Իրավաբան.net-ը պարբերաբար հրապարակում է պաշտոնյաների հայտարարագրերը՝ ներկայացնելով նրանց կարողությունը։
Ձեզ ենք ներկայացնում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի գույքն ու եկամուտները։
Սասուն Խաչատրյանն առաջին անգամ հայտարարագիր ներկայացրել է 2017 թվականին, երբ հուլիսի 1-ին ստանձնել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնը։
Նա հայտարարագրել է․
- հողամաս, միանձնյա սեփականությամբ, որը ձեռք է բերել 2013թ․ դեկտեմբերի 17-ին,
- բնակարան՝ միանձնյա սեփականությամբ, որը որպես նվիրատվություն է ստացել 2005թ․ ապրիլի 8-ին,
- BMW 520 մակնիշի ավտոմեքենա (1998թ), որը ձեռք է բերել 2006 թ․ նոյեմբերի 28-ին,
- 15,000,000 դրամ՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ։
2017 թվականի արդեն տարեկան հայտարարագրում նրա դրամական միջոցները կազմել են 13,000,000 դրամ, իսկ եկամուտները՝ 3,820,335 դրամ՝ ստացված փոխառություններից (վարկեր) և աշխատավարձից։
2018 թվականին, երբ նա արդեն զբաղցնում էր Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնը, ձեռք է բերել անշարժ գույք՝ ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները, որն արժեցել է 27,103,200 դրամ։
Սասուն Խաչատրյանի հանձնած կամ վերադարձած փոխառությունները եղել են 2-ը․
- 1 միլիոն դրամ փոխառությունը վերադարձվել է հարկային տարում,
- 4,067,200 դրամ փոխառությունը հարկային տարվա վերջում առկա է եղել։
Նրա դրամական միջոցները կազմել են 14,000,000 դրամ, եկամուտները՝ 34,088,086 դրամ, որը ստացվել է երկու աշխատավարձերից և ստացված փոխառությունից (վարկ)։
2019 թվականին Սասուն Խաչատրյանը 3,300,000 դրամով, համատեղ սեփականությամբ, «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ից գնել է անշարժ գույք (ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները)։
Այս տարում նրա փոխառություններում նշվում է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի անվանումը, որի հետ գործարքի արդյունքում տարեվերջին փոխառության գումարի չափը կազմել է 5,328,885 դրամ։
Դրամական միջոցները կազմել են․
- բանկային հաշվին՝ 232,000 դրամ,
- կանխիկ՝ 20,800,000 դրամ։
Եկամուտը կազմել է 14,425,651 դրամ, որը ստացվել է աշխատավարձից։
2020 թվականի տարեկան հայտարարագրում արդեն երևում է, որ նախորդ տարում գնված անշարժ գույքը բազմաբնակարան շենքում բնակարան է։ Ենթադրվում է, որ Սասուն Խաչատրյանը բնակարանը, որը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, ձեռք է բերել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում։
«ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի հետ գործամքի արդյունքում նրա փոխառությունները 2020թ-ին կազմել են 7,960,909 դրամ։
Դրամական միջոցները բանկային հաշվում կազմել են 303,350 դրամ, կանխիկ՝ 26,200,000 դրամ։ Եկամուտը կազմել է 15,188,617 դրամ, որը ստացվել է աշխատավարձից։
———————
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության փուլի ժամանակ պարզվեց նաև, որ Սասուն Խաչատրյանը վարում է կնոջ եղբոր մեքենան։
«Վերջին երեք տարվա ընթացքում օգտվել եմ կնոջս եղբորը պատկանող ավտոմեքենայից, որը շատ հազվադեպ եմ վարում, ի դեպ, նա մի քանի մեքենա ունի, բավականին ապահովված տղա է։ Ես շատ քիչ եմ մեքենա վարում, որովհետև ունեմ ծառայողական ավտոմեքենա, առավոտից մինչև ուշ գիշեր ես հիմնականում աշխատավայրում եմ։ Եթե ավտոմեքենա վարելու անհրաժեշտություն է լինում՝ խնդրում եմ, տրամադրում է, վարում եմ և փորձում եմ չխախտել կանոնները»,-նշել էր նա։
Սասուն Խաչատրյանը նաև մանրամասնել էր, որ ավտոմեքենան Porsche մակնիշի է, 2011 կամ 2012 թվականի արտադրության, որը շահագործում է 2019 կամ 2020 թվականից․ «Դրա շուկայական արժեքը, եթե չեմ սխալվում՝ 10 միլիոն դրամ է»։ Նրա խոսքով՝ մեքենայի ձեռք բերելուց հետո այն շահագործվել է մի քանի անձի, այդ թվում՝ իր կողմից և մշտապես իր տրամադրության տակ չի լինում։ «Հաճախ, երբ ես արձակուրդում եմ լինում կամ այլ տեղեր պետք է գնամ՝ լինում է իմ տրամադրության տակ, որովհետև, ինչպես նշեցի՝ նա ունի մի քանի ավտոմեքենա, նման խնդիր չունի»,-ասաց Սասուն Խաչատրյանը։
Նա նորից նշեց, որ մեքենայի արժեքը մոտ 10 միլիոն դրամ է՝ շուրջ 20 հազար դոլար․ «Ես կարող եմ ինձ թույլ տալ նման մեքենա ձեռք բերել, պարզապես ինձ պետք չէ հիմա մեքենա, որովհետև ես հիմնականում չեմ վարում»։
Նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.28 հոդվածով տուգանք է նախատեսված հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով սահմանված ժամկետներում չներկայացնելու կամ հայտարարագրերի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացնելու կամ հայտարարագրերում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար։
Բացի այդ, պատիժ է նախատեսված նաև Քրեական օրենսգրքով․ 314.3 հոդվածով սահմանված են հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար նախատեսված պատիժները։
Հարց է առաջանում․ արդյո՞ք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չպետք է ուսումնասիրեր այս դեպքը, քանի որ Սասուն Խաչատրյանը չի հայտարարագրել, սակայն շահագործել է մեքենան։
ԿԿԿ-ն հայտարարագրերի ստուգում և վերլուծություն իրականցնում է «Կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենքի 25-րդ հոդվածի համաձայն։ Ըստ նշված հոդվածի 6-րդ կետի, եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում Հանձնաժողովը հանգում է եզրակացության, որ հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում ներկայացված չէ կամ ներկայացված է համապատասխան պահանջների կամ կարգի խախտմամբ, կամ հայտարարագրված տվյալը սխալ է կամ ոչ ամբողջական, ապա հարուցում է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ:
———————
Սասուն Խաչատրյանի կինը՝ Լիլիթ Խաչատրյանը 2017-2020 թվականների հայտարարագրերում ոչինչ չի ներկայացրել։
Նրա դուստրը՝ Տաթևիկ Խաչատրյանը 2017-ին ոչինչ չի հայտարարագրել,
- 2018թ-ի հայտարարագրում նշվում է 388,300 դրամ եկամուտը, որը ստացվել է աշխատավարձից,
- 2019թ-ին եկամուտները կազմել են 2,272,123 դրամ, որը ստացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից՝ որպես աշխատավարձ,
- 2020թ-ին եկամուտները կազմել են 2,060,662 դրամ՝ ստացված աշխատավարձից։
Սասուն Խաչատրյանի մյուս դուստրը՝ Սիլվիա Խաչատրյանի 2017-19 թվականների հայտարարագրերում ոչինչ նշված չէ։ 2020 թվականի հուլիսի 24-ին նա 3,5 միլիոն դրամով ձեռք է բերել 2011 թվականի արտադրության Mercedes-Benz C 300 4Matic մակնիշի ավտոմեքենա։ Նրա դրամական միջոցները բանկային հաշիվներում կազմել են 167,890 դրամ, կանխիկ միջոցները՝ 250,000 դրամ։
Նրա եկամուտները կազմել են 585,398 դրամ, որը ստացվել է երկու աշխատավարձերից՝ ՀՀ արդարադատության նախարարությունից և Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպությունից (IDLO)։
Սիլվիա Խաչատրյանը նաև 4,3 միլիոն դրամի նվիրատվություն է ստացել Անուշ Գևորգի Գևորգյանից, Մհեր Գվիդոնի Խաչատրյանից, Տիգրան Գևորգի Գևորգյանից, Ալինա Նորիկի Զաքարյանից։
Այս թեմայի շուրջ հիշատակում եղավ նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության փուլի ժամանակ։ Մրցութային խորհրդի անդամներից մեկն իր հարցում նշեց․ «Ձեր աղջիկը 4,3 միլիոն դրամի նվիրատվություն է ստացել, նվիրատուների մեջ է նաև Տիգրան Գևորգյանը, ում Ձեր կինը 2018թ. նվիրել է «Գործավարական գրասենյակ համար մեկ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասերը»։
«Աղջիկս անցած տարի ամուսնացել է, և իր ամուսնության կապակցությամբ նորապսակները երկու կողմի բոլոր բարեկամներից, հարազատներից նվեր են ստացել գումարի տեսքով, և չեմ կարծում, որ այդ 3.5 միլիոն դրամն այն մեծ թիվն է, որ չէին կարող ստանալ հարսանիքի առթիվ՝ որպես նվեր նաև ըկերների կողմից»,-նշել է Սասուն Խաչատրյանը: Նա նաև պարզաբանեց, որ Տիգրան Գևորգյանն իր կնոջ հարազատ եղբայրն է։
———————
Հիշեցնենք, որ Իրավաբան.net-ն ավելի վաղ ներկայացրել էր «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրությունն ապահովվեց շղարշային մրցույթի միջոցով» հետաքննությունը։