«Թուղթ ու գիր», մոգություն, մարգարեություն․․․ եկեղեցու վերաբերմունքն այս ամենին

«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Iravaban.net-ը Գևորգյան հոգևոր ճեմարանի սան Տոնո սարկավագ Ղազարյանի հետ զրուցել է գուշակությունների մասին։

-Գուշակություններին եկեղեցին ինչպե՞ս է վերաբերում։ Ինչո՞ւ են մարդիկ ձգտում իմանալ իրենց ապագան։

-Եկեղեցին ի սկզբանե գուշակություններին բացասական վերաբերմունք է տալիս։ Դեռևս Հին Կտակարանից, Աստված, երբ իր ընտրյալ ժողովրդին՝ Իսրայելին առաջնորդում է դեպի Ավետյաց երկիր, պատվիրում է, որ երբ նրանք հասնեն այնտեղ, չտրվեն տեղի կռապաշտություններին և ասում է՝ մի լսեք այդ մարգարեների խոսքերը կամ երազահանների երազները, որովհետև Տերը՝ Աստված փորձում է ձեզ՝ հասկանալու համար արդյոք դուք սիրում եք Տիրոջը, թե ոչ։

-Եթե այդ ամենը արվում է պարզապես զվարճանալու կամ ժամանակ անցկացնելու նպատակով, դա ևս համարվո՞ւմ մեղք։

-Երբ որ մենք կատարում ենք առաջին քայլը, թեկուզ և հետաքրքրությունից դրդված, մենք արդեն ներքաշվում ենք այդ ամենի մեջ։ Մի հայտնի խոսք կա՝ դժվարը առաջին քայլը կատարելն է։ Այդպիսով մենք գտնվում ենք այն դաշտում, որում մեզ փորձում է ներքաշել չարը՝ սատանան։ Այսինքն մենք արդեն գտնվում ենք իր դաշտում և արդեն հետագա քայլերը արդեն ավելի հեշտ են կատարվում։ Հետագայում համոզելը մեզ ավելի հեշտ է կատարվում։

-Ի՞նչ է մարգարեությունը, ինչո՞վ է այն տարբերվում գուշակությունից։

-Մարգարեությունը, որը տրվում էր Աստծո կողմից, հստակ նպատակ ուներ՝ մարդկանց առաջնորդել ճշմարիտ ուղղով դեպի Աստված։ Իսկ գուշակությունների պարագայում դա դրսևորվում է հետաքրքրության մակարդակում, այսինքն այն որևէ նպատակ չունի, ունի բացասական նպատակ, բայց որևէ դրական նպատակ իր մեջ չի ներառում։

-Հիմա մեր մեջ մարգարեներ կա՞ն։

-Իհարկե կան մարգարեներ այսօր ևս։ Հատկապես վանական միջավայրերում են։ Նրանք Աստծո կողմից, տեսիլքների միջոցով որոշակի հայտնություն են ստանում և ըստ դրա փորձում են գործել։

-Ի՞նչ է աստղագուշակությունը, սրան ի՞նչ վերաբերմունք ունի եկեղեցին։

-Դա գուշակությունների տարատեսակ դրսևորումներից մեկն է։ Դա դեռևս հին ժամանակներից եղել է։ Եկավ ժամանակ, երբ աստղագիտություն գիտությունը ներկայացրեցին որպես հեղինակություն։ Գիտությունը ճշգրիտ երևույթ է, դրա շնորհիվ է, որ մարդկանց մոտ որոշակիորեն ընդունելի է դառնում աստղագուշակությունը։ Սակայն, եթե որևէ աստվածաբանի հետ խոսենք այս թեմայով՝ նրան ուղղակի կասեն, որ աստղագուշակություն երևույթը ծիծաղելի է։

-Ովքե՞ր են գուշակները։

-Դա ընդհանրական մի տերմին է, շատ բնորոշումներ կարող ենք տալ դրան։ Առաջին մակարդակը նրանք են, ովքեր մեզ իրենց ծառայություններն են առաջարկում գումարի դիմաց։ Իրականում գուշակություն անելու փոխարեն հակառակ պրոցեսն է տեղի ունենում, նրանք մեզնից ստանում են ինֆորմացիա։ Այս մարդկանց կարելի է անվանել պարզ խաբեբաներ, ովքեր այդ գուշակության ընթացքում իրենց խոսքային հատուկ մշակույթի միջոցով մեզնից մեր մասին մեծ քանակությամբ ինֆորմացիա են վերցնում։ Երկրորդ մակարդակն այն խմբերն են, որոնք կարծում են, թե իրենց որոշակի զորություն է տրված՝ կատարելու գուշակություններ և որպես հեղինակություն նրանք բերում են այս կամ այն սրբավայրը կամ սրբությունը։ Սրանով նրանք իրենց կատարած գուշակությանը փորձում են հեղինակություն տալ։

-Ի՞նչ է «թուղթ ու գիրը»։ Արդյո՞ք նման բաները ազդեցություն ունեն։

-«Թուղթ ու գիրն» իրենից ենթադրում է երեք կողմ։ Մեկը՝ ում կողմից պատվիրվում է դա, երկրորդը՝ անձն է, որը կատարում է այդ սև մոգությունը և երրորդը՝ ում նկատմամբ կատարվում է «թուղթ ու գիրը»։ Առաջին երկուսն արդեն իսկ գտնվում է սատանայի դաշտում։ Նրանք երրորդ անձին էլ են փորձում ներքաշել այս ամենի մեջ։ Մեր զենքն աղոթքն է, որի միջոցով մենք կարող ենք պայքարել այդ չարությունների դեմ։ Եթե մտածում եք, որ ինչ-որ անձ «թուղթ ու գիր» է կատարել ձեր դեմ, ուղղակի չպետք է այդ ամենին ուշադրություն դարձնել։ «Թուղթ ու գիրն» ունենում է ազդեցություն, երբ գնում ես սատանայի դաշտ, տուրք ես տալիս սատանային։ Սակայն, երբ դու դրան անուշադրության ես մատնում և աղոթքով պայքարում ես, այն չի կարող որևէ իրական քրիստոնյայի վրա ունենալ ազդեցություն։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել