Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի 31-ին, շարունակվեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված 5 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության ապօրինի գույքի բռնագանձման մասին հայցադիմումի քննությունը։
Ցանկում են հայտնվել՝ նրա կինը՝ Լորետա Բարսեղյանը, որդիները՝ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, նրանց փոխկապակցված անձինք՝ Վարդան Բարսեղյանը, Մանվել Մալինցյանը, Էրիկ Համբարձումյանը, Լուսինե Բարսեղյանը և Նորայր Մնացականյանը: Հայցադիմումը շուրջ մոտ 19.1 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքերն ու ակտիվները բռնագանձելու պահանջով է։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանն այսօր միջնորդություն ներկայացրեց գործով նոր պատասխանող ներգրավելու վերաբերյալ։
«Հայցադիմումով նյութաիրավական պահանջ է ներկայացվել նաև Վարդան Մուշեղի Բարսեղյանին՝ որպես Սուրիկ Խաչատրյանին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի իմաստով պատկանող խնդրամասի՝ մի քանի կետերով նշված գույքերի սեփականատիրոջ։ Հաշվի առնելով, որ Վարդան Բարսեղյանը 2003 թվականից ամուսնացած է Հայկուհի Միքայելյանի հետ, իսկ նշյալ կետերում նշված գույքային իրավունքները ձեռք են բերվել ավելի ուշ, ապա դրանք հանդիսանում են ամուսինների համատեղ սեփականություն»,-նշեց դատախազը՝ հավելելով, որ Սուրիկ Խաչատրյանին վերոնշյալ օրենքի իմաստով պատկանող գույքերի տիտղոսային սեփականատերեր են հանդիսանում Վարդան Բարսեղյանն ու Հայկուհի Միքայելյանը։
Գևորգ Քոչարյանը պնդում է, որ անհրաժեշտ է գործով նոր պատասխանող ներգրավել Հայկուհի Միքայելյանին և թույլատրել ինչպես հայցի հիմքի ու առարկայի, այնպես էլ պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջի փոփոխություն թույլատրել։
Դատախազը միջնորդեց հայցադիմումի խնդրամասերը լրացնել հետևյալ բովանդակությամբ․ «Վարդան Բարսեղյանից և Հայկուհի Միքայելյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել օրենքի իմաստով Սուրիկ Խաչատրյանին պատկանող՝ Lexus մակնիշի մեքենան, իսկ անհնարինության դեպքում Սուրիկ Խաչատրյանից բռնագանձել դրա միջին շուկայական արժեքը՝ 24 միլիոն 750.000 դրամ, ինչպես նաև Toyota camry մակնիշի 2012 թվականի արտադրության մեքենան»։
Պատասխանողների ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը հայտարարեց, որ նոր պատասխանող ներգրավելու միջնորդության դեմ չի առարկում։
Միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակվի մայիսի 19-ին, ժամը 14:00-ին։