Ուկրաինայի Գերագույն Ռադան բանաձև է ընդունել, որով Հարավային Կուրիլյան կղզիները ճանաչում է որպես «Ռուսաստանի կողմից օկուպացված Ճապոնիայի տարածք», հայտնում է РИА Новости-ն։
«Ուկրաինայի Գերագույն Ռադան հայտարարում է իր աջակցությունը Ճապոնիայի դիրքորոշմանը իր հյուսիսային տարածքների վերաբերյալ. ընդունում է, որ այդ տարածքները շարունակում են գտնվել Ռուսաստանի Դաշնության օկուպացիայի տակ»,- ասվում է Ռադայի կողմից հրապարակված բանաձևի տեքստում։
Բացի այդ, փաստաթուղթը կոչ է անում միջազգային հանրությանը շարունակել «օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ Ճապոնիայի հյուսիսային տարածքների կարգավիճակը օրինականորեն ձևակերպելու համար»։
Այս տարվա սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի կառավարությունը դուրս եկավ Ճապոնիայի հետ համաձայնագրից, որը նախատեսում էր Կուրիլյան կղզիներ այցելելու պարզեցված ընթացակարգ Ճապոնիայի քաղաքացիների՝ այդ կղզիների նախկին բնակիչների կողմից։