Գևորգ Կոստանյանը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի հետ հրապարակային քննարկումների

Նկատի ունենալով զանգվածային լրատվամիջոցների հետաքրքվածությունը ԱԺ վերջին քառօրյա նիստի ժամանակ ԱԺ պատգամավոր Ն.Փաշինյանի հնչեցրած հայտարարության, այն է` ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրելու և այդ մասին կրկին բարձրաձայնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի արձագանքին, դատախազությունից հայտնում են հետևյալը.

Սույն թվականի հոկտեմբերի 1-ին, ԱԺ նիստի ժամանակ, պարոն Կոստանյանը, պատասխանելով Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանի հարցին, ասել է.

«Այն բոլոր հանգամանքների մասին, որոնց վերաբերյալ Դուք հարցադրում արեցիք, ես ամբողջությամբ, բովանդակային առումով, առանձին-առանձին անդրադարձել եմ և ներկայացրել եմ իրավունքի և օրենքի տեսակետից դրանց նկատմամբ վերաբերմունքը և գնահատականը, քանի որ այդ բոլոր հարցադրումները ըստ էության փաստաբանի ներկայացրած բողոքի կետերն էին, և իմ որոշմանը ծանոթանալով, վստահ եմ, կգտնեք ձեզ հետաքրքրող հարցերի ամբողջական և սպառիչ պատասխանը:

Բայց բոլոր դեպքերում, ես բազմիցս ասել եմ և այս գործով և նախորդ գործերով. ցանկացած գործ, որտեղ կա հանրային հետաքրքրություն կամ առանց հանրային հետաքրքրության, ցանկացած անձի հետ, մասնագիտական դաշտում, հրապարակային պատրաստ եմ քննարկման և հիմա էլ հայտնում եմ, որ պարոն Փաշինյան և ցանկացածը, ով կուզենա ավելի դետալացված քննարկում ունենալ այդ գործի և ցանկացած այլ գործի առնչությամբ, ես պատրաստ եմ, միշտ»:

ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանը, կարևորելով հանրային վստահությունը դատախազության աշխատանքի նկատմամբ, սկզբունքորեն անհրաժեշտ է համարում աղմկահարույց, հնչեղություն ստացած քրեական գործերով հրապարակային քննարկումները, այն է` ընդունել զանգվածային լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, Ազգային Ժողովի պատգամավորների և նրանց հետ տվյալ գործի վիճահարույց հանգամանքների շուրջ, մասնագիտական դաշտում, մանրամասը զրուցել, պարզաբանել, բացատրել քննարկման հանրային մասնակիցներին` իրենց հուզող հարցերի վերաբերյալ: Արդյունքների մասին կարող է լինել հանրային իրազեկում զանգվածային լրատվամիջոցներով կամ հանդիպման մասնակիցները այդ մասին կարող են հանդես գալ սեփական հայտարարություններով`այդպիսով հրապարակայնացնելով այդ քննարկումը, բացառությամբ այնպիսի տեղեկությունների հաղորդմամբ, որը ի շնորհիվ այդ քննարկման, հայտնի է դարձել իրենց, սակայն կարող է հանդիսանալ նախաքննական գաղտնիք կամ դիտվել որպես ուղղորդող կարծիք կամ ճնշում դատարանի և դատական քննության վրա:

Ուստի և հրապարակային քննարկումը դա միայն ուղիղ եթերով բանավեճ չէ, ինչպես ընկալել է պարոն Փաշինյանը, ով իր խոսքում նշում է. «Որքան հասկացա պարոն Կոստանյանի ելույթից, ինքն ինձ բանավեճի հրավիրեց: Ընդունում եմ բանավեճի հրավերը և պատրաստ եմ ուղիղ եթերում հոկտեմբերի 15-ից 25-ին ընկած ժամանակահատվածում բանավիճել»: Պարոն Կոստանյանի հայտարարության տեքստում, որը արդեն ներկայացվեց վերոշարադրյալում, ինչպես տեսնում ենք, ոչ ուղղիղ, ոչ էլ անուղղակի, խոսք անգամ չկա բանավեճի հրավերի, առավել ևս ուղիղ եթերում բանավիճելու մասին:

Դատախազի կողմից տրամադրված տեղեկատվությունը չի կարող վտանգի տակ դնել անհատների իրավունքները և օրինական շահերը, ներառյալ այնպիսի խոցելի խմբերի, ինչպիսիք են տուժողները, մեղադրյալի ընտանիքի անդամները, քրեական գործի տվյալների պաշտպանության պահանջը, գաղտնիության պարտականությունը: Հանրությանը տրամադրված տեղեկատվությունը չպետք է վնասի նախաքննության նպատակին: Այն չպետք է ոտնահարի ոչ երրորդ կողմի, ոչ էլ քննության այլ մասնակիցների իրավունքները: Դա չպետք է ազդեցություն ունենա նախաքննության արդյուքների վրա:

Տեղեկատվության տրամադրումը չպետք է վտանգի վկաների և ընդհանրապես վարույթի մասնակիցների անվտանգությունը: Հավասարակշռություն պետք է ապահովվի անմեղության կանխավարկածի, հանրության տեղեկացված լինելու իրավունքի և անձանց արժանապատվությունն ու հեղինակությունը ապահովելու միջև: Դատական քննության փուլում, մասնակիցները անկախ իրենց դերից, ունեն իրենց հեղինակության և արժանապատվության, անձնական և ընտանեական կյանքի, անձնական անվտանգության հարգելու իրավունք:

ՀՀ գլխավոր դատախազությունը կարևորում է հանրության տեղեկացված լինելու իրավունքը, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների» պաշտպանության մասին եվրոպական կոնվեցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված արտահայտվելու ազատությունը, սակայն միևնույն ժամանակ անհրաժեշտ է համարում հավասարակշռության պահպանումը մամուլի ազատության և Կոնվենցիայի 6–րդ և 8-րդ հոդվածներով երաշխավորված արդար դատաքննության, անձնական և ընտանեկան կյանքի հարգման իրավունքների միջև:

ՀՀ գլխավոր դատախազ պարոն Կոստանյանի հայտարարությունը հրապարակային քննարկումների վերաբերյալ մշտապես ուժի մեջ է, եթե քննարկման կողմերի համար ընդունելի են մարդու իրավունքների և հիմնական ազատությունների, օրինական շահերի հավասարակշռման երաշխիքները, որոնցով այդ իրավունքների իրականացումը կարող է սահմանափակվել օրենքով սահմանված կարգով, ժողովրդավարական սկզբուքներով, այն չափով որը անհրաժեշտ է և համապատասխանում է սահմանափակման նպատակին:

Վերահաստատելով իր դիրքորոշումը` ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, պատրաստ է ընդունել ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանին և վերջինիս հետաքրքրող հարցերի շուրջ քննարկում ունենալ նրա հետ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել