագածոտնի թեմի Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի հետ զրուցել է Տերունական աղոթքի մասին։
-Ի՞նչ է աղոթքը, խնդրում եմ ներկայացնեք Տերունական աղոթքի խորհուրդը։
-Քրիստոնեական հավատքի անբաժանելի մասն է աղոթքը։ Քրիստոնյա մարդը իր առօրյա կյանքը և հարաբերությունները եկեղեցու և Աստծո հետ կառուցում է աղոթքով։ Աղոթքը միջոց է Աստծո հետ խոսելու, քո հույզերը, խնդիրները, քո շնորհակալությունը, քո խնդրանքներն Աստծուն փոխանցելու։ Աղոթքը նաև մեծապես օգնում է որպեսզի մարդը ճանաչի իրնքն իրեն։ Խոսելով Աստծո հետ, սկսում ես քեզ ավելի լավ ճանաչել։ Մինչ Հիսուսը, բնականաբար մարդիկ աղոթում էին և աղոթում էին իրենց խոսքերով, նաև այն տեքստերով, որոնք եկեղեցու ժամանակի մարգարեների կողմից, հոգևոր մարդկանց կյանքով ապրող առաջնորդների կողմից ստեղծվել էին։ Եվ ահա գալիս է Քրիստոս, խոսում է աղոթքի կարևորության մասին։ Նա իր աշակերտներին սովորեցնում է ճիշտ աղոթելու ձևը։
-Ի՞նչ ասել է՝ տերունական։
-Տերունական բառը առաջացել է տիրոջ անունից։ Քանի որ Քրիստոս սովորեցրեց մեզ այդ աղոթքը, իսկ Քրիստոսը մեզ համար Տեր է, հետևաբար մենք այդ աղոթքն անվանեցինք Տերունական։ Այսինքն՝ աղոթք, որ մեզ ուղարկել է մեր տերը՝ Հիսուս Քրիստոսը։
-Ինչո՞ւ են աղոթքում Աստծուն ասում՝ հայր։
-Մինչ Քրիստոս, մարդկությունը, երբ նայում էր երկնքին և փնտրում էր Աստծուն, նրա մեջ տեսնում էր տիրոջ և իր մեջ տեսնում էր ծառայի և մարդու և Աստծո հարաբերությունները հիմնված էր տիրոջ և ծառայի հարաբերության վրա։ Այսպես էր մարդը մտածում՝ Աստված պիտի հրամայի, որ Աստված պետք է պատժի, որ Աստված պետք է իր կամքը պարտադրի։ Եվ մարդը վախենում էր Աստծուց, մարդն ուներ վախ Աստծո նկատմամբ։ Քրիստոս գալիս և ասում է՝ Աստված հայր է, սիրող հայր է։
-Տեր Վազգեն, աղոթքը սկսվում է «Հայր մեր, որ երկնքում ես․․․» տողով։ Սակայն ասում են, որ Աստված ամենուր է։ Ինչո՞ւ է ընդգծվում, որ Աստված հենց երկնքում է, ոչ թե ամենուր։
-Ցավոք սրտի, բոլորը չէ աշխարհում, որ Աստծուն ընդունել են, բոլորը չէ, որ Աստծուն ճանաչել են, բոլորը չէ, որ գիտեն՝ Աստված արարիչն է տիեզերքի, երկրի, ամեն տեղ։ Իհարկե Աստված ամեն տեղ է, բայց ոչ հաճախ մարդկանց սրտերում, ովքեր նրան չեն ընդունել։ Ուրեմն երկիրը տարբերվում է ողջ տիեզերքից, առանձնանում է ողջ տիեզերքից։ Եթե երկնքում ամենօր Աստծո կամքն անխախտ կատարվում և պահվում է, այլ է աշխարհի պարագայում։ Մենք այս փոքրիկ հարցադրմանը նայում ենք ոչ թե իր բացարձակ իմաստով, այլ այն իմաստով, որ յուրաքանչյուր սրտի մեջ Աստծո ներկայությունը կարևոր է։
-Աղոթքում ասում ենք՝ թող քո կամքը լինի։ Արդյո՞ք Աստծո կամքը չի հիմա և որն է Աստծո կամքը։
-Աստծո կամքը երբեք չի պարտադրվում որևիցե մեկին, սրանով է յուրահատուկ աշխարհը, սրանով է յուրահատուկ մարդը։ Աստված տալիս է հնարավորություն՝ ընտրելու բարին կամ չարը։ Մենք, որպես քրիստոնյաներ ցանկանում ենք, որ Աստո կամքը լինի աշխարհի վրա։ Այնտեղ, որտեղ կան պատերազմներ, այնտեղ, որտեղ կան խռովություններ, այնտեղ, որտեղ կա սպանություն, այնտեղ, որտեղ կան ճնշումներ դա Աստծո կամքը չէ։ Աստծո կամքն է, որ լինի խաղաղություն, սեր, հանդուրժողականություն, որպեսզի մենք հարգենք մեկս մյուսին, որպեսզի ազգերը հարգեն և սիրեն մեկը մյուսին։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ ցավոք սրտի, ամեն տեղ չէ, որ Աստծո կամքը կա։ Անգամ ծառից երբ տերև է ընկնում, Աստված տեղյակ է։ Երբեք Աստված իր կամքը չի պարտադրում որևէ մեկին։ հետևաբար կարող են լինել տեղեր, միջավայրեր, մարդիկ որոնց համար Աստծո կամքը կարևոր չլինի։ Աստծո կամքը սերն ու խաղաղությունն է։
-Տերունական աղոթքում ասվում է՝ մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր։ Այստեղ խոսքը սննդի մասի՞ն է, թե հաց բառն այլ իմաստով է գործածված։
-Այս աղոթքի մեջ հաց բառը, կարծում եմ, օգտագործվում է մեր կարիքների իմաստով։ Մենք՝ ճանաչելով Աստծուն, հասկանում ենք նաև, որ կարիքներ ունենք այս աշխարհում։ Մենք ապրում ենք նյութական աշխարհում, որտեղ կարիք ունենք հագուստի, սննդի, աշխատանքի և այդ կարիքները ո՞վ կարող է մեզ տալ, միայն Աստված։ Ուզելով հացը՝ մենք խնդրում ենք Աստծուն, որ նա հոգա մեր առօրյա կարիքները։
-Արդյո՞ք մենք կարողանում ենք ներել այնպես, ինչպես Աստված և ի՞նչ կլինի, եթե Աստված մեզ ների այնպես, ինչպես մենք՝ մեր պարտապաններին։
-Շատ կարևոր մի ուղերձ է սա մարդուն և քրիստոնյային։ Երկու կարևոր ուղերձ է այն իր մեջ պարունակում։ Նախ, ներելը շատ դժվար հոգեբանական պատրաստության մի վիճակ է, շատ դժվար է ներել։ Մի փոքրիկ բանի համար մարդուն ներելը հեշտ է, բայց կան հանգամանքներ, որոնք շատ դժվար է ներելը, գրեթե անհնարին և ահա, մեզ Քրիստոս երկու ուղերձ է տալիս՝ եթե դու չես կարողանում ներել քո եղբորը, քրոջը, ուրեմն մի ակնկալիր, որ ներում կստանաս Աստծուց, և հաջորդ կարևոր ուղերձն է՝ այնպես, ինչպես դու ես ներում, այն չափով, որ դու ես ներում, նույն չափով էլ քեզ համար է ներվելու։
-Ովքե՞ր են մեր պարտապանները։
-Պարտապանները նրանք են, ովքեր մեր դեմ որոշակի սխալներ են գործել, մեղքեր են գործել, հանցանքներ են գործել։ Մեզ նեղացրել են, մեզ վիրավորել են։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Սարգսյան