Կոչ ենք անում ՌԴ-ին անհապաղ դադարեցնել այս անարդար և անօրինական արարքը․ Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ-ի կողմից Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների վերաբերյալ, որում ասվում է․

«Մենք անընդունելի ենք համարում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից Ուկրաինայի դեմ սկսված ռազմական գործողությունը և դեմ ենք դրան։

Այս հարձակումը, Մինսկի պայմանավորվածությունների խախտումից բացի, միջազգային իրավունքի կոպիտ խախտում է և լուրջ վտանգ է ներկայացնում մեր տարածաշրջանի և ամբողջ աշխարհի անվտանգության համար։

Թուրքիան, հավատարիմ մնալով երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությանը, դեմ է զենքի կիրառմամբ սահմանների փոփոխությանը։

Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը անհապաղ դադարեցնել այս անարդար և անօրինական արարքը։

Մեր աջակցությունը՝ Ուկրաինայի քաղաքական միասնությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, կշարունակվի»։

—————

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել