Ուկրաինացի սահմանապահները լքել են իրենց տեղակայման վայրերը. ՌԴ ԱԴԾ

Ուկրաինայի պետական ​​սահմանապահ ծառայության աշխատակիցները լքել են Ռուսաստանի հետ սահմանին գտնվող բոլոր ստորաբաժանումները, «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնում (ԱԴԾ):

«Ուկրաինացի սահմանապահները զանգվածաբար լքում են իրենց տեղակայման վայրերը ռուս-ուկրաինական սահմանին: Ժամը 13:00-ի դրությամբ ուկրաինացի սահմանապահները լքել են ռուս-ուկրաինական սահմանի բոլոր ստորաբաժանումները»,- հայտնել են անվտանգության ծառայությունից։

Հինգշաբթի ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ռուսական բանակը չի հանդիպել ուկրաինացի սահմանապահների դիմադրությանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել