Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վլադիմիր Պուտինի կողմից Վրաստանի հետ վիզային ռեժիմի և ուղիղ ավիահաղորդակցության արգելքի չեղարկումը գնահատում է որպես Ռուսաստանի հերթական սադրանք։
«Հերթական ռուսական սադրանքը: Ուղիղ թռիչքների վերականգնումն ու Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկումն անընդունելի են, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է իր ագրեսիան Ուկրաինայի դեմ և օկուպացրած պահում մեր տարածքը»,- Twitter-յան իր միկրոբլոգում գրել է Զուրաբիշվիլին։
Ի դեպ, Պուտինի որոշմամբ Ռուսաստանը մայիսի 15-ից չեղարկում է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը՝ վերացնելով նաև ուղիղ չվերթների արգելքը։
Պաշտոնական Թբիլիսին դեռևս որևէ մեկնաբանություն չի արել։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթների արգելքը սահմանել է 2019 թվականի ամռանը՝ «Գավրիլովի գիշերից» հետո։
Ռուսաստանը Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ է մտցրել 23 տարի առաջ՝ 2000 թվականին։ Հատկանշական է, որ Վրաստանն իր հերթին ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացրել է 2012 թվականին։