Հայաստանում վարչական մարմինների գործելաոճը շատ ցածր մակարդակի վրա է․ Անի Հակոբյան

Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսվում է ինչպես վարչական արդարադատության, այնպես էլ վարչական վարույթի արդյունավետության բարձրացում։ Ռազմավարությամբ նախատեսվում է վճռաբեկ դատարանի վարչական պալատի ստեղծում, վարչական մարմինների և նրանց գործողությունների վիճարկման շրջանակի ընդլայնումը, վարչական ակտերի բողոքարկման արդյունավետության բարձրացում և այլն։

Թեմայի վերաբերյալ Իրավաբան․net-ը խոսել է փաստաբան Անի Հակոբյանի հետ։

-Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ․ ռազմավարությամբ նախատեսվում է վերացնել քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումների, գործողությունների և անգործության վիճարկման վարչադատավարական կարգը։ Այս փոփոխությունը չի նպաստի վարչակազմի կողմից թույլատրվող խախտումների ավելացմանը, ի՞նչ եք կարծում այս մասին։

-Նշեմ, որ բողոքարկման հնարավորության ընձեռումը կարգավորված է արդեն իսկ գործող օրենսդրությամբ, մասնավորապես՝ Սահմանադրությամբ, ինչպես նաև առկա են ՍԴ մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են քրեակատարողական հիմնարկների կողմից կատարված խախտումների բողոքարկման կարգին և այն որևէ կերպ չի կարող սահմանափակվել։

-Վարչական դատարանը առավել ծանրաբեռնվածներիցն է։ Գրավոր և պարզեցված ընթացակարգերի կիրառումը վարչական դատավարությունում էական ազդեցությո՞ւն կունենան գործերի արագ լուծման և դատավորների բեռի թեթևացման վրա։

-Վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը պայմանավորված է նախևառաջ վարչական մարմինների իրավագիտակցության բավարար գիտելիքների բացակայությամբ, որի հիմքում կայացվում են բազմաթիվ անհիմն վարչական ակտեր։ Սույն հարցին առաջնահերթ լուծում կտրվի նախևառաջ վարչական մարմինների կողմից գրագետ վարչարարություն իրականցնելուց հետո միայն։ Պետք է ուշադրության առարկա դարձնել հենց ՀՀ վարչական դատարանի ծանրաբեռնվածության հիմքում ընկած պատճառահետևանքային կապը։

Ինչ վերաբերվում է գրավոր ընթացակարգին, ապա միանշանակ որոշ չափով կթեթևանա վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը։ Մոտ մեկ տարի է՝ վարչական դատարանը մի շարք վարչական գործերով իրականացնում է գրավոր ընթացակարգով քննություն։

Կարծում եմ որ, պարզեցված ընթացակարգի կիրառումը նույնպես դրական ազդեցություն կունենա ծանրաբեռնվածության բեռի թեթևացման մասով, քանզի առկա են բազմաթիվ վարչական գործեր, որտեղ ո՛չ հայցվորները և առավել ևս ո՛չ վարչական մարմնի ներկայացուցիչները չեն ներկայանում նիստերին, ընդամենը ներկայացվում են հայցադիմումներ և հայցադիմումների պատասխաններ և առնվազն անտրամաբանական է դատավորի կողմից միանձնյա նիստի անցկացումը բանավոր ընթացակարգով։

-Փետրվարի 9-ին ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Դատական օրենսգրքով նախատեսվող փոփոխությունները, որով 3-րդ ատյանի դատարանում նոր պալատ ստեղծվեց։ Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծումը ինչպիսի՞ ազդեցություն կունենա վարչական արդարադատության վրա։

-Կարծում եմ՝ այս փոփոխությունը հանդիսանում է թերևս սպասված փոփոխություններից մեկը, քանի որ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծ մասը, ովքեր քննում են վարչական գործերով բերված վճռաբեկ բողոքներ, հանդիսանում են քաղաքացիական ուղղվածության դատավորներ, որն ինքնին նեղ մասնագիտական առումով հնարավոր է չապահովի արդյունավետ արդարադատության իրականացումը։ Վարչական պալատի ստեղծումը դրական ազդեցություն կունենա վարչական արդարադատության վրա՝ դատական պաշտպանության արդյունավետությամբ պայմանավորված։

-Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգիրքը այդպես էլ չընդունվեց, չնայած դա հարցի լուծում է համարվում։ Գործող օրենսգիրքը ընդունվել է 1985 թվականին: Ի՞նչ խնդիրներ է սա առաջացնում պրակտիկայում։ Ըստ Ձեզ, ինչու՞ է այսքան ձգձգվում նոր օրենսգիրք ունենալու գործընթացը։

-Կարծում եմ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի ներկայիս առկա բավականին շատ թերությունների շտկման պատճառ է ընդամենը նշված օրենսգրքի ընդունման գործընթացը և բնականաբար պրակտիկորեն դրանք առաջացնում են մի շարք իրավական հարցերի լուծման անհնարինությանը։ Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտում առկա խնդիրները հիմնականում տարբեր օրենքներում առկա հակասություններն են, որոնց շտկման համար ծավալուն աշխատանքներ պետք է կատարվեն՝ համապատասխան գիտելիքներ ունեցող մասնագետների կողմից։

-Ռազմավարությամբ ամրագրված այս նպատակի ուղղություններից մեկը վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկման արդյունավետության բարձրացումն է։ Նշվում է, որ օրինակ, հնարավոր կլինի սահմանափակել ՀՀ վարչական դատարանի այն գործերով վճիռները բողոքարկելու հնարավորությունը, որոնցով վիճարկվող վարչական ակտերով կիրառված տույժի չափը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը։

Արդյո՞ք այստեղ խնդիր տեսնում եք դուք։ Կամ ունե՞ք խնդրի լուծման այլ տարբերակ, որով վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկման արդյունավետությունը կբարձրանա։

-Ինչպես արդեն նշեցի, Հայաստանի Հանրապետությունում վարչական մարմինների գործելաոճը ինքին գտնվում է շատ ցածր մակարդակի վրա, և հիմնականում ՀՀ վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը հենց հիմք է վարչական մարմնի կողմից ոչ պատշաճ վարչարարության։ Միակ դրական առաջընթացը, որը կարելի է ակնկալել սույն դեպքում, դա կարող է պայմանավորված լինել միայն վարչական մարմինների ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործառույթների ճշգրիտ պահպանմամբ։

Սակայն, հարկ եմ համարում նշել, որ չի կարելի սահմանափակել դատական պաշտպանության իրավունքը, քանի որ իրավական պետություն ունենալու առաջնային չափորոշիչներից է համարվում հենց խախտված իրավունքների վերականգնման համար դատական պաշտպանության հնարավորություն ունենալը՝ անկախ կիրառված վարչական տույժի չափից։

Անդրադարձ կատարեմ նաև պետական տուրքի վերջին փոփոխությամբ ՃՈ և «կարմիր գծերի» ակտերի մասով նախատեսված գումարի չափին, որով, ըստ էության, ծանրաբեռնվածության մասով ՀՀ վարչական դատարանը, կարելի է ասել, լիցքաթափվեց, սակայն այն ակնհայտ ազդեց դատական արդյունավետ պաշտպանության հնարավորության վրա, քանի որ, օրինակ՝ 5000 դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկված անձը, անիմաստ կհամարի վճարել 4000 դրամի չափով պետական տուրքը։ Այս առումով վարչական մարմինները օգտվում են առիթից, քանի որ ոչ պատշաճ վարչարարություն իրականացնելով չեն կրում որևէ պատասխանատվություն, և դրանով իսկ խաթարվում է արդարության, ինչպես նաև դատական արդյունավետ պաշտպանության իրավունքը, իսկ վարչական մարմինների իրավագիտակցությունը տարեցտարի նվազում է։

Կարծում եմ՝ պետք է մեկ այլ օրենսդրական փոփոխություն դիտարկել և քննարկել, որի համաձայն, եթե վարչական տույժը դատական կարգով ճանաչվի անվավեր՝ կրած ծախսերի մասով հենց պատասխանատվություն կրի վարչական տույժ նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։ Նշված դեպքում գոնե հնարավոր կլինի տեսնել դրական արդյունք, քանի որ այժմ ոչ մի վարչական մարմնի պաշտոնատար անձ պատասխանատվություն չի կրում իր կողմից կայացված անհիմն որոշման համար, և նման պայմաններում չի կարող խոսք գնալ պատշաճ վարչարարության մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել