Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ փոփոխություններ են նախատեսվում Քաղաքացիական դատավարության օրենսգրքում, «Հաշտարարության մասին» օրենքում:
Թեմայի վերաբերյալ Իրավաբան.net-ը զրուցել է հաշտարար, Կարինե Պողոսյանի հետ, ով իր կարծիքն է հայտնել նախատեսվող փոփոխությունների մասին:
-Տիկին Պողոսյան, դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսվում է որոշակի իրավահարաբերությունների վերաբերյալ, ինչպես օրինակ՝ ընտանեկան, աշխատանքային, բանկային և այլն, վեճերով պարտադիր հաշտարարության դեպքերի սահմանումը: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ արդյունք կտա այդ փոփոխությունը։ Արդյո՞ք այն կարող է գործուն մեխանիզմ լինել։
-Ներկա փուլում «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է մինչև դատարան դիմելը հաշտարարության դիմելու պահանջ սահմանել միայն որոշ ընտանեկան գործերով, իսկ աշխատանքային, բանկային և այլ վեճերով պարտադիր հաշտարարություն սահմանելը հնարավոր կլինի, եթե ներկայումս նախատեսվող փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում հաշտարարության ինստիտուտը կայանա։
Պարտադիր հաշտարարությունն, անշուշտ, ունի իր դրական կողմերը. առաջին հերթին դրա արդյունքում մի շարք վեճեր կկարգավորվեն արագ, արդյունավետ և համեմատաբար մատչելի։ Իսկ պարտադիր պահանջի բացակայության դեպքում վիճող կողմերը կարող են նույնիսկ չդիտարկել հաշտարարությունը՝ որպես իրենց վեճը լուծելու մեխանիզմ։ Բացի այդ, առանձին դեպքերով պարտադիր հաշտարարության սահմանումը մեծապես կնվազեցնի դատարանների ծանրաբեռնվածությունը՝ բարձրացնելով դրա արդյունավետությունը:
Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ հաշտարարության զարգացումն ապահովելու համար նախ անհրաժեշտ կլինի անցկացնել նոր հաշտարարների արտոնագրում: Ներկայումս ոլորտում նկատվում է մասնագետների պակաս: 2015 թվականին արտոնագրված հաշտարարներից շատ քչերն են շարունակում զբաղվել հաշտարարությամբ, իսկ ոլորտով հետաքրքրվող երիտասարդ մասնագետները, որոնք իվիճակի են իրենց ակտիվ գործունեությամբ նպաստել ոլորտի զարգացմանը, արտոնագրված չեն: Մինչդեռ պարտադիր հաշտարարության պահանջ սահմանելու նախապայմաններից է նաև հաշտարարական ծառայութունների լայն հասանելիությունն ապահովելը։
–Ռազմավարությամբ նախատեսվում է քայլեր ձեռնարկել հաշտարարության իրականացման ժամանակակից գործիքների ներդրման ուղղությամբ, օրինակ՝ առցանց կամ հեռախոսային հաշտարարություն, դրանց միջոցով սպառողների և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջև վեճերի լուծումն իրականացնելու համար: Նշվում է, որ նման հարթակի միջոցով վեճերի լուծումը կարող է իրականացվել սեղմ ժամկետում՝ սպառողի համար նվազ ծախսատարությամբ կամ նույնիսկ անվճար՝ հանրային ծառայություններ մատուցող անձի միջոցներով: Ի՞նչ խնդիրներ, ռիսկեր եք այստեղ տեսնում։ Կարո՞ղ է սա որպես դատարանների բեռնաթափման գործիք հանդիսանալ։
-Օրենքի նախագծում առցանց եղանակով հաշտարարություն իրականացնելու հնարավորության նախատեսումը ունի գործնական կարևորություն. վեճի կողմերը՝ գտնվելով տարբեր վայրերում, քաղաքներում, անգամ երկրներում, կարող են օգտվել հաշտարարի ծառայություններից՝ առանց լրացուցիչ ծախսերի կամ ժամանակի կորստի։ Իհարկե, չկա առավելություն առանց բարդության: Այս դեպքում դժվարությունը նրանում է, որ մի կողմից հեռավար ծառայություններ մատուցելու համար հաշտարարները պետք է լրացուցիչ մասնագիտական պատրաստվածություն ունենան՝ պահպանելու հաշտարարության սկզբունքները (գաղտնիություն, անկողմնակալություն, կողմերի հավասարություն) և ապահովելու պատշաճ ընթացակարգային երաշխիքները։ Մյուս կողմից էլ, վեճի երկու կողմերն իրենց հերթին պետք է ունենան տեխնիկական միջոցից օգտվելու հնարավորություն և տիրապետեն էլեկտրոնային հավելվածը անկաշկանդ շահագործելու հմտություններին։
Հենց այս դժվարությունները հաշվի առնելով է, որ օրենքի նախագծի լրամշակված տարբերակից առայժմ հանվել են սպառողների և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջև վեճերի լուծումն իրականացնելու առցանց կամ հեռախոսային հաշտարարության իրականացման վերաբերյալ կարգավորումները։ Միգուցե հետագայում նման ընթացակարգով հաշտարարության իրականացնելու վերաբերյալ կարգավորումներ կնախատեսվեն։
–Հաշտարարի գործունեության և ընդհանուր առմամբ այս ոլորտում ի՞նչ բացեր կան, որոնք կարգավորման անհրաժեշտություն ունեն, բայց ռազմավարության մեջ ընդգրկված չեն։
-Ռազմավարության մեջ, ընդհանուր առմամբ, ընգրկված են այն բոլոր հարցերը, որոնք բազմիցս բարձրաձայնվել և քննարկվել են։ Որպես օրինակ կարող եմ նշել մինչև չորս ժամ անվճար հաշտարարությունից հրաժարվելը, հաշտարարների համար որակավորման ավելի բարձր չափանիշների և պահանջների սահմանումը, հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման կարգի վերանայման անհրաժեշտությունը և այլն։
Կարևոր է օրենքում նախատեսել որոշակի իրավական հետևանքներ առանց հիմնավոր պատճառաբանության հաշտարարական գործընթացին մասնակցելուց հրաժարվելու, ինչպես նաև պարտադիր հաշտարարության գործընթացին չմասնակցելու կամ մասնակցելուց խուսափելու համար (կողմի անբարեխիղճ վարքագիծ)։ Որպես անբարեխիղճ վարքագիծ պետք է դիտարկել նաև պարտադիր հաշտարարության գործընթացից անբարեխղճորեն օգտվելը, հաշտարարության գործընթաց նշանակելու վերաբերյալ անբարեխղճորեն միջնորդելը և այլն։ Նման կարգավորումները կարող են խթանել հաշտարարությունը։
–Թեպետ օրենքը դեռևս չի ներկայացվել, չի ընդունվել, արդյո՞ք բավարար եք գնահատում ոլորտում կատարվող փոփոխությունները։
-2021 թվականի ընթացքում և ներկայումս աշխատանքներ են տարվում հաշտարարության վերաբերյալ օրենքի և հարակից օրենքների մշակման ուղղությամբ, կազմակերպվել են մասնագիտական քննարկումներ, վերապատրաստման դասընթացներ դատավորների, դատավորների օգնականների, գործավարների համար: Շուտով նմանատիպ դասընթաց է նախատեսվում անցկացնել նաև փաստաբանների hամար, Եվրոպական Միության և Եվրոպայի խորհրդի ֆինանսական աջակցությամբ ստեղծվել է հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կայքը (www.mediators.am), որն այժմ ավարտական փուլում է: Սրանք անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլեր են՝ ուղղված ոլորտի զարգացմանը: Կարևոր է, որ հաշտարարության ոլորտը մնա պետության ուշադրության կենտրոնում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի հասցեագրել ոլորտում առկա խնդիրները։