«Կողքիդ որ թշնամի լինի, կարո՞ղ ես այդպես ապրել, ինձ թվում է՝ ոչ»․ Արցախից բռնի տեղահանված

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Նաիրա Ասրյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց, որ տեղահնվել է Ասկերանի շրջանից։

Նրա խոսքով՝ 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով էլ են ստիպված եղել տեղահանվել։

«Որ վերադարձանք, վախ չկար։ Չէինք պատկերացնում նման բան, որ ամբողջ Արցախը կհայաթափվի Նախիջևանի նման»,-նշեց նա։

Մեր զրուցակիցը պատմում է, որ շրջափակման շուրջ ինը ամիսներն անցկացրել են վախով։

«Մեր տան եղածներով «յոլա» ենք գնացել։ Գլխավոր պակասությունը զգացել ենք շաքարավազի և ձեթի մեջ։ Նման բանի չէինք սպասում։ Ասինք՝ ամեն ինչ լավ կլինի, պետությունները կօգնեն։ Չստացվեց»,-նշեց նա։

Տիկին Նաիրան ասում է, որ իրենք սեպտեմբերի 19-ից մինչև 25-ը եղել են Ստեփանակերտի օդանավակայանում։

«Գիշեր-ցերեկ այնտեղ ենք անցկացել։ Սեպտեմբերի 25-ին եկան, ասացին՝ պատրաստվեք, դուրս ենք գալիս։ Գնացինք մեր տուն՝ Ասկերան։ Սեպտեմբերի 26-ին դուրս եկանք։ Ամեն ինչ թողել ենք այնտեղ, մի քանի շոր ենք վերցրել մեր հետ։ Երկու հարկանի տուն ենք թողել՝ ամեն ինչով։ Ամեն ինչ թողել ենք։ Նրանց նպատակն այն էր, որ հայերն Արցախից հեռանան։ Իրենց նպատակին հասան»,-նշեց նա։

Նա ասում է, որ հնարավոր չի լինի վերադառնալ Արցախ։

«Կողքիդ որ թշնամի լինի, կարող՞ ես այդպես ապրել, ինձ թվում է՝ ոչ։ Ես դրան պատրաստ չեմ, ինտեգրման ես պատրաստ չեմ։ Միայն այն պայմանով, որ իրենք հետ քաշվեն»,-ասաց մեր զրուցակիցը։

——————————————————————————————————————

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Մանրամասները՝ տեսանյութում։

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։

 Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել