Միշտ ժպիտը դեմքին էր, աչքերը թախծոտ էին, բայց ինքն ուրախ էր ու շատ բարի։ Այսպես է նկարագրում 44-օրյա պատերազմում անմահացած Հարություն Լալայանին մորաքույրը՝ Շուշան Հովսեփյանը։
«Ամեն ինչի պատրստակամ էր, անգամ, եթե մի գործ, որ չգիտեր ինչպես պետք է անի, եթե խնդրեի, կասեր՝ անենք։ Գործից չէր տրտնջում»,-Iravaban.net–ի «Պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմում է նա։
Հարությունը բանակ է զորակոչվել 2020 թվականի հունվարի 13-ին։ Սկզբում ծառայել է Էջմիածնում, ապա տեղափոխվել օկուպացված Արցախի Հանրապետություն և ծառայությունը շարունակել Ջրականում։
Հարությունի մորաքրոջ տղան՝ Հովիկ Հովսեփյանն ասում է, որ Էջմիածնում միասին են ծառայել։
«Ինքը կարգապահ զինվոր է եղել, դրա համար էլ իրեն մեդալ տվեցին։ Երբ խոսակցություն եղավ, որ պետք է տեղափոխվենք Արցախ, ինքն ասաց՝ Էջմիածինը մեզ համար մանկապարտեզ է, մենք պետք է Արցախում ծառայենք»,-նշում է նա։
Մորաքույրը հիշում է, որ երբ հերթական հեռախոսազանգն է ունեցել քրոջ որդու հետ, նա ասել է, որ իրեն շատ է դուր եկել ծառայությունը և զորացրվելուց հետո էլ ցանկանում է շարունակել։
Մայրը՝ Գայանե Լալայանն ասում է, որ հեռուստացույցից է իմացել, որ պատերազմ է սկսվել։ Որդու հետ երկու օր հետո է կարողացել կապ հաստատել։
«Ասաց՝ մենք բունկերում ենք, մենք առաջնագիծ չենք գնում, հանգիստ եղեք, ամեն ինչ նորմալ է, ուղղակի կապ չկա, հեռախոսները չենք կարողանում լիցքավորել, դրա համար էլ ուշ-ուշ կզանգեմ։ Ինքը ոչ մի բան չի պատմել»,-ասում է մայրը։
Մորաքորջ հետ է խոսելիս էլ ասել է, որ ամեն ինչ լավ է։
«Ասացի՝ Հարութ ջան, մի զանգի, ես վախենում եմ ցավդ տանեմ, ասաց՝ մորքուր, ո՞ւմից ես վախենում, թուրքի՞ց, բա թուրքից կվախենա՞ն, մի վախեցիր, ամեն ինչ լավ է»,-պատմում է տիկին Շուշանը։
Հարություն Լալայանը հայրենիքի համար մղված մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 6-ին՝ ծննդյան օրը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Սարգսյան