Արցախը 244 օր է շրջափակման մեջ է։
Ինչպես Ստեփանակետրում, այնպես էլ շրջաններում ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի և շարժական ինտերնետի խնդիրներ կան։
Հայաստանը ՄԱԿ ԱԽ-ից պահանջել է Արցախի հարցով արտակարգ նիստ անցկացնել։ ՄԱԿ անվտանգության խորհրդի նախագահին հայկական կողմը նամակ է ուղղել, որում պահանջել է անցկացնել ՄԱԿ ԱԽ արտակարգ նիստ` Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ արտակարգ նիստ գումարելու կոչով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ՀՀ կառավարության դիմումի վերաբերյալ:
«Ողջունում ենք Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումը դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Լաչինի միջանցքի ավելի քան ութ ամիս շարունակվող անօրինական արգելափակման և Արցախի անմարդկային պաշարման հետևանքով ստեղծված ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակը քննարկման դնելու խնդրանքով:
Այս կապակցությամբ կարևոր ենք համարում ընդգծել, որ օգոստոսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահը դիմել է Հայաստանի Հանրապետության Կառավարությանը՝ կոչ անելով անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետը»,-նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ռուսական «Կոմերսանտ»-ի հոդվածին, որում թերթը, հղում անելով ռուսական պետական կառույցներից իր զրուցակցին, հայտնել է Աղդամով ճանապարհը բացելու, իսկ այնուհետև Լաչինի միջանցքով տեղաշարժը վերականգնելու վերաբերյալ ՌԴ ԱԳՆ առաջարկության մասին:
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման պատճառով առաջացած սուր հումանիտար ճգնաժամի հանգուցալուծման հարցում Արցախի Հանրապետությունը միշտ ունեցել և շարունակում է ունենալ հետևողական դիրքորոշում: Այդ դիրքորոշումը հիմնված է ինչպես 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության վրա, որի 6-րդ կետը հստակ կերպով նախատեսում է Լաչինի միջանցքի գործունեության պարամետրերն ու կանոնակարգը, այնպես էլ՝ միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքների վրա:
Այս համատեքստում ցանկացած նախաձեռնություն, որը Լաչինի միջանցքի օգտագործումը, այն էլ ծայրաստիճան սահմանափակ ռեժիմով կապում է այլ հարցերի և այլընտրանքային երթուղիների հետ, այդ թվում նաև՝ Աղդամով, իրականում հանդիսանում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ իր միջազգային պարտավորությունների խախտումն օրինականացնելու և այդ երկրի նախագահի կողմից ստորագրված 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը վերանայելու փորձ: Ադրբեջանի կողմից համառորեն առաջարկվող նման մոտեցումը կանխամտածված կերպով խախտում է Արցախի ժողովրդի իրավունքներն ու նվաստացնում արժանապատվությունը, ինչպես նաև հակասում է միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի նորմերին»,-նշվում է հայտարարության մեջ:
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 12-ին` ժամը 07:43-ի սահմաններում կրակ են բացել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Արցախի ՊՆ հերքել է ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունը։
Այսօր՝ օգոստոսի 12-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը․ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 12-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, կրակ են բացել Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»։
Պաշտպանության բանակից հայտնել են նաև, որ ադրբեջանական ստորաբաժանումները օգոստոսի 12-ի վաղ առավոտյան կրակ են բացել Արցախի Հանրապետության կապի ենթակառուցվածքի սարքավորումների, իսկ ժամը 14։15-ի սահմաններում Սարուշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ։
Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան