Հարություն Սարգսյանն անքուն գիշերներ է անցկացրել խցում տեսաերիզները դիտելու համար

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 17-ին շարունակվեց Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը: Նախորդ դատական նիստը հետաձգվել էր տուժողի իրավահաջորդ Անահիտ Իսկանդարյանի ներկայացուցչի` Վարդուհի Էլբակյանի միջնորդությամբ, որպեսզի ամբաստանյալ Հարություն Սարգսյանի նկատմամբ քրեական գործի հարուցման որոշում կայացվի և ներկայացվի ՇՄ դատախազություն, քանի որ ամբաստանյալի կողմից վիրավորական արտահայտություն է արվել տուժողի իրավահաջորդի հասցեին: 

Պաշտպանական կողմի փաստաբան Լուսին Սահակյանը առարկեց միջնորդությանը. «Պետք է միջնորդել, որ քրեական գործ հարուցվի նաև տուժողի իրավահաջորդի և վերջինիս ներկայացուցչի նկատմամբ: Վարդան Ղուկասյանը դատարան եկավ սպառնաց կողմերին, վիրավորական արտահայտություններ արեց, բայց ի՞նչ արեց դատարանը, ոչինչ չձեռնարկեց, ուստի թողնում ենք դատարանի հայեցողությանը, որից էլ կերևա դատարանի անկողմնակալությունը»:

Դատարանը նշեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ վիրավորանքը եղել է փոխադարձ, որի համար դատարանը կիրառել է սանկցիա: Նախագահող դատավոր` Մ. Սարոյանը որոշում կայացրեց շարունակել մեղադրող կողմի հիմնական ապացույցներ հանդիսացող տեսաերիզների դիտումը:

Մեղադրողի կողմից տեսաերիզների դիտման ժամանակ ուշադրություն հրավիրվեց մի քանի մեքենաների շուրջ, սակայն պաշտպանական կողմը առարկություններ ներկայացրեց, նշելով, որ չի երևում անգամ ինչ մակնիշի մեքենա է, ապա ոնց կարող են հաստատել e-դասի թե c-դասի «Մերսեդես» է: Ամբաստանյալը նշեց, որ անքուն գիշերներ է անցկացրել խցում տեսաերիզները դիտելու համար, և միայն մասնագետը կարող է հստակ որակում տալ, սակայն մեղադրող Մարուխյանը նշեց, որ ամբաստանյալն իրավունք չուներ տեխնիկական միջոցներ ունենար խցում, որպեսզի անքուն գիշերներ անցկացներ: Այդ կապակցությամբ Լուսինե Սահակյանը հայտարարություն արեց, որ ճիշտ է սկզբում իրենց խոչընդոտել են աշխատելու ամբաստանյալի հետ` համակարգիչից օգտվել չթույլատրելով, սակայն ամբաստանյալն իրավունք ունի տեխնիկական միջոցներ ունենալու, որպեսզի ծանոթանա իր ապացույցներին:
Դատական նիստը կշարունակվի սեպտեմբերի 18-ին ժամը 14:00-ին:

 

Հանրային թղթակից՝ Անահիտ Ալեքսանյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել