Լավրովի առաջարկը մերժել են ԼՂՀ-ում. Коммерсантъ

Коммерсантъ-ը, վկայակոչելով ռուսական պետական ապարտի պաշտոնյայի, գրում է, որ Ռուսաստանը առաջարկել էր բացել Ակնայի (Աղդամ) և Լաչինի ճանապարհները, որին սկզբում համաձայն էր թե՛ ադրբեջանական, թե՛ արցախյան կողմը։

Տարածաշրջանային իրավիճակին ծանոթ պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջարկել էր սկզբում բացել Ակնայի ճանապարհը, այնտեղով Կարմիր խաչի մեքենաները Լեռնային Ղարաբաղ կմատակարարեին ինչ անհրաժեշտ է, իսկ մեկ օր անց, ըստ Մոսկվայի առաջարկի, կբացվեր Լաչինի ճանապարհը։

Սակայն, ըստ նրա, Ստեփանակերտը այնուհետ պայման է դրել, որ Լաչինը պետք է բացվի ոչ թե 24 ժամ հետո, այլ անմիջապես։ Այնուհետ, ԼՂՀ-ն հայտարարեց, որ ադրբեջանական ծագման ապրանքները չպետք է առաքվեն Աղդամով, հետո սկանդալ եղավ Վագիֆ Խաչատրյանի հետ, որին ԼՂՀ իշխանությունները պահանջում էին անհապաղ ազատ արձակել։ Ի վերջո, փոխզիջումը ձախողվեց։

Коммерсантъ-ի զրուցակցի փոխանցմամբ, Մոսկվայում իրավիճակը շատ լուրջ են գնահատում և համարում են, որ Բաքուն հակված չէ զիջումների։

«Իրավիճակը ինչ-որ կերպ հանդարտեցնելու բոլոր փորձերը, որ ձեռնարկում ենք մենք, արևմտյան, միջազգային կազմակերպությունները, ոչ մի բանի չեն հանգեցնում։ Բաքուն հետ չի գնում»,-ասել է պաշտոնյան՝ հավելով, որ Ղարաբաղի իշխանությունները ևս համառում են, մասնավորպես, մերժել են Աղդամի ճանապարհն օգտագործելու տարբերակը։

Ըստ Ռուսաստանի պաշտոնյայի՝ ամեն դեպքում Աղդամի ճանապարհը բացվելու է։

ԼՂՀ-ում հույս ունեն, որ Բաքվի վրա ճնշումը կմեծանա։ Իրականությունը, սակայն, այն է, որ տարածաշրջանում ազդեցության համար միմյանց հետ մրցող խաղացողներից և ոչ մեկը պատրաստ չէ Ադրբեջանի վրա բանավոր ազդեցությունից այն կողմ անցնելու:

Ռուսաստանը, ԵՄ-ն և ԱՄՆ-ն զգույշ են վարվում՝ փորձելով չվնասել Բաքվի և Երևանի միջև պոտենցիալ խաղաղության պայմանագիրը, և միևնույն ժամանակ մրցում են հիմնական խաղաղարար դառնալու իրավունքի համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել