Վահագն Վարագյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության` Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության 06.10.2012թ. որոշումը վերացնելու պահանջի մասին:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, հայցադիմումով հայցվորը նշել է, որ 2012 թվականի հոկտեմբերի 6-ին` ժամը 14.00-15.00 սահմաններում, Կոմիտասի փողոցով ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս ճանապարհային ոստիկանը կանգնեցրել է։ Զննելով ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, վարորդական վկայականը և ավտոմեքենան` գրավոր արձանագրել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123.5-րդ հոդվածի խախտում, այն է. տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշի օգտագործման կանոնները խախտելը` անընթեռնելի, ստանդարտին չհամապատասխանող կամ ինքնաշեն հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցները վարելը։
Ճանապարհային ոստիկանի պնդմամբ` ավտոմեքենայի համարանիշին փակցված ՀՀ եռագույն դրոշը վերոգրյալ իրավանորմի խախտում է։ Նույն պահին կազմվել է արձանագրություն, որում նշված փաստերին հայցվորը համաձայն չի եղել, այդ պատճառով այն չի ստորագրել։
ՀՀ վարչական դատարանի եզրահանգմամբ՝ տվյալ դեպքում, հայցվորը վարչական պատասխանատվության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության դրոշի առկայությամբ համարանիշով տրանսպորտային միջոց վարելու համար: Անդրադառնալով այդ համարանիշի վրա Հայաստանի Հանրապետության դրոշի առկայությանը, ապա դատարանը արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 27.07.2006թ. թիվ 1400-Ն որոշումը չի բացառում համարանիշերի վրա Հայաստանի Հանրապետության դրոշի առկայությունը, դեռ ավելին, դրոշի եզրաչափերը սահմանել է նույն որոշման երրորդ հավելվածում, որի 1-ին կետի համաձայն` առաջին տեսակի համարանիշի վրա տեղադրված դրոշի եզրաչափերը սահմանված են 520 x 112 մմ, այսինքն` Հայաստանի Հանրապետության կառավարության 27.07.2006թ. թիվ 1400-Ն որոշմամբ թույլատրվում է դրոշի առկայություն համարանիշի վրա։
Վերոգրյալի հիման վրա դատարանը գտել է, որ համարանիշի վրա Հայաստանի Հանրապետության դրոշի առկայությունն ինքնին չի կարող դիտարկվել որպես հաշվառման համարանիշի ստանդարտին անհամապատասխանություն, եթե պահպանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 27.07.2006թ. թիվ 1400-Ն որոշման երրորդ հավելվածով սահմանված դրոշի եզրաչափերը, հետևաբար Հայաստանի Հանրապետության դրոշի առկայությունը համարանիշի վրա ինքնին չի կարող առաջացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտում։
Դատարանը գտել է հայցվորի պահանջը հիմնավոր և այն բավարարել է։
ՀՀ ոստիկանության ՃՈ-ի կողմից սույն վճռի դեմ բողոք է բերվել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի վերլուծությամբ, ՀՀ կառավարության 27.07.2006թ. «Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշնմերին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» հ. 1400-Ն որոշման 4-րդ հավելվածում հստակ նշված է, թե Հայաստանի Հանրապետությունում որ մեքենաների վրա կարող է պատկերված լինել ՀՀ դրոշը։ Դրանք են 27 (001 ՍՍ) և 27.1 (01 ՍՍ) տեսակի հաշվառման համարանիշերը, այսինքն` Հայաuտանի Հանրապետության Նախագահին uպաuարկող թեթև մարդատար ավտոմոբիլները։
Փաստորեն, ըստ որոշմամբ սահմանված ստանդարտների, բացի 27 և 27.1 տեսակի հաշվառման համարանիշներից, ՀՀ Նախագահին uպաuարկող թեթև մարդատար ավտոմոբիլների հաշվառման համարանիշերից, որևէ այլ մեքենայի հաշավառման համարանիշերի վրա չի կարող պատկերված լինել ՀՀ դրոշը։
Դատարանը, մեկնաբանելով «Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» հ. 1400-Ն որոշումը, արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 27.07.2006թ. թիվ 1400-Ն որոշումը չի բացառում համարանիշերի վրա Հայաստանի Հանրապետության դրոշի առկայությունը, դեռ ավելին, դրոշի եզրաչափերը սահմանել է նույն որոշման երրորդ հավելվածում։
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանը սխալ է մեկնաբանել հ. 1400 որոշումը, քանի որ որոշմամբ հստակ նշված է, թե ՀՀ տարածքում որ տեսակի հաշվառման համարանիշերի վրա կարող է լինել ՀՀ դրոշը, իսկ Դատարանը, նշված հանգանմանքի փոխարեն, անդրադարձ է կատարել հաշվառման համարանիշի վրա պատկերված դրոշի եզրաչափերին։ Հարկ է նշել, որ ամբողջ հաշվառման համարանիշի պատկերը պետք է համապատասխանի սահմանված ստանդարտին։
Վերաքննիչ դատարանը գտել է, որ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր փաստեր հաստատելու, հետազոտելու և գնահատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Ուստի ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը որոշել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության բողոքը բավարարել` բեկանել N ՎԴ/6643/05/12 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2013 թվականի հունվարի 24-ի վճիռը և այն փոփոխել` Վահագն Վարագյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության` Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության 06.10.2012թ. թիվ ԱԷ 120829 որոշումը վերացնելու պահանջի մասին, մերժել։