Առաջարկվող փոփոխությունները միտված են փաստաբանական ինստիտուտի անկախությունը սահմանափակելուն. Արմինե Ֆանյան

Արդարադատության նախարարությունը փաստաբանության ոլորտի բարեփոխման ռազմավարական ուղղության շրջանակներում մշակել է «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ: Այն հանրային քննարկման դեռ չի ներկայացվել, այլ նախնական կարծիքների հավաքագրման նպատակով ուղարկվել է Փաստաբանների պալատին և բոլոր գործող փաստաբանների։ Իրավաբան․net-ը հարցազրույցների շարք է սկսել, որի նպատակը առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ փաստաբանական համայնքի դիտարկումներն ու կարծիքները ներկայացնելն է։

Թեմայի վերաբերյալ խոսել ենք փաստաբանների պալատի անդամ Արմինե Ֆանյանի հետ։

– Ըստ ձեզ նման փոփոխությունների իրականացումը ի՛նչ նպատակ է հետապնդում։

– Հիմնականում օրենսդրական փոփոխությունները պետք է միտված լինեն այս կամ այն ինստիտուտի զարգացմանը, սակայն, այս դեպքում առաջարկվող փոփոխությունները միտված են փաստաբանական ինստիտուտի անկախությունը սահմանափակելուն կամ որևէ կերպ վերահսկելի դարձնելուն։

Առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է փաստաբանների պալատի գործադիր կառավարման հարաբերություններում Փաստաբանների պալատի խորհրդի և պալատի նախագահի դերակատարության վերանայմանը` առաջնահերթությունը տալով կոլեգիալ կառավարմանը։ Ինչպե՞ս եք վերաբերվում առաջարկվող այս փոփոխությանը:

– Ներկայիս գործող համակարգը տարիների ընթացքում ապացուցել է իր արդյունավետությունը, նման կառուցակարգ ներդնելիս հաշվի են առնվել ոլորտի առանձնահատկությունները և գործնականում առաջացող խնդիրները։ Պալատում գործող մարմինները գտնվում են փոխզսպման և լիազորությունների հավասարակշռման հարաբերակցության մեջ։ Իսկ անհատական լիազորություններն ավելի շատ պայմանավորված են իրավիճակներին արդյունավետ և հնարավորինս ճկուն արձագանքելու անհրաժեշտությամբ։ Միաժամանակ, դա չի բացառում որոշակի բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը, քանի որ հասարակական հարաբերությունների համընթաց զարգացումը պահանջում է շարունակական և համահունչ ինքնակատարելագործում նաև ինստիտուցիոնալ առումով։ Անհրաժեշտ է նաև նշել, որ տարբեր ժամանակահատվածներում Փաստաբանների պալատը բազմիցս հանդես է եկել ոլորտի օրենսդրության զարգացման նախաձեռնություններով։

Փոփոխությունների առաջարկներից մեկը վերաբերում է հնարավորության նախատեսմանը, որ հանրային պաշտպանի գրասենյակը անձանց հանրային պաշտպանությունը կարողանա կազմակերպել նաև հանրային պաշտպան չհանդիսացող այլ անձանց միջոցով: Փոփոխությունը տեղին կլինի՞։

– Ներկայում անվճար իրավաբանական օգնություն տրամադրվում է նաև PRO BONO ծրագրի միջոցով, որի էությունը կայանում է այն բանում, որ հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանները ներգրավվում են անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու գործընթացին։ Դրանով իսկ փաստաբանին հնարավորություն է տրվում զարգացնել իր գործնական գիտելիքները և օգտվել մի շարք առավելություններից։ Սակայն առաջարկվող կառուցակարգերում առկա են խնդրահարույց կարգավորումներ։  Օրինակ, խնդրահարույց է դեռևս համապատասխան որակավորում չունեցող անձի կողմից անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու հնարավորությունը, քանի որ դա կարող է վտանգել անձի՝ որակյալ իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքը։

– Տիկին Ֆանյան, Արդարադատության նախարարության կողմից առաջարկված մյուս փոփոխություններից ո՞ր կետերն են խնդրահարույց և ի՞նչ ռիսկեր կան դրանց իրականացման ճանապարհին։

– Ընդհանուր առմամբ նախագծում առաջարկվում են այնպիսի փոփոխություններ, որոնք վտանգում են փաստաբանական ինստիտուտի անկախությունը։ Մասնավորապես, անընդունելի է փաստաբանների պալատի մարմիններում պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների այն չափ ներգրավումը, որն առաջարկվում է նախագծով։ Փաստաբանությունը քաղաքացիական հասարակության առանցքային ինստիտուտներից է և անտրամաբանական է դրա նկատմամբ արտաքին վերահսկողական մեխանիզմների ստեղծումը։

Ինչպե՞ս են ընկալում փաստաբանները առաջարկվող փոփոխությունները։ Արդյո՞ք դրանք պայմանավորո՞ւմ եք վերջերս կայացած պալատի նախագահի ընտրության արդյունքներով։

– Ընդհանուր առմամբ փաստաբանների արձագանքները բացասական են նախագծի կապակցությամբ։ Արտահայտվել են բազմաթիվ մտահոգություններ, կապված մի շարք դրույթների հետ։

Լիահույս ենք, որ որ փաստաբանների կողմից ներկայացված մտահոգությունների հաշվառմամբ նախագծում կկատարվեն անհրաժեշտ փոփոխություններ։

Մերի Մնոյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել