«Գոռացի՝ Մխիթար, թաքնվի բալես, ասաց՝ մամ, թաքնվելու տեղ չկա»․Մխիթար Մխիթարյանը հրամանատարի կյանքը փրկելիս է զոհվել

Երբ Մխիթարը ծնվեց ես 22 տարեկան էի, ինձ համար կյանքի նոր սկիզբ էր։ Այս մասին Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմեց Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Մխիթար Մխիթարյանի հայրը՝ Գարիկ Մխիթարյանը։

Մխիթարը չորս եղբայրներից ավագն էր։ Ծնվել է 2002 թվականին։ Բանակ է զորակոչվել 2020 թվականի օգոստոսի 31-ին։ Ընդամենը 27 օրվա նորակոչիկ է եղել, երբ թշնամին սանձազերծեց Արցախի դեմ պատերազմը՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոր խոսքով՝ կռվում անմահացած իր որդին մե՜ծ ծրագրեր ուներ ապագայի հետ կապված։

«Իր ամբողջ կյանքում եղել է մարդկանց փրկիչը, եթե մեկը նեղության մեջ լիներ՝ անպայման ինքն առաջինը պետք է այդտեղ լիներ։ Դրա համար չէի պատկերացնում, որ կյանքն այսքան դաժան է գտնվելու»,-ասում է հայրը։

Մխիթարն առողջական խնդիրներ է ունեցել, այդ պատճառով էլ զորակոչի վերջին օրն է մեկնել ծառայության։

«Վերջին պահին հենց ինքը կանգնեց և ասաց՝ ես պետք է գնամ ծառայության ինձ մի խանգարի»,-հիշում է Մխիթարի հայրը։

Մայրը՝ Ռուզաննա Մխիթարյանը արցունքն աչքերին ասում է, որ շատ վատ է տղային ճանապարհել բանակ, քանի որ պատրաստ չի եղել․ «Ժամեր հետո հասկացանք, որ ինքն առավոտյան պետք է գնա»։

Մխիթարը ծառայությունն անցկացրել է Ջրականում։ Քովիդի սահմանափակումներով պայմանավորված՝ ծնողներն անգամ իրենց որդու երդման արարողությանը չեն մասնակցել։ Միայն մեկ նկար ունեն այդ օրվանից, որը նրանց զորամասից են ուղարկել։

Մայրը տղայի հետ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին խոսել է։

«Մամ, պատերազմ է, բայց մենք գնում ենք ապահով տեղ։ Բայց հենց այդ օրը զանգել է ընկերոջն ու ասել՝ ախպերդ գնում է պատերազմ։ Միայն իրեն է տեղեկացրել։ Ասում էր, որ ապահով է, ամեն ինչ նորմալ է։ Իսկապես, ընդհանրապես չէինք զգում, որ ինքը պատերազմի դաշտում է ու համոզված էինք, որ 27 օրվա նորակոչիկը չի կարող լինել առաջնագծում։ Վերջին իր զանգը եղել է հոկտեմբերի 4-ին, մինչև դա հոկտեմբերի 2-ին լացակումած զանգեց ու ասաց, որ իր դասընկերը՝ Հակոբը զոհվել է»,-պատմում է մայրը։

Գարիկ Մխիթարյանը պատմում է, որ որդին իր հետ խոսելիս ասել է՝ չմտածես հայրիկ, ամեն ինչ լավ է լինելու, մենք ուժեղ ենք, մենք հաղթելու ենք։

Մոր հետ հերթական հեռախոսազրույցի ժամանակ Մխիթարը չի կարողացել թաքցնել, որ ինքը մարտի դաշտում է։

«Այդ պահին ես լսեցի արկերի ձայնը։ Գոռացի՝ Մխիթար, թաքնվի բալես, ասաց՝ մամ, թաքնվելու տեղ չկա»,-որդու հետ վերջին զրույցը հիշում է մայրը։

Նրա խոսքով՝ իր որդին ու զինակիցները հինգ ժամ շարունակ կռիվ են տվել։

«Հետո իրենց հրամանատարներից մեկը՝ Անդրանիկ Աղաջանյանը վիրավորվել է, հետո իրենց են ուղարկում, որ դուրս բերեն։ Մոտենում են տղաներով, որպեսզի հրամանատարին մարտական գծից հանեն դուրս ու այդ պահին հակառակորդի հարվածից 8 տղա զոհվում են, իրենց հրամանատարի հետ միասին»,-պատմում են Մխիթարի ծնողները։

Զոհված որդու դին գտնելու համար Գարիկ Մխիթարյանը մեկնել է Արցախ, բանակցել է թշնամու հետ, ի վերջո, տղայի զոհվելուց երկու ամիս անց, հաջողվել է նրա մարմինը դուրս բերել թշնամու կողմից օկուպացված տարածքից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել