Լուկաշենկոն՝ Դոնբասում ռուսական հատուկ գործողությանը մասնակցելու լուրերի մասին

Բելառուսական զորքերը չեն մասնակցում Դոնբասում ռուսական հատուկ գործողությանը: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զինվորականների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ, հայտնում է БЕЛТА-ն։

«Ես կարդացի հետևյալը. «Մոտավորապես ժամը 5-ին Ուկրաինայի պետական սահմանին Ռուսաստանի և Բելառուսի տարածքում հարձակում է եղել ռուսական զորքերի կողմից, որոնց աջակցում է Բելառուսը»։ Սրիկանե՛ր․․․ Մեր զորքերը ոչ մի մասնակցություն չունեն այս գործողությանը», – ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել