Փետրվարի 1-ից սկսած՝ դատարան ներկայացվող նոր դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, պատասխան, դիրքորոշում, միջնորդություն և այլն) պետք է կազմվեն և ներկայացվեն Էլեկտրոնային քաղաքացիական դատավարության համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան (բացառությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկությունների, որոնք ներկայացվում են միայն նյութական եղանակով)։
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-11-Ն օրենքով սահմանված էլեկտրոնային համակարգի վերաբերյալ նախագիծը Փաստաբանների պալատ է ուղարկվել 2023թ․ապրիլին։ Փաստաբանների պալատը ներկայացրել է իր դիրքորոշումը։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում նշեց Փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Լուսինե Սարգսյանը` հավելելով, որ դիրքորոշումն ընդհանուր առմամբ վերաբերում էր նրան, որ գաղափարը լավն է և ինչ-որ ժամանակ հետո, երբ հնարավոր կլինի ամբողջովին ադապտացվել էլեկտրոնային արդարադատությանը՝ բավականին կհեշտացնի փաստաբանների, դատարանների աշխատանքը։
«Մենք մեր նկատառումների մեջ նշել էինք, որ անհրաժեշտ է համակարգին աստիճանաբար անցնել, քանի որ միանգամից անցումը կարող է կոլապս ստեղծել։ Առաջարկել ենք ժամանակավոր հայցադիմումների մուտքը կատարել էլեկտրոնային համակարգով՝ չբացառելով թղթային՝ հին համակարգով փաստաթղթերի շրջանառությունը։ Այս պահին ունենք այն՝ ինչ ունենք»,-ասաց Լուսինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ սկզբնական շրջանում ամեն ինչ հարթ չի կարող լինել, որովհետև ծրագիրը նոր է, կարող են մի շարք խնդիրներ ի հայտ գալ։
«Ամենամեծ խնդիրն այս պահին, որ մենք ունենք՝ այն է, որ համակարգ մուտք գործել հնարավոր է միայն նույնականացման քարտի առկայության պարագայում և քանի որ նույնականացման քարտ ունենալը օրենքով պարտադիր պայման չէ՝ կան փաստաբաններ, որոնք մինչ այժմ նույնականացման քարտ չունեն»,-նշեց Սարգսյանը։
Այդ իսկ պատճառով համաձայնություն է ձեռք բերվել, որ փաստաբաններն առանց հերթի կկարողանան դիմում ներկայացնել նույնականացման քարտ ստանալու համար։
Փաստաբանների հարցերի մի մասը վերաբերում է էլեկտրոնային ստորագություններին․ «Նույնականացման քարտից բացի պարտադիր է նաև էլեկտրոնային ստորագրության առկայությունը, առանց որի հայցադիմում ստորագրելն անհնար է դառնում։ Հարցեր կան նաև ծանուցումների մասով, թե ինչպես պետք է ծանուցումներն աապահովվեն՝ արդյո՞ք ծրագրի միջոցով են ապահովվելու, թե փոստային տարբերակով են ստանալու։ Շատ-շատ հարցեր կան, որոնք բնական են»։
Փաստաբանների պալատը «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ընկերությանն է փոխանցել բոլոր փաստաբանների տվյալները․ յուրաքանչյուր փաստաբանի էլեկտրոնային հասցեին ուղարկվում են հենց իր մուտքանուն ու գաղնաբառը, որով նրանք կկարողանան մուտք գործել համակարգ։ Փաստաբանների տվյալները ՓՊ կողմից պարբերաբար կթարմացվեն։
Փաստաբանների պալատն այժմ վերապատրաստումներ է անցկացնում փաստաբանների շրջանում՝ ներկայացնելով կատարված փոփոխությունները։
«Փորձել ենք ամեն ինչ անել, որ փաստաբաններին հնարավորինս արագ աջակցենք և այնպես անենք, որ խնդիրները հնարավորինս քիչ լինեն։ Դրա հետ կապված համագործակցում ենք Արդարադատության նախարարության և ծրագիրն իրականացնող «Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ընկերության հետ։ Փաստաբանների համար վերապատրաստումներ ենք իրականացնում, որպեսզի վերջիններիս կարողանանք ծանոթացնել այն գործիքակազմին, որը գործարկվում է»,-ասաց նա։
Լուսինե Սարգսյանի խոսքով՝ վերապատրաստումները կշարունակվեն ըստ կարիքի և անհրաժեշտության։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ պետք է անեն այն անձիք, որոնք փաստաբան չեն, սակայն ցանկանում են ինքնուրույն հայց ներկայացնել դատարան՝ Սարգսյանը մանրամասնեց․ «Մի քանի տարբերակներ կան, թե երբ անձը կարող է փաստաբան չհանդիսանալ և շահերը ներկայացնել դատարանում, այդ պարագայում անձը իրավունք ունի էլեկտրոնային համակարգում գրանցվելու որպես քաղաքացի և կրկին էլեկտրոնային եղանակով հայցադիմում ուղարկել։
Ոչ փաստաբան քաղաքացիները կարող են դեռևս շարունակել իրենց հայցադիմումները ներկայացնել հին՝ թղթային տարբերակով։
Կարևոր է ևս մեկ անգամ ընդգծել, որ խոսքը վերաբերում է նոր մուտքագրվող հայցադիմումներին, դիմումներին։ Եթե գործն արդեն ընթացքում է և դրա շրջանակներում, օրինակ՝ միջնորդություն է ներկայացվում, ապա այդ միջնորդությունը պետք է ներկայցնել թղթային տարբերակով, այդ պարագայում էլեկտրոնային տարբերակով մուտքագրելու հնարավորություն առկա էլ չէ»։
Հավելենք, որ գործարկված Էլեկտրոնային քաղաքացիական դատավարությունը Էլեկտրոնային արդարադատության մի մասն է։
Հարթակը գործում է https://cabinet.armlex.am/ հղումով։
Հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, գործընկերությամբ՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։
Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝ ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ: