«Արնդանե» ընկերությունը միջնորդել է Այվազովսկու 14-ի անշարժ գույքի գործով արագացված կարգով դատաքննություն անցկացնել

ՕԳԱԳՈՐԾՎԱԾ ՆԿԱՐՆ ԱՅՍ ՆԻՍՏԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՉԻ ԱՐՎԵԼ։

«Կեչառիս հոթել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արա Հակոբյանը հայց է ներկայացրել ընդդեմ պարտապան Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի՝ պահանջելով, որ Այվազովսկու թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքի աճուրդը չկայացած ճանաչվի և դրա հիման վրա Հովհաննես Սողոմոնյանի և «Արնդանե» ՍՊԸ-ի միջև 2021-ի դեկտեմբերի 10-ին նույն անշարժ գույքի նկատմամբ կնքված աճուրդային առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչվի՝ կիրառելով անվավերության հետևանքները։

Նշենք, որ Iravaban.net հետաքննություն  է հրապարակել Այվազովսկու 14 հասցեի տարածքի համար հայտարարված շուրջ 70 աճուրդների մասին, որոնցում հաղթողները փոխկապակցված են Միհրան Պողոսյանի հետ։

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Աջափնյակ-2» նստավայրում տեղի է ունեցել նշված գործով հերթական նիստը՝ դատավոր Մարիաննա Ստեփանյանի նախագահությամբ։ Նիստի սկզբում նա հայտնեց, որ Արա Հակոբյանի ներկայացրած հայցադիմումի դեմ լրացուցիչ առարկություններ է ներկայացրել «Արնդանե»-ի ներկայացուցիչ Ներսես Աղաբաբյանը։

Փաստաբանը հիշեցրեց՝ գործով արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել, հայցվոր կողմն իր հերթին առարկություններ է ներկայացրել ու նոր փաստեր մատնանշել, որոնց ցանկանում է անդրադառնալ։

«Հայցվորը կողմն իր դիրքորոշման մեջ նշում է, որ աճուրդով վաճառվող գույքի գնի վճարման ուշացումը հիմք է աճուրդը չկայացած ճանաչելու համար, ինչը չի համապատասխանում օրենսդրությանը։ Կողմը լայն մեկնաբանություն է տալիս ու նշում, որ վճարման ուշացումը խոսում է այն մասին, որ լոտը չի վաճառվել։ Իսկ դրանից հետո հետևություն է անում, որ չկայացված կարող է ճանաչվել միայն ավարտված աճուրդը։ Այս մեկնաբանությունները օրենքից չեն բխում»,-նշեց փաստաբանը ու հղումներ կատարեց «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքին, որի համաձայն՝ լոտը պետք է վաճառվի, արձանագրություն ստորագրվի, որից հետո՝ գումարի վճարում իրականացվի։

Ներսես Աղաբաբյանի խոսքով՝ տվյալ դեպքում տեղի է ունեցել «սովորական» աճուրդ, որի ընթացքում գումարի վճարման հստակ ժամկետներ սահմանված չեն՝ ի տարբերություն հարկադիր աճուրդների։ Ըստ փաստաբանի՝ հայցվորը հղում է արել Արդարադատության նախարարի 2020 թվականի հրամանի վրա, որը ուժի մեջ է մտել նույն թվականի ապրիլի 14-ին․ «Մեր դեպքում աճուրդը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին, նշված հրամանը հետադարձ ուժ ունենալ չի կարող»։

Հայցվորի ներկայացուցիչ Լյուդվիգ Դավթյանը դատարանում հայտարարեց՝ օրենքի տրամաբանությունն այնպիսի է, որ քանի դեռ լոտի գումարը չի վճարվել, այդ աճուրդը չի կարող համարվել կայացած․ «Կողմերի միջև ստորագրված արձանագրության մեջ ևս գրված է, որ օրենքով սահմանված ժամկետում լոտի գինը չվճարելու դեպքում աճուրդը ենթակա է չկայացած հայտարարելուն։ Աճուրդի արձանագրության մեջ է այդպես գրված։ Օրենքն էլ սահմանում է, որ լոտի գինը վճարելու ժամկետը որոշվում է արձանագրության և հրապարակային սակարկությունների մասին հայտարարությամբ»։

Նա ևս մեկ անգամ պնդեց․ լոտի գինը չվճարելը հանգեցնում է աճուրդի չկայացած հայտարարելուն։ Դատավորը հետաքրքրվեց՝ հայցվորը ինչպե՞ս է տեսնում իր ենթադրյալ խախտված իրավունքների վերականգնումը։

Փաստաբանը նշեց, որ կվերանան այն խոչընդոտները, որոնք կան Արա Հակոբյանի սեփականության իրավունքի գրանցման համար․ «Մենք գտնում ենք, որ երբ գործող գրանցումը վերացվի․․․չեմ կարող ասել այս պահին, թե ինչ կանենք։ Դատավարական տեսանկյունից՝ իմ վստահորդի շահերից չի բխում ասելը, թե ինչ կանենք»։

Հայցվորի մյուս ներկայացուցիչը ավելացրեց, որ մինչև հայցապահանջի հարուցումը կողմը գույքի նկատմամբ իրավունք գրանցելու պահանջով հանդես էինք եկել ու իրավունքի պետական գրանցումը, նրանց կամքից անկախ հիմքերով, կասեցվել է․ «Միայն էդ մի հիմքով մենք արդեն իսկ շահագրգիռ ենք»։

Ներսես Աղաբաբյանը հակադարձեց․ Արա Հակոբյանի իրավունքների գրանցումը կասեցվել է բազմաթիվ հիմքերով, դրանք 1-ը կամ 2-ը չեն․ «Պայմանագրում նշված չի եղել հողամասի մակերեսը, սեփականության վկայականի համարը, պայմանագրում ձեռագիր փոփոխություններ են կատարվել և այլն։ Բացի այդ, հողի կադաստրային արժեքը չի վճարվել»։

Դատարանը ևս մեկ հարց ուղղեց հայցվոր կողմին։ Կողմը աճուրդը և՛ անվավեր, և՛ չկայացած ճանաչելու վերաբերյալ հայցադիմումներ է ներկայացրել․ «Հիմա, ի վերջո, աճուրդը պետք է անվավե՞ր, թե՞ չկայացված ճանաչվի։ Դուք էլ համոզվա՞ծ չեք, թե ինչ է եղել և որ պաշտպանության միջոցն ընտրել»։

Ի պատասխան Լյուդվիգ Դավթյանը նշեց, որ գործով պատասխանողների կողմից այնքան խախտումներ են արվել, որ ցանկացած խախտում հնարավոր է հիմնավորել, այդ թվում՝ հիմնավորել նաև աճուրդի չկայացած լինելը․ «Մեր վստահորդի շահերի պաշտպանությունից ելնելով մենք ձեռնարկել ենք բոլոր հնարավոր օրինական միջոցները։ Վստահ ենք՝ կան և՛ անվավերության, և ՛ չկայացած լինելու հիմքեր»։

Սնանկության կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի ներկայացուցիչ Արթուր Ապիկյանը դատարանում հայտարարեց, որ Սնանկության դատարանը արդեն իսկ գնահատել է աճուրդի հիմքերը։

«Դատարանն արձանագրել է, որ Ստամբոլցյանին պատկանող և տվյալ դեպքում վեճի առարկա հանդիսացող անշարժ գույքը սնանկության վարույթի շրջանակներում իրացման ենթակա գույք է։ Եթե նույնիսկ աճուրդն անվավեր ճանաչվի, դա դեռ չի նշանակում, որ հայցվորի իրավունքները կարող են գրանցվել։ Դա սնանկության շրջանակներում ներառված գույք է և այն սնանկության կառավարիչը պետք է ներկայացնի աճուրդի։ Կարծում ենք, հայցվորը չի կարող շահագրգիռ անձ հանդիսանալ, որովհետև նա աճուրդի կողմ չի հանդիսացել, դրան չի առնչվել»,-նշեց Արթուր Ապիկյանը՝ հավելելով, որ իր կարծիքով՝ աճուրդը չի կարող ճանաչվել և՛ անվավեր, և՛ չկայացած։
Արա Հակոբյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը նշեց սակայն, որ սնանկության կառավարչի գործողությունների ընթացակարգերի կոպտագույն խախտմամբ են իրականացվել։

«Սնանկության կառավարիչը սահմանազանցել իր լիազորությունները և չէր կարող նման հիմքերի առկայության պայմաններում կատարել գումարի բաշխում։ Նա չէր կարող նաև լոտի համար վճարվող գումարի ժամկետը երկարաձգել։ Փաստաթղթերի կեղծիք է տեղի ունեցել, կեղծել են կողմերը այդ փաստաթղթերը։ Մենք որքան փորձեցինք հետամուտ չլինել այդ գործընթացին, քաղաքացիաիրավական տիրույթում այդ խնդիրը զարգացնել, վեկտորը հա բերվում է քրեաիրավական դաշտ։ Ոնց որ թե գործընկերներն այդ ուղղությունն են ուզում ավելի շատ զարգացնել։ Եղել է հետևյալը․ աճուրդի արձանագրությունից գումարը հետ է փոխանցվել, դրանից հետո կազմվել է արձանագրություն։ Տեսել են, որ կարելի է գործարքը անել՝ անտեսելով, որ 3-րդ անձի գրանցված իրավունքները կան»,-նշեց Վարազդատ Ասատրյանը։

Փաստաբանին հակադարձեց Ներսես Աղաբաբյանը՝ հիշեցնելով, որ սույն գործի հետ կապված հարուցված է քրեական գործ, որը առնչվում է ոչ թե այն աճուրդին, որով հաղթող է ճանաչվել «Արնդանե» ՍՊԸ-ն, այլ դրան նախորդած աճուրդին, որով ձեռք բերող է հանդիսանում հայցվորը։

«Հայցի բավարարման դեպքում հայցվորի մոտ որևէ իրավունք չի առաջանալու։ Հայցվորը պահանջել է չկայացված ճանաչել մի աճուրդ, որին նա մասնակցություն չի ունեցել: Աճուրդ մի գույքի վերաբերյալ, որի սեփականատերը հայցվորը երբեք չի եղել։ Եթե հայցը բավարարվի, ապա գույքի սեփականատեր կդառնա Արմեն Ստամբոլցյանը։ Իսկ հետո, թե ինչ կլինի, ոչ ոք չգիտի»,-նշեց նա։

Հնարավոր շահագրգիռ կողմերին ծանուցելու հիմքով նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել