Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու համար պատիժ է սահմանված Քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածով։
1. Հանրաքվեի կամ ընտրությունների ընթացքում ձայներն ակնհայտ սխալ հաշվելը կամ ընտրությունների արդյունքները, այդ թվում` արձանագրությունները, դրանց պատճենները, այլ ընտրական փաստաթղթերը կամ դրանց քաղվածքները ակնհայտ սխալ տվյալներով հաստատելը, համակարգչում ակնհայտ սխալ տվյալներ մուտքագրելը, մուտքագրված տվյալները փոփոխելը կամ ընտրողի քվեաթերթիկը կամ քվեարկության ծրարն անվավեր կամ չսահմանված նմուշի դարձնելը, ինչպես նաև այլ եղանակով ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը կամ այդ նպատակով ընտրական փաստաթղթերը վերադաս ընտրական մարմիններին սահմանված ժամկետում չներկայացնելը՝ պատժվում է ազատազրկմամբ` 3-6 տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով։
Iravaban.net-ը հայտնում է, որ օրենսգրքի 214-րդ հոդվածով էլ սահմանված են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար պատիժները։
1. Կեղծ տվյալ հայտնելու կամ կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ այլ ապօրինի եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը՝ պատժվում է ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով: