«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Iravaban.net-ը Գեղարքունիքի թեմի Սևանավանքի վանահայր Տեր Մինաս ավագ քահանա Մարտիրոսյանի հետ զրուցել է քրիստոնյայի կերպարի մասին։
-Ի՞նչ ենք հասկանում քրիստոնյայի կերպար ասելով։ Այն ավելի հոգևոր նշանակություն ունի, թե՞ ֆիզիկական:
-Հասկանում ենք ամեն բան․ և՛ ֆիզիկական, և՛ մտավոր, և՛ հոգևոր։ Ֆիզիկական ասելով հասկանում ենք իր կեցվածքը, սկսած հագուստից, պահվածքը հասարակության մեջ, նրա արարքները բարոյական կամ անբարոյական։ Մտավոր ասելով՝ հասկանում ենք նրա մտածումները, նրա գաղափարականը, իսկ հոգևորը վերաբերում է նրա փոխհարաբերությանը Աստծո հետ և դրա միջոցով նաև մարդկանց հետ։
-Ի՞նչն է հակասում քրիստոնյայի կերպարին։
-Քրիստոնյայի կերպարին հակասում են մոլությունները։ Օրինակ՝ հպարտությունը, նախանձը, բարկությունը, ատելությունը, ագահությունը, ծուլությունը, պիղծ մտքեր ունենալը, որկրամուլությունը։ Ես հիմնականում թվարկեցի մահացու մեղքերը։ Եթե ընդհանրացնենք, 2 հիմնական բան կա, որոնք խանգարում են մարդուն՝ ապրել քրիստոնեական կյանքով, ընդհանրապես Աստծուն ընդունել, դրանք են՝ հպարտությունը և եսամոլությունը։
-Կա՞ հագուստ, որով արգելվում է մտնել եկեղեցի և՛ կանանց, և՛ տղամարդկանց դեպքում։
-Անշուշտ, կան անպարկեշտ հագուստներ, որոնք բնականաբար պետք է չլինեն մարդու հագին։ Դրանք բաց հագուստներն են, կիսաբաց հագուստներն են, այսօրվա պատառոտված հագուստներն են։
-Ինչո՞ւ են կանայք գլխաշոր կրում։
-Կանանց գլխաշոր կրելու մասին կա ավետարանական որոշակի պատգամ, Պողոս Առաքյալը խոսում է դրա մասին։ Կնոջ գլխաշոր կրելը, դա նրա կողմից տղամարդու իշխանությունն ընդունել է նշանակում նաև։ Անշուշտ, առաքյալ ասում է՝ հրեշտակների պատճառով նաև, բայց հրեշտակները գայթակղվելու խնդիր չունեն։
-Ինչո՞ւ է կանանց խորան բարձրանալն արգելվում։
-Անկեղծ՝ ոչ միշտ է արգելված, դեպքեր կան, որ կանանց թույլ է տրվում, օրինակ՝ մինչև կանացի չափահասության հասնելը կարելի է խորան բարձրացնելը։ Բայց կանանց խորան չբարձրանալու խնդիրը ավելի շատ կապված է այն երևույթի հետ, որը կոչվում է անմաքրության շրջան, դաշտանի շրջանը։ Քանի որ ինչ-որ իմաստով անհարմար է այդպիսի բաների մասին խոսելը, ավելի ճիշտ է չբարձրանալը։ Նման վիճակով բարձրանալ խորան անգամ տղամարդկանց է արգելվում։
-Ինչո՞ւ են եկեղեցուց դուրս գալիս դեմքը դեպի խորանը։
-Հավատացյալը եկեղեցուց դուրս գալիս, ոչ թե պետք է հետ-հետ քայլի, այլ վերջում դռան մոտ պարզապես շրջվի խոնարհվի, խաչակնքվի և նոր դուրս գա։ Այդպես քայլելը նույնիսկ անհարմար է։
-Ի՞նչ ապրելակերպ պետք է վարի հայ քրիստոնյան։
-Առաջին հերթին քրիստոնյան ունի մի քանի պարտականություն՝ իր անձի հանդեպ, հայրենիքի հանդեպ, Աստծո հանդեպ, հասարակության հանդեպ, ընտանիքում և այլն։ Ես ասեմ, թե ինչպիսին պետք է լինի քրիստոնյան իր հարաբերություններում Աստծո հետ։ Աստծուն ինքը պետք է և՛ հավատա, և՛ լսի։ Այսինքն նրա պատվիրանները սերտի և ձգտի այն իր կյանքում իրագործել, սիրի Աստծուն։ Քրիստոնյան նաև պետք է սիրի իր անձը, այսինքն ամեն բան անի իր փրկության համար, Աստծուն մոտենալու համար։ Նաև պետք է սիրի իր մերձավորին։ Քրիստոնյան պարտականություններ ունի հայրենիքի հանդեպ։ Քրիստոնյան շատ լուրջ պարտականություններ ունի ընտանիքում։
-Հիմա շատ է խոսվում հայրենասիրության մասին։ Ինչպե՞ս պետք է սիրել հայրենիքը։
-Հայրենասեր լինելու համար նախ պետք է ուժեղ լինեն։ Ուժեղ ոչ միայն ֆիզիկապես և ոչ միայն մտավոր առումներով, այլ մանավանդ հոգևոր առումով, մենք պետք է իսկապես զորացած լինենք Տիրոջով։ Մեր ֆիզիկականը նույնպես պետք է ձգտենք առողջ պահել, ամուր պահել, որ կարողանանք դիմակայել սպասվելիք փորձություններին։ Հայրենիքի պաշտպանությունը, անվտանգությունը, հայրենիքի փառք ու պատիվը բարձր պահելը․ սրանք ուժեղ մարդկանց են հատուկ։ Հայրենասիրության դրսևորումն անհրաժեշտության դեպքում պատրաստակամությունն է ամեն բան տալու, այդ թվում՝ կյանքը, սա բարձրագույն սերն է։ Վասն հավատո և վասն հայրենյաց։
-Ո՞վ է մերձավորը և արդյո՞ք թշնամին էլ է համարվում մերձավոր։
-Մերձավորն այն անձն է, որն ունի մեր կարիքը, իսկ իրականության մեջ այո, թշնամին էլ ունի մեր կարիքը։ Մեր աղոթքի կարիքը, մեր բարյացակամ վերաբերմունքի կարիքը։ Խոսքս անձնական թշնամուն է վերաբերվում։ Բայց կարելի է այն տարածել նաև ազգի թշնամու նկատմամբ։ Մենք ունենք հարևան, որն ատում է մեզ, որն ամեն բանում փորձում է վնասել մեզ։ Մենք պիտի նույն ատելությա՞մբ վերաբերվենք նրանց, ոչ իհարկե։ Որպես քրիստոնյա, մենք պետք է այսպես դիտենք․ ինչպես Աստված չի ուզում մեղավորի մահը, ճիշտ այդպես մենք էլ պիտի սիրենք մեր թշնամուն այդ առումով։
-Ի՞նչ վերաբերմունք ունի եկեղեցին դաջվածքներ անելուն։
-Աստվածաշունչը խոսում է դրա մասին և դա պղծություն է համարում։ Դրանցից պետք է խուսափել։ Ընդհանրապես, մարդու մարմինը իրենը չէ, Աստծունն է, մենք պետք է Աստծո տված այդ արժեքին ճիշտ վերաբերվենք։
Մանրամասները՝ տեսանյութում։