Ճանապարհային ոստիկանությունը բեկանել է իր կողմից կայացված վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը:
«Անթերի համակարգ չկա: Հնարավոր է ինչ-որ որոշում կայացնելիս ինչ-որ հանգամանք նկատած չլինենք, բայց քաղաքացիները կարող են գալ և ներկայացնել պատշաճ ապացույց: Այդ դեպքում մենք խնդրում ենք քաղաքացուն, որ ներկայացնի դիմում-բողոք, որպեսզի կարողանանք վարաչական վարույթ իրականացնել: Քաղաքացու ներկայացրած բոլոր ապացույցները հաշվի են առնվում և արդյունքում կայացվում է ճիշտ որոշում»,- այս մասին Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՃՈ տեսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի արձանագրման բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Էդուարդ Բազիկյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ ոստիկանությունն աշխատում է միանշանակ հօգուտ վարորդների. «Ցանկացած դեպքում, երբ ՃՈ կողմից արձանագրվում է խախտում և կազմվում որոշում, վարորդը՝ ակտի հասցեատերը, իրավունք ունի իր հանդեպ կայացրած որոշումը օրենքով սահմանված կարգով բողոքարկել՝ ներկայացնելով պատշաճ ապացույց: Այսինքն՝ կարողանա ապացուցել, որ իր մեղքը չկա»:
Մասնագիտությամբ հոգեբան, վարորդ Արեն Սիմոնյանը կատարել էր կարմիր լույսի խախտում, որն արձանագրվել է տեսանկարահանող սարքով:
Նրա հավաստամամբ՝ նշված խախտումը կատարել է առանց դիտավորության՝ ելնելով ստեղծված դրությունից. «Ես կարմիր լույսի տակ կանգնում եմ, բայց կողքիս կանգնած ավտոբուսը փակում է իմ տեսադաշտը և ես չեմ կարողանում լուսացույցը տեսնել: Երբ նայում եմ աջ, լուսացույցը չեմ տեսնում, իսկ ձախ կողմում լուսացույց ընդհանրապես չկա: Ստիպված շարժվում եմ՝ մյուս մեքենաների ընթացքին հետևելով: Մի փոքր առաջ գնալով՝ տեսնում եմ, որ կարմիր լույսը դեռևս չի փոխվել և կանգնում եմ: Հենց դա էլ ֆիքսում է տեսանկարահանող սարքը»:
Ոստիկանության կայացրած որոշումը քաղաքացին բողոքարկում է, սակայն ոստիկանությունից ստանում է դիմումին ոչ պատշաճ պատասխան. «Իմ բողոքի մեջ ես նշում եմ, որ խախտման պատճառ է հանդիսացել դիմացի լուսացույցի բացակայությունը և ինձանից աջ գտնվող ավտոբուսի կանգ գծից բավական առաջ գտնվելը: Սակայն բողոքարկման պատասխանում նշվում է, որ ես պետք է կողմնորոշվեի ձախ կողմի լուսացույցով, մինչդեռ այնտեղ լուսացույց չկա: Խախտումը կատարվել է Կարապետ Ուլնեցի և Դավիթ Անհաղթ փողոցների խաչմերուկում»:
Համամիտ չլինելով ստացած պատասխանի հետ՝ Արեն Սիմոնյանը նորից որոշում է գնալ ՃՈ:
«Գնում եմ դիմում-բողոքների բաժին՝ 209 սենյակ: Այնտեղ ասում եմ, որ ստացած պատասխանը չի բավարարում ինձ, բայց նորից լսում եմ նույն պատասխանը՝ Դուք պետք է կողմորոշվեիք ձախ լուսացույցով ու փորձում ինձ համոզել, որ այնտեղ կա տեղադրված լուսացույց: Ես 10 հազար դրամի համար չեմ պայքարում: Ինձ համար պարզապես վիրավորական է այն, որ իրականում լուսացույց չկա, բայց ինձ փորձում են հակառակում համոզել»,- պատմում է Արեն Սիմոնյանը, ապա հավելում, որ դատարան կդիմեր միայն այն դեպքում, երբ վստահ լիներ, որ կստանա բարոյական վնասի փոխհատուցում. «Եթե ես իմանամ, որ դատարան դիմելու ժամանակ կստանամ բարոյական վնասի փոխհատուցում, գուցե դիմեի, բայց այն, որ ինձ դատարանում ասեն՝ Դուք ճիշտ եք ու չեք վճարելու 10 հազար դրամ՝ ինձ հարկավոր չի»:
Ոստիկանության մայոր Էդուարդ Բազիկյանի խոսքով՝ նշված իրավիճակում ավտոբուսի հանգամանքը կարող ենք համարել մեղմացուցիչ, սակայն օրենքի տեսանկյունից՝ օրենք է խախտվել հետևաբար կա մեղք. «Այս պարագայում, երբ ավտոբուսը փակել էր Արեն Սիմոնյանի տեսադաշտը, իսկ վերջինիս կողմնորշվելու համար կար միայն մեկ լուսացույց, քանի որ դիմացի լուսացույցը չէր գործում՝ ստիպված խախտում է կատարվել: Բայց վարորդը չպետք է շարժվի, քանի դեռ չի տեսել լույսի փոփոխությունը»:
Ոստիկանության մայորը նշեց, որ շատ դիմումներ կան, որոնցով որոշում է կայացվում հօգուտ վարորդի, այսինքն՝ նախկին որոշումները բեկանվում են. «Պատահում են դեպքեր, երբ վարորդները տեղեկանք են բերում հիվանդանոցից, որ խիստ անհրաժեշտության դեպքում ծանր վիճակում հիվանդ եմ տեղափոխել սեփական մեքենայով, դրա համար էլ կատարել են այս կամ այն խախտումը: Բոլոր այդ քաղաքացիների դիմումները մեր կողմից բավարարվել են: Սակայն եղել են վարորդներ, որվքեր ներկայացրել են հիվանդության էպիկրիզը, բայց դա բավարար ապացույց չէ, քանի որ հիվանդին տեղափոխելու մասին ոչինչ չկա ասված»:
Էդուարդ Բազիկյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ եթե վարորդի ներկայացրած դիմում բողոքում կա որևէ անհասկանալի կետ, ապա վարորդն անձամբ է հրավիրվում ոստիկանություն՝ խնդիրը ճշտելու և հետագայում ճիշտ որոշում կայացնելու համար:
Իրավաբան.net-ի զրուցակից Արեն Սիմոնյանը երկրորդ անգամ ճանապարհային ոստիկանության աշխատակցի կանչով այցելում է ՃՈ:
«Երկրորդ անգամ, երբ գնացի, ինձ ասացին, որ ճիշտ է՝ ձախ կողմում չկա տեղադրված լուսացույց, բայց ես պետք է սպասեի այնքան մինչև ավտոբուսը կգնար և նոր շարժվեի: Ես համաձայնեցի նրա հետ և խնդրեցի, որ մեկնաբանի իրենց ուղարկած պատասխանը, որտեղ ամեն կերպ ինձ փորձում են համոզել, որ ձախ կողմում կա տեղադրված լուսացույց»,- պատմում է մեր զրուզակիցը, ինչպես նաև ավելացնում, որ նրանից նոր դիմում են խնդրել, որպեսզի վարչական վարույթը վերսկսվի. «Նրանք ինձ ասացին, որ ինձ ուղղված պատասխանի մեջ գրվածը վրիպում է եղել, վերցրին ինձանից իրենց ուղարկած պատասխան բնօրինակը և նոր դիմումը, որը ես վաղուց էի գրել և նշել, որ իրենց կայացրած որոշման հետ համամիտ չեմ»:
Կարճ ժամանակ անց ՃՈ-ն Արեն Սիմոնյանին ուղարկում է նոր որոշումը, որով բեկանում է նախկինում կայացրած՝ վարչական իրավախախտման մասին որոշումը:
«Ճանապարհային ոստիկանությունը պետք է ավելի ուշադիր լինի, քանի որ երբեմն վարորդները որևէ խախտում ստիպված են կատարում: Նրանց նպատակը վարորդներին կրթելը պետք է լինի, իսկ պատժելով և վախի մթնոլորտ սերմանելով իրավական գիտակցություն չի ձևավորվի երբեք: Եթե վարորդի խախտումը վտանգ է ներկայացնում, ապա այդ դեպքում, պետք է խիստ պատժել, անգամ զրկել վարորդական իրավունքից, իսկ եթե խախտումը վտանգ չի ներկայացնում և միաժամանակ վարորդը այլ տարբերակ չուներ, ապա կարելի է ավելի մեղմ գտնվել: Վերջիվերջո կարևորը քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է, այլ ոչ թե նրանց պատժելը»,- զրույցի վերջում հավելեց Արեն Սիմոնյանը:
Հ.Գ. 34-ամյա Արեն Սիմոնյանը 2008 թվականից մինչ օրս զբաղվում է ծնողական խնամքից զուրկ մնացած՝ 15-21 տարեկան երեխաների դաստիարակությամբ և կրթմամբ՝ «ՍՕՍ-Մանկական գյուղեր» ՀԲՀ-ում աշխատելով որպես մանկավարժ: Նա, տեղյակ լինելով իր իրավունքներից, կարողացավ հասնել հաջողության: Վերջինիս կարծիքով՝ ՃՈ-ն մինչև վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը վարորդին ուղարկելը նախապես պետք է մանրամասն ուսումնասիրի այն, նոր միայն որոշի՝ «պատժել» վարորդին, թե՝ ոչ:
Արև Ավագյան
Իրավաբան.net