ԲԴԽ-ում երկու դեպք է եղել, երբ գիտնական և դատավոր անդամների կարծիքները իսկապես կիսվել են․ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյան

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակած՝ ««Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները, այսպես ասած, հստակեցվում են։

Եթե նախկինում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ էր խորհրդի անդամների ձայների մեծամասնությունը կամ 2/3-ը, հիմա բավարար է լինելու նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությունը, սակայն ոչ պակաս քան 5-ը։

Նախագծի վերաբերյալ Իրավաբան․net-ը զրուցել է Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամ Գրիգոր Բեքմեզյանի հետ։

Նա նշեց, որ դեռևս 2019-2020 թվականներին ինքն է առաջարկել նման փոփոխություն անել, քանի որ խորհուրդը պարբերաբար խնդիր էր ունենում քվորում ապահովելու հետ կապված։

«Անդամների մի մասը կամ չկային, կամ հիվանդ էին, կամ էլ՝ գործուղման։ Մեր աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար առաջարկվեց սահմանված բարձր շեմը նվազեցնել։ Առաջարկը չմտավ այն ժամանակ շրջանառվող նախագծի մեջ, բայց հիմա որոշել են, որ պետք է ներառեն, ինչը ընդունվել է։ Նոր կարգավորմանը ես կողմ եմ»,-նշում է Բեքմեզյանը։

Հարցին՝ ինչո՞ւ նախագիծը չի տրամադրվել դատավորներին, խորհրդի անդամը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ պատճառների մասին։ Միայն ենթադրեց, որ առաջին և երկրորդ ընթերցումների միջև ժամկետները սեղմ են եղել, հնարավոր է՝ պատճառը դա է։

Խոսելով խորհրդի դատավոր և գիտնական անդամների միջև հակասություններ լինել-չլինելու մասին՝ Գրիգոր Բեքմեզյանը նշեց, որ այդ տպավորությունը կարող էր ստեղծվել ԲԴԽ-ից դուրս տեղի ունեցող խոսակցություններից։

«Եթե Դուք ԲԴԽ-ի գործունեությանը հետևեք՝ կտեսնեք, որ նման խնդիր մեզ մոտ չկա։ Որոշումների ընդունումից հետո երևում է, թե ով ինչպես է քվեարկել։ 2 դեպք է եղել, երբ գիտնական և դատավոր անդամների կարծիքները իսկապես կիսվել են, բայց նման 2 դեպք է եղել՝ վերջին երկուսուկես տարվա ընթացքում, ինչը ես նորմալ եմ համարում»,-նշեց նա։

Պետք է հիշել, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելը ԲԴԽ հիմնական առաքելությունը չէ։ Ըստ Սահմանադրության 173-րդ հոդվածի Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Խորհրդի անդամի խոսքով` դատական համակարգը ապօրինություններից զերծ պահելու միջոց է խորհրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու ֆունկցիան։

«Այդ ֆունկցիան էլ իր մեջ ներառում է անկախության ապահովում, քանի որ ցանկացած դեպքում չեն կարող դատավորի նկատմամբ կարգապահական տույժ կիրառել, քանի դեռ ԲԴԽ-ն չի տվել իր համաձայնությունը։ Այսինքն, ԲԴԽ-ն է այդ տույժ կիրառողը և խորհուրդն է որոշում՝ միջնորդությունները հիմնավոր են, թե ոչ։ Դատավորը գիտի, որ իր նկատմամբ հակաօրինական գործողություն չի կարող լինել, քանի կա ԲԴԽ-ն և խորհուրդն է հարցին վերջնական լուծում տվողը»,-մանրամասնեց Բեքմեզյանը։ 

Խորհրդի անդամը ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու բազմաթիվ միջնորդություններ են մերժվել։ Բացի այդ, եթե դատավորը իր գործունեությանը միջամտություն  է տեսնում, նա պարտավոր է դիմել խորհրդին։ 

«Ես վստահ եմ, որ մեր դատավորները իրավագիտակից են, և եթե մեկը իր գործունեությանը խոչընդոտներ տեսնի, միանգամից դիմելու է մեզ։ Կարծում եմ, որ ԲԴԽ-ն իր սահմանադրական առաքելությունը հստակ կատարում է։ Իսկ խոսակցությունները, ոչ չի կատարում, անհիմն են, ավելի շատ՝ քաղաքական»,-նշեց Գրիգոր Բեքմեզյանը՝ հավելելով, որ խորհրդին վերջին անգամ դիմել է վարչական դատարանի դատավորներից մեկը, ինչպես նաև, ավելի վաղ, Արսեն Նիկողոսյանը և Կարինե Պետրոսյանը։

Հարցին՝ խորհուրդը այդ կազմով դատավորների վստահություն վայելում է, թե ոչ, ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը նշեց, որ այդ մասին պետք է ասեն դատավորները․ «Ընդ որում, մեծամասնությունը, ոչ թե փոքրամասնությունը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել