Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ փոփոխություններ են նախատեսվում Քաղաքացիական դատավարության օրենսգրքում, «Հաշտարարության մասին» օրենքում:
Թեմայի վերաբերյալ Իրավաբան.net-ը զրուցել է հաշտարար, Անահիտ Թամրազյանի հետ, ով իր կարծիքն է հայտնել նախատեսվող փոփոխությունների մասին:
-Տիկին Թամրազյան, դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսվում է որոշակի իրավահարաբերությունների վերաբերյալ, ինչպես օրինակ՝ ընտանեկան, աշխատանքային, բանկային և այլն, վեճերով պարտադիր հաշտարարության դեպքերի սահմանումը: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ արդյունք կտա այդ փոփոխությունը։ Արդյո՞ք այն կարող է գործուն մեխանիզմ լինել։
-Ներկայումս եվրոպական որոշ երկրներում և ԱՄՆ-ում պարտադիր հաշտարարությունը նախընտրելի և հաճախ կիրառվող վեճերի այլընտրանքային լուծման մեթոդներից է: Շատ ողջունելի է օրենսդրական փոփոխություններով նախատեսված ընտանեկան գործերով պարտադիր հաշտարարության կիրառումը:
Հաշտարարության ներդրման պահից ներգրավված եմ եղել սույն ինստիտուտի կայացման աշխատանքներում, ակտիվորեն մասնակցել եմ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» թեմայով բազմաբովանդակ ծրագրերին:
Կարող եմ փաստել, որ 2016 թվականի ամռանը տեղի ունեցած դատարաններին կից հաշտարարության պիլոտային ծրագրի շրջանակներում երեքշաբաթյա ակտիվ աշխատանքների արդյունքում ունեցել ենք հաշտարարության ուղղորդված 11 գործեր, որոնցից 7-ը լուծվել են հաշտությամբ: 2018 թվականի մարտի 20-ից 28-ն ընկած ժամանակահատվածում «Աջակցություն Հայաստանում հաշտարարության գործնական կիրառմանը» ծրագրի ընթացքում ես և գործընկերս աշխատել ենք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարաններում, ինչպես նաև իրականացրել մարզային այցելություններ, որոնց արդյունքում արձանագրել ենք հաշտության համաձայնություններ ընտանեկան հարցերի շուրջ:
2018-2021թթ. ընկած ժամանակահատվածի համար կարող եմ փաստել հաշտարարության արդյունքում բարեհաջող ավարտ ունեցող բազմաբնույթ դատական գործեր: Իմ կողմից ընտանեկան գործերով հաստատվել են երկու արտադատական հաշտության համաձայնություններ, որոնք այնուհետև հաստատվել են դատարանի կողմից: Որոշակի քաղաքացիական գործերով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի, ինչպես նաև Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորները՝ համոզմունք հայտնելով, որ դատավարության կողմերի մոտ առկա է պատրաստակամություն վեճը հաշտարարության շրջանակներում ավարտելու հարցի շուրջ, կայացրել են որոշումներ՝ «Հաշտարարական գործընթաց նշանակելու մասին», որոնցով որպես հաշտարար ներգրավվել եմ ես:
Կարող եմ արձանագրել, որ իմ աշխատանքային գործունեության ընթացքում հաշտության համաձայնություն է ձեռք բերվել բազմաբնույթ վեճերի շրջանակներում, ինչպես ընտանեկան խնդիրների, այնպես էլ ապահովագրության, ինքնակամ կառույցը քանդելուն պարտավորեցնելու և վնասը փոխհատուցելու, իրավունքը խախտող գործողությունների իրականացումը կանխելու, ապօրինի գործունեությունն արգելելու, արտադրանքը շրջանառությունից հանելու և ոչնչացնելու, իրավախախտումները կանխելու և վնասները հատուցելու պահանջների շուրջ: Ինչպես ակնհայտ է, դրական արդյունք արդեն արձանագրվել է, և հետագայում ցանկալի է պարտադիր հաշտարարություն կիրառել նաև այլ վեճերի նկատմամբ:
–Ռազմավարությամբ նախատեսվում է քայլեր ձեռնարկել հաշտարարության իրականացման ժամանակակից գործիքների ներդրման ուղղությամբ, օրինակ՝ առցանց կամ հեռախոսային հաշտարարություն, դրանց միջոցով սպառողների և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջև վեճերի լուծումն իրականացնելու համար: Նշվում է, որ նման հարթակի միջոցով վեճերի լուծումը կարող է իրականացվել սեղմ ժամկետում՝ սպառողի համար նվազ ծախսատարությամբ կամ նույնիսկ անվճար՝ հանրային ծառայություններ մատուցող անձի միջոցներով: Ի՞նչ խնդիրներ, ռիսկեր եք այստեղ տեսնում։ Կարո՞ղ է սա որպես դատարանների բեռնաթափման գործիք հանդիսանալ։
-Գտնում եմ, որ հաշտարարության ինստիտուտի զարգացումը կարող է հանգեցնել դատարանների աշխատանքի ծանրաբեռնվածության նվազեցմանը և դատական համակարգի արդյունավետության բարձրացմանը: Վեճերը տարիներ շարունակ դատարաններում քննվելու փոխարեն կարող են լուծվել հաշտարարության միջոցով: Մասնավորապես, հաշտարարության ուղարկված գործերից երկուսը քննվում էին դեռևս 2015թ. և հնարավորություն ընձեռվեց վեճերը հաշտությամբ ավարտել դատարանի կողմից նշանակված մինչև չորս ժամ անվճար հաշտարարության շրջանակներում: Բանակցությունների այս առանձնահատուկ գործընթացի միջոցով կողմերը հնարավորություն են ստանում լիարժեք վերահսկել իրենց կողմից վեճի կարգավորման պայմանները ու վերջնական որոշման կայացումը:
Բարձր տեխնոլոգիական միջոցների ու համացանցի գործադրմամբ կիրառվող հաշտարարությունը կարելի է դիտարկել որպես արդյունավետ միջոց: Իմ պրակտիկայում այն կիրառվել է դատարանի նախաձեռնությամբ հաշտարարության ուղարկված մեկ գործով, քանի որ դատավարության կողմերից մեկն ուներ երկու ներկայացուցիչներ, որոնցից մեկը գտնվում էր արտերկրում: Կողմերի փաստաբանների պատրաստակամության ու բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել արագ ու արդյունավետ քննարկում:
–Հաշտարարի գործունեության և ընդհանուր առմամբ այս ոլորտում ի՞նչ բացեր կան, որոնք կարգավորման անհրաժեշտություն ունեն, բայց ռազմավարության մեջ ընդգրկված չեն։
-Կարծում եմ, հաշտարարության կայացման ու զարգացման համար օրենսդրական բոլոր նախադրյալներն առկա են, սակայն դատավորների մոտ բացակայում է վստահությունը գործող հաշտարարների ու հաշտարարության գործընթացի նկատմամբ:
Հասարակության իրազեկվածության բարձրացման նպատակով հսկայական աջակցություն է ցուցաբերվել միջազգային գործընկերների՝ մասնավորապես Եվրոպայի խորհրդի և Եվրամիության ծրագրերի միջոցով, կազմակերպվել ու իրականացվել են ռադիոհաղորդումներ, տարաբնույթ միջոցառումներ, ցուցադրվել տեսահոլովակներ ու տպագրվել տեղեկատվական թերթիկներ, սակայն հաշտարարության ինստիտուտի զարգացման ու կայացման համար անհրաժեշտ է պետական հոգածություն, հաշտարարների համար աշխատանքային բավարար պայմանների ապահովում և հաշտարարների ինքնակառավարվող կազմակերպության ակտիվ գործունեություն:
–Թեպետ օրենքը դեռևս չի ներկայացվել, չի ընդունվել, արդյո՞ք բավարար եք գնահատում ոլորտում կատարվող փոփոխությունները։
-Այս պահին ձեռնպահ կմնամ գնահատականներ տալուց, սակայն լիահույս եմ, որ արժանավայել պետական աջակցության և օրենսդրական բարեփոխումների արդյունքում բարենպաստ պայմաններ կապահովվեն ակտիվ աշխատանքային գործունեություն ծավալելու, հաշտարարության նկատմամբ վստահությունը բարձրացնելու ու դատական համակարգի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար: