Հայաստանի Ֆուտբոլի Fastex Պրեմիեր լիգայի 31-րդ առաջնությունն ավարտվեց։ Ժամանակն է որոշ կարևոր եզրահանգումներ կատարելու համար։ Առաջնության ձեռքբերումների և խնդիրների մասին Iravaban.net-ը զրուցել է «Երևանի ֆուտբոլի կառավարման բարձրագույն դպրոց» հիմնադրամի գործադիր տնօրեն Գերասիմ Բարսեղյանի հետ:
– Ի՞նչ ձեռքբերումներ գրանցեց Հայաստանի Ֆուտբոլի Fastex Պրեմիեր լիգայի 31-րդ առաջնությունը:
– Նախ՝ առաջնության գարնանային հատվածից սկսած՝ VAR համակարգի ներդրումը էական նշանակություն ունեցավ արդարության սկզբունքի ապահովման և մրցավարական որակյալ որոշումների կայացման առումներով։ Ինչ խոսք, համակարգը, դեռ ամբողջապես չի ադապտացվել մեր ֆուտբոլային իրողություններին, սակայն ընդհանուր գծերով կարող ենք խոսել նշանակալի որակական փոփոխության մասին։
Մարզադաշտերն անհամեմատ ավելի լավ վիճակում էին, քան նախկին առաջնության ընթացքում։ Եթե ավելացնենք նաև Գյումրիի և Աբովյանի մարզադաշտերում լուսավորության համակարգի գործարկումը, ինչը հնարավորություն տվեց առաջնության խաղերը ֆուտբոլասերների համար օրվա առավել նպաստավոր ժամանակահատվածում կազմակերպել, ապա պատկերն ավելի ամբողջական կդառնա։
Առաջնությունը սկսեցին տաս թիմեր, նույնքանն էլ հատեցին եզրագծը։ Այս հանգամանքը, որպես ձեռքբերում նշելն առաջին հայացքից, գուցեև, այնքան էլ տեղին չէ, սակայն հաշվի առնելով վերջին տարիների տխուր ավանդույթը, առանձնահատուկ շեշտելը, թերևս ավելորդ չէ։
Առաջնությունը միանշանակ մրցակցային էր։ Չորս թիմեր՝ Ուրարտու, Փյունիկ, Արարատ-Արմենիա և Ալաշկերտ, եղանակ էին ստեղծում և ապահովում թեժ և որակյալ մրցակցությունը։ Արդեն այս առաջնության ընթացքում կարող ենք փաստել, որ կայացան առնվազն երկու սկզբունքային դերբիներ՝ երևանյան՝ Ուրարտու-Փյունիկ և առայժմ հստակ անվանում չունեցող, բայց պայմանական՝ «Համար մեկ» դերբին՝ Փյունիկ-Արարատ-Արմենիա։ Բնականաբար, այս թիմերը դեռ մեծածավալ աշխատանք պետք է կատարեն, որ վերոնշյալ դիմակայություներն ավելի անզիջում և պերֆորմանսի առումով՝ առավել տպավորիչ և Էֆֆեկտիվ դառնան, սակայն ներկայում կարող ենք փաստել, որ դրանց կայուն նախադրյալներն, ավելի քան առկա են։
Հայկական ակումբներում աստիճանաբար հայտնվում են անհամեմատ ավելի շատ որակյալ լեգեոներներ։ Այս առաջնությունում մեկնարկային տեղ զբաղեցնելու համար որոշ առաջատար թիմերում թեժ մրցակցություն էր հատկապես նրանց միջև։ Անշուշտ, զգալիորեն բարձրացել է նաև հայ ֆուտբոլիստների խաղամակարդակը։
– Իսկ որո՞նք են Հայաստանի Ֆուտբոլի Fastex Պրեմիեր լիգայի 31-րդ առաջնության խնդիրները:
Վերևում նշված ձեռքբերումների ֆոնին քիչ չեն նաև ընդգծված խնդիրները, որոնք ուղղակի կամ միջնորդավորված ազդում են առաջնության որակի վրա։
Կանգ առնենք համակարգային խնդիրների վրա։ Պրոֆեսիոնալ լիգայի ստեղծումն այս առաջնության շրջանակներում էլ հետաձգվեց և որևէ հիմք չկա պնդելու, որ մեկնարկելիք մրցաշրջանում որպես փաստ կամրագրվի։ Դժվար է միանշանակ պնդել, թե հատկապես որ շահագրգիռ կողմն է այս գործընթացը հետաձգողը՝ ՀՖՖ-ն, թե՞ ակումբները, իսկ, գուցե, երկուսն էլ միասի՞ն։ Սակայն ակնհայտ է՝ սայլը տեղից ոչ մի կերպ չի տեղաշարժվում։ Այնինչ՝ լիգայի գոյությունը սկզբունքորեն կլուծեր մի շարք էական խնդիրներ։ Առաջին հերթին՝ կառավարման տեսանկյունից խիստ նպատակահարմար է, որ տարանջատվեն մրցաշարի կազմակերպիչն ու անցկացնողը մի կողմից, և քաղաքականություն մշակողը, գնահատողն ու վերահսկողը՝ մյուս կողմից։ Այլ կերպ ասած, «օրենսդիր» և «գործադիր» գործառույթներն այլևս կատարեն տարբեր կառույցները, ինչը թափանցիկ և հաշվետվողական կառավարման տեսանկյունից, միանգամայն, անխուսափելի է։ Բազմաթիվ հիմնահարցեր, ինքնաբերաբար, կլուծվեն հենց այս համատեքստում։
Նախորդ հիմնահարցի հետ, գուցե, ոչ անմիջական, սակայն որոշակի առնչություն ունի ՀՀ մարզերում բարձրակարգ ֆուտբոլի վերադարձի խնդիրը։ Հայաստանի Ֆուտբոլի Fastex Պրեմիեր լիգայի 31-րդ առաջնության մասնակից 10 թիմերից միայն երեքն ունեին ոչ երևանյան գրանցում։ Ըստ ամենայնի, հաջորդ տարի նրանց թիվը ևս մեկով էլ կպակասի։ Այս պայմաններում կարող ենք խոսել ոչ այնքան ՀՀ, որքան, գուցե, Երևանի բաց առաջնության մասին։ Ինչ խոսք, այս խնդրի լուծումը պահանջում է առավելագույն ջանքեր և ռեսուրսներ։ Աներկբա է, որ միայն տեղի անհատ նախաձեռնողների և ՏԻՄ-երի հնարավորությունները բավարար չեն ֆուտբոլային ակումբներ հիմնադրելու և կառավարելու տեսանկյունից։ Այս առումով, Կառավարության միջամտությունը խիստ կարևորվում է, որը սուբվենցիոն ծրագրերով կարող է աջակցել մարզային ֆուտբոլի զարգացմանը։ Մեխանիզմն էլ մոտավորապես պարզ է. ակումբի ստեղծման և կեսագործման տարեկան բյուջեի 50 տոկոսը համայնքն ու նախաձեռնող խումբն է ներդնում, իսկ Կառավորությունը հատկացնում է մյուս մասը։ Այս կերպ հնարավոր է մեծ ֆուտբոլը վերադարձնել մարզեր, որն իրականում ոչ միայն մարզական բնույթի, այլ նաև ոչ պակաս կարևոր՝ երիտասարդության համար կծառայի սոցիալիզացիայի կարևորագույն միջոց։
Այս համակարգային հիմնահարցերը, ինչպես նաև ակումբային կառավարման տիրույթում գտնվող մի շարք խնդիրներ, ընդհանուր առմամբ, շարունակում են ազդել առաջնության որակի վրա։ Սակայն դրանք պահանջում են ավելի խորը և համապարփակ ուսումնասիրություններ և, բնականաբար, տվյալ նյութի առարկայական շրջանակներից դուրս են։