«Մի անգամ հետաքննություն էի անցկացնում, որի ժամանակ հետախուզում էի վտանգավոր և զինված մի հանցագործի:
Ենթադրվում էր, որ նա թաքնվել էր իր մոր տանը: Ես և մի հետաքննիչ գնացինք իրենց տուն:
Մայրը բացեց դուռը և համաձայնվեց մեզ ներս թողնել:
Մենք ցույց տվեցինք մեր վկայականները և խնդրեցինք, որ պատասխանի մի քանի հարցերի:
Երբ հարցրեցի, թե տա՞նն է իր որդին, մայրը պատասխանեց, որ տանը չէ:
Այդ ժամանակ ես ուշադիր հետևում էի նրա ժեստերին և նկատեցի, որ այդ հարցին պատասխանելու պահին մայրն իր ցուցամատով հպվեց իր անրակների միջև ընկած փոսին:
Մի քանի րոպե հետո ես կրկին հարցրեցի, թե հնարավո՞ր է այնպես է եղել, որ այն ժամանակ, երբ նա աշխատանքի է եղել, որդին ներս է մտել պատուհանից:
Մայրը կրկին պատասխանեց, որ ոչ՝ նշելով, որ այդ դեպքում ինքը կնկատեր:
Հարցին պատասխանելու պահին մայրը կրկին ցուցամատով հպվեց իր անրակային փոսին:
Այս ժամանակ ես համոզվեցի, որ նրա որդին գտնվում է տանը, քանի որ նա կրկնեց այդ ժեստը, իսկ երկու անգամը արդեն, դժվար թե, պատահականություն լիներ:
Վերջնականապես համոզվելու համար կրկին հարցրեցի՝ ասելով, որ փաստորեն համոզված եք, որ Ձեր որդին տանը չէ:
Նա կրկին տվեց նույն պատասխանը և կրկին ձեռքը շարժվեց դեպի պարանոց:
Այդ ժամանակ ես համոզվեցի, որ կինը ստում է:
Մենք սկսեցին առավել ուշադիր խուզարկել տունը և գտանք որդուն: Նա թաքնվել էր պահարանում գտնվող վերմակներում». իր պրակտիկայից պատմում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) նախկին աշխատակից Ջո Նավարրոն:
Իրականում այդ ժեստը ոչ թե ուղղակիորեն է բացահայտում սուտը, այլ անուղղակիորեն:
Մեխանիզմը հետևյալն է:
Որպես կանոն անձը ստելիս գտնվում է որոշակիորեն լարված հոգեվիճակում:
Այդ պատճառով էլ ստելիս մարդը միաժամանակ փորձում է իրեն չմատնելու համար թոթափել լարվածությունը, և դա իրականացնում է համապատասխան ժեստերի միջոցով:
Իհարկե պետք է իրավիճակի և հանգամանքների կոնտեքստում դիտարկել ամենը, քանի որ անձը կարող է նման հուզականորեն լարված հոգեվիճակում լինել այլ խնդիրների պատճառով:
Հարցաքննության ժամանակ սուտը բացահայտելու համար իրավապահ մարմիններին շատ օգտակար կարող են լինել նմանատիպ ժեստերի լեզվին տիրապետելը:
Հնարավոր է որևէ հարցի ժամանակ հարցաքննվող անձը ցուցաբերի իր լարվածությունը թոթափող որևէ ժեստ, իսկ քննիչը այդ հարցին կսկսի առավել ուշադրություն դարձնել (քան նախկինում)՝ փորձելով հասկանալ այդ հարցադրման և անձի լարվածության պատճառի միջև առկա գաղտնիքը:
Այսպես, ներկայացնենք մարդուն հանգստացնող, լարվածությունը թոթափող մի քանի ժեստեր, որոնք կօգնեն իրավապահ մարմիններին բացահայտել սուտը, ինչպես նաև հանցագործությունը:
Շատ կարևոր է նաև չշտապել եզրահանգումներով, եթե նման ժեստեր անձը ցուցաբերել է ընդհամենը մեկ անգամ:
Պետք է ստուգել կրկին անգամ, ինչպես վերոնշյալ օրինակում էր, այնուհետև համադրել մյուս ժեստերի հետ, որոնց մենք, անշուշտ, կշարունակենք անդրադառնալ…
Զարուհի Հարությունյան