«Հայցադիմումը սահմանված կարգով չի ներկայացվել»․ վիճարկվում է Անի Լյովայի Սարգսյանի վերաբերյալ դատական գործի «գոյությունը»

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում մարտի 17-ին շարունակվում էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր աղջկա, Անի Լյովայի Սարգսյանի՝  ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի և դրամական միջոցների բռնագանձման մասին Գլխավոր դատախազության հայցադիմումը։

Պատասխանող կողմը կրկին դեմ արտահայտվեց դատական նիստի լուսա- և տեսանկարահանմանը։ Դատարանը, նախագահությամբ Կարապետ Բադալյանի, թույլատրեց տեսանկարահանել դատական նիստը՝ բացառությամբ պատասխանողների ներկայացուցիչների։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ պատասխանողի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը ներկայացրեց հայցային վաղեմության ժամկետ կիրառելու վերաբերյալ միջնորդություն։ Փաստաբանի խոսքով՝ քանի որ իրավասու մարմինը քննարկվող գործը դիտարկում է որպես մրցակցային, քաղաքացիադատավարական իրավահարաբերություն, ապա պնդում են, որ մասնավոր իրավահարաբերության նկատմամբ կիրառելի է ոչ միայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, այլ նաև Քաղաքացիական օրենսգրքով սահմանված հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը։

«Այո, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանվել է որոշակի ժամկետ, որը բաց թողնելու դեպքում համարվում է հայցը հայցային վաղեմության խախտմամբ ներկայացված, բայց որևէ տեղ ամրագրված չէ, որ այդ ժամկետը ինքնին բացառում է գործող Քաղաքացիական օրենսգրքով սահմանված ժամկետների գործողությունը։ Կարծում ենք, որ հայցային վաղեմությունը, նշվածի համատեքստում, անցել է»,-ասաց Վահագն Գրիգորյանը՝ հավելելով, որ միջնորդության վերաբերյալ ապացույց դեռ չեն ներկայացնում։

Ըստ նրա՝ իրավահարաբերությունների սուբյեկտը, տվյալ դեպքում, Հայաստանի Հանրապետությունն է, ոչ թե դատախազությունը։ Այս համատեքստում պատասխանողի ներկայացուցիչը պնդում էր, որ դատավարական կողմ հանդիսացող Հայաստանի Հանրապետությունը մշտապես ունեցել է բավարար գործիքակազմ՝ ներկայացված հայցադիմումի մեջ շարադրված ենթադրյալ իրադարձությունները վեր հանելու, ապացույցները հավաքելու և պահանջներ ներկայացնելու համար։

«Եթե իրավասու մարմնի հայցը անգամ հիմնավոր է, ինչի հետ կտրականապես համաձայն չենք, ապա իրավահարաբերությունների կողմ հանդիսացող ՀՀ-ն, այդ որոշման իմաստով, դրսևորել է պասիվ վարքագիծ, հայցադիմումը ներկայացրել է միայն 2022 թվականին։ Կարծում ենք, որ ներկայացված հայցապահանջների նկատմամբ կիրառելի է նաև Քաղաքացիական օրենսգրքով սահմանված եռամյա ժամկետը, գտնում ենք, որ այն խախտվել է։ Խնդրում ենք կիրառել հայցային վաղեմություն և հայցը մերժել»,-իր խոսքը եզրափակելով նշեց Գրիգորյանը։

Պատասխանողների ներկայացուցչի կարծիքով՝ հայցային վաղեմության ժամկետը բաց թողած է, քանի որ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ 2018 հունիսի 29-ից հարուցված քրեական գործից հետո 3 տարվա ընթացքում հայցադիմում չի ներկայացվել դատարան։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանը խնդրեց պատասխանողին պարզաբանել, թե ինչու է կարծում, որ իրավահարաբերությունները մասնավոր բնույթ են կրում։

Վահագն Գրիգորյանը նշեց, որ իրավասու մարմնին ներկայացրած իրենց բոլոր առարկություններում, որտեղ նշվում է, որ այս դեպքում մրցակցությունը և իրավահավասարությունը չի գործում, ապա իրավասու մարմինը դիրքորոշում է արտահայտում, որ սա սովորական քաղաքացիական գործ է և առանձնահատուկ հարաբերության խնդիր չկա․ «Եթե մենք սովորական գործով հայցվոր և պատասխանող ենք, ուրեմն հայցային վաղեմության մասով էլ Քաղաքացիական օրենսգիրքը պետք է կիրառելի լինի»։

Տիգրան Ենոքյան

Տիգրան Ենոքյանը նշեց, որ սա հենց առանձնահատուկ իրավահարաբերություն է, որը կարգավորվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով, չի տեղավորվում հանրային կամ մասնավորի տիրույթում։ Ըստ նրա՝ քաղաքացիական դատավարության կանոններով վաղեմության ժամկետները չեն դիտարկվում․ «Կարծում եմ՝ այս միջնորդությունը, այս հիմքով անհիմն է»։

Դատարանը պատասխանի ներկայացուցիչներից հետաքրքրվեց, թե ինչպիսի փաստեր են ենթակա ապացուցման՝ այս միջնորդության շրջանակներում։

«Ենթակա է ապացուցման այն փաստը, թե երբ է Հայաստանի Հանրապետությունը իմացել կամ կարող էր իմանալ իր իրավունքների խախտման մասին։ Ապացուցման բեռը կրում ենք մենք»,-նշեց փաստաբանը։

Դատարանը 10 րոպե ընդմիջում հայտարարեց, այնուհետև վերադարձավ ու ասաց՝ գտնում է, որ առկա է հայցային վաղեմության ժամկետի հատուկ կանոն կիրառելու հիմքը, քանի որ այն նախատեսված է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 8-րդ հոդվածով և ապացուցման պարտականության դրեց կողմերի վրա։ Պատասխանողը պետք է ապացուցի, որ հայցադիմումը ներկայացվել է հայցային վաղեմության ժամկետի ավարտից հետո, իսկ հայցվորը, որը այն ներկայացվել է հայցային վաղեմության ժամկետի ընթացքում։

Դատավորը հայտնեց, որ հայցադիմումը դատարանի է հանձնվել առձեռն և ժամանակ տվեց, որպեսզի պատասխանող կողմը համոզվի դրանում և ստուգի դրա ներկայացման ժամկետը։ Ընդմիջման ավարտից հետո Վահագն Գրիգորյանը հայտարարեց, որ հայցային վաղեմության ընթացքը ընդհատում է հայցադիմումը պատշաճ կարգով ներկայացնելը, իսկ նրանք կարծում են, որ պատշաճ կարգով ներկայացում տեղի չի ունեցել։

«Ուսումնասիրելով գործում առկա տեղեկատվությունը, կարծում ենք, որ հայցը ընդհանրապես սահմանված կարգով չի էլ ներկայացվել՝ հետևյալ պատճառաբանությամբ․ հայցադիմումը դատարանին է ներկայացվել ոչ թե որպես հայցադիմում, այլ որպես որոշակի դիմումին կից ներկայացված փաստաթուղթ։ Եթե ինչ-որ մի բան, որը ներկայացվում է որպես դիմում, դրա վրա դրվում է մուտքի կնիք, ներկայացված դատավարական փաստաթուղթն այդ դիմումն է։ Մնացածը մենք դիտարկում ենք, որպես դիմումին կից ներկայացված ապացույցներ։ Մենք կարծում ենք, որ հայցադիմում, որպես դատավարական փաստաթուղթ, տվյալ դեպքում, իրավասու մարմնի կողմից սահմանված կարգով չի ներկայացվել»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ գրությունը ստորագրված էր ոչ թե հայցվորի, այլ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի կողմից, որը սույն գործով լիազորված անձ չէ։ Վահագն Գրիգորյանը նշեց, որ եթե ինքը կամ իր գործընկերները փորձ կատարեին նման եղանակով հայցադիմում կամ բողոք ներկայացնել դատարան, վստահ են, որ այդ հայցադիմումը առնվազն խնդրահարույց էր դիտարկվելու։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանը պարզաբանեց․ գրությունը ստորագրել է վարչության պետը, ով «Դատախազության մասին» օրենքով վերադաս դատախազ է։ Բացի այդ, պաշտոնական մարմինների շփումները կատարվում են ղեկավարների միջև, ինչպես այս դեպքում «վարչության պետ-դատարանի նախագահ» ձևաչափով։

«Դատախազությունը միասնական համակարգ է, և երբ դատախազության կողմից հայցադիմում է ներկայացվում դատարան, բնականաբար՝ ունենում է ուղեկցող գրություն։ Տեղին չէ գրությունով ուղարկված հայցադիմումը համարել, որ հայցադիմում չի մուտքագրվել դատարան, դա տեղին չէ»,-նշեց Ենոքյանը։

Դատարանը ավարտեց հայցային վաղեմության միջնորդության քննությունը՝ հայտնելով, որ դրա վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի մարտի 21-ին։

Եվգենյա Համբարձումյան

Կարապետ Բադալյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել