Անհետանալուց շուրջ մեկ տարի անց զինծառայող Նորիկ Մկրտչյանը չի հայտնաբերվել. փաստաբանը նոր մանրամասներ է ներկայացրել

ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերում ծառայող Նորիկ Մկրտչյանի մասին 2021 թվականի մայիսի 14-ից հարազատները լուր չունեն:

Iravaban.net-ը զրուցել է փաստաբան Լուսինե Վիրաբյանի հետ, նա նոր մանրամասներ է ներկայացրել քրեական գործից, որն այս պահին գտնվում է նախաքննության փուլում:

«Հարուցվել է երկու գործ, պաշտոնական անփութության հետ կապված, որի հետ կապված մենք ու որևէ անձ չունի կարգավիճակ, այսինքն՝ ո՛չ կասկածյալ, ո՛չ մեղադրյալ։ Կան այնպիսի անփութություններ, որոնք հանգեցրել են ծանր հետևանքների։ Եվ ունենք ևս մեկ քրեական գործ, որտեղ Նորիկը որպես մեղադրյալ է ներգրավված՝ ինքնակամ զորամասը լքելու հոդվածով, թեև դա որևէ կերպով հիմնավորված չէ, որևէ մեկը չի տեսել Նորիկի փախուստը կամ զորամասն ինքնակամ լքելը: Նորիկը չի ունեցել մոտիվացիա զորամասն ինքնակամ լքելու, նա նույնիսկ չի ունեցել համապատասխան առողջական վիճակ, տենդի մեջ է եղել, ջերմել է, քանի որ, ըստ փաստերի և ցուցմունքների, իրեն դիրքեր են բարձրացրել մի քանի ծառայակիցներ: Նրա առողջական վիճակը հետագա 3 օրերի ընթացում էլ ավելի է վատթարացել: Անգամ ցուցմունք ունենք, որ ծառայակիցն ասում է՝ Նորիկը չէր շփվում, չէր խոսում: Վիճակն այնպիսին է եղել, որ անգամ չի խոսել Նորիկը»,-նշում է փաստաբանը:

Լուսինե Վիրաբյանի խոսքով՝ առաջին անգամ դիրքեր բարձրացած զինվորն առողջական խնդիրներով մնացել է այնտեղ պաշտոնատար անձանց թողտվությամբ։ Նա նշում է, որ զինծառայողն այդ վիճակով բնականաբար չէր կարող միայնակ, առանց որևէ մեկի օգնության ինքնակամ լքեր զորամասը:

«Թաքնվելու հետ կապված որևէ հիմնավորում չկա: Զինվորի ծնողը շատ ուրախ կլիներ, եթե հույս լիներ, որ իր տղան ողջ-առողջ է ու թաքնվում է ինչ-որ մի տեղ: Շշուկներ ենք լսել, ինքս էլ քննիչի հետ խոսել եմ այդ թեմայով, որ ևս մեկ անգամ հարցում է ուղարկվել Կարմիր խաչ ևս մեկ անգամ ճշտումներ կատարելու՝ կապված գերի ընկնելու հետ: Սա խոսում է պետության զրո պատասխանատվության մասին, որ դեպքից մեկ տարի հետո միայն նոր որոշում են արդեն հավաստի աղբյուրներից որոշակի տեղեկություններ ստանալ: Կրկնում եմ ևս մեկ անգամ՝ եթե պետությունը պատասխանատվություն չի կրում յուրաքանչյուր զինվորի կյանքի և առողջության համար, ինչպե՞ս է զորակոչում զինվորին բանակ: Սա վառ օրինակն է, թե ոնց է վերաբերում պետությունը զինվորին: Մեկ տարի է անհետացել է զինվորը: Առերեսումներ են կատարվում, հրամանատարական կազմից որևէ մեկը չի կարողանում պատասխանել՝ երբ է անհետացել և ինչ պայմաներում»,-ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ դեռևս պատասխան չունեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից: Նա ընդգծեց, որ նախկինում պաշտոնական և ոչ պաշտոնական որոշակի հարցումներ են եղել և պատասխանել են, որ Նորիկի անունը չկա գերեվարված զինվորների ցուցակում:

«Մի քանի օր առաջ իմացանք, որ քննիչը նորից է հարցոմ ուղարկել, այսինքն վարկածը հիմնավոր չէր, որ Նորիկն ինքնակամ է լքել զորամասը: Մեկ տարին բավականին երկար ժամանակ էր այդ վարկածը հիմնավորելու կամ չհիմնավորելու և դրա հետ կապված հոդվածը փոխելու համար»,-ասաց Լուինե Վիրաբյանը:

Նա հայտնեց, որ ռազմական ոստիկանության կողմից հայտարարաված հետախուզումը դեռ շարունակվում է, բայց որևէ արդյունք չկա:

«Ես կասկածում եմ, որ հետախուզությունը պատշաճ չի իրականացվել: Հիմքը մեկն է, եթե քրեական գործով նախաքննությունը շարունակվում է այդ վարկածով, որ ինքնակամ է լքել զորամասը, այսինքն հիմնավորվել է հանցակազմի որոշակի հանգամանքներ, որպես մեղադրյալ առաջադրելու համար: Այսինքն, եթե հետախուզումն իրականացվեր պատշաճ՝ պետք է հանտնաբերվեր Նորիկը: Առաջ է գալիս պետական մարմինների հակասությունը․ եթե չի հայտնաբերվում, ուրեմն չկա այդ զինվորը Հայաստանի Հանրապետությունում, եթե ոչ ցամաքային, ոչ օդային տարածքով նա դուրս չի եկել, անգամ անձնագիր չի ունեցել, որպես զինծառայող, ո՞նց կարող էր թաքնվել առանց ծնողի իմացության, առանց որևէ մեկի աջակցության: Դե եթե 18 տարեկան զինվորը կարողանում է թաքնվել հետախուզությունից, ուրեմն մենք չունենք հետախուզություն»,-ասաց Լուսինե Վիրաբյանը:

Փաստաբանը մանրամասնեց, որ մոտ մեկ ամիս առաջ առերեսումներ են եղել Նորիկի մոր և հրամանատարական կազմի միջև, քանի որ տվյալները շատ հակասական են:

«Այն՝ ինչ ասել էին նախաքննական մարմնին և այն՝ ինչ ասել էին առերես հանդիպումների ժամանակ Նորիկի ծնողին՝ լրիվ հակասական էին, որովհետև մեկն ասում է՝ Նորիկը չկա մայիսի 14-ից, մյուսն ասում է՝ 16-ից, երրորդն ասում է՝ 18-ից: Վստահաբար կարող եմ ասել՝ արդյունք չի լինի, քանի դեռ գործի բոլոր հանգամանքները չեն պարզվել, քանի դեռ Նորիկը չի հայտնաբերվել: Մենք մինչև վերջ պնդելու ենք, որ շատ մութ անկյուններ կան: Պետք է պարզվեն, թե ինչ հանգամանքներ են եղել, որ Նորիկին դիրքից չեն իջեցրել, այն պարագայում, որ նա 4 օր շարունակ վատառողջ է եղել: Շատ լավ գիտեին, որ զինվորն այդ վիճակում մարտունակ չի եղել: Ինչպես իրենք են արտահայտվում՝ զինվորին տարել են, որպես «կենդանի պատ»: Որևէ զենքի և տեխնիկայի չտիրապետող զինվորին տարել են որպես մարդագլուխ, այդպես ենք մենք վերաբերվում մեր զինվորին, դրա համար ունենք այս իրավիճակը»,-ասաց Լուսինե Վիրաբյանը:

Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել