ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պարտավորությունների կատարման ընթացքը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Էնդրյու Շոֆերը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իգոր Հովաևը ՝ Ռուսաստանի Դաշնությունից և Բրիս Ռոքֆեյը՝ Ֆրանսիայից) նոյեմբերի 10-ին Փարիզում առանձին հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Համանախագահները երկու արտգործնախարարներին ընդունել են համատեղ հանդիպման ժամանակ, որը բացել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը։ Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (PRCIO) Անջեյ Կասպրշիկը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր հրապարակել են հետևյալ հայտարարությունը

«Համանախագահները և արտգործնախարարները շարունակել են Նյու Յորքում սկսված քննարկումներն ապաէսկալացման ուղղությամբ հնարավոր մի շարք միջոցառումների և այդ գործընթացում հետագա քայլերի վերաբերյալ, ներառյալ այդ ձևաչափով ապագա հանդիպումները և համանախագահների ենթադրյալ այցը տարածաշրջան: Համանախագահները և նախարարները քննարկել են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։

Համանախագահները վերահաստատել են մարդասիրական հարցերում առաջընթացի հասնելու կարևորությունը, ներառյալ, մասնավորապես, ձերբակալվածներին, ականազերծմանը, անհետ կորածներին, տեղահանված անձանց կամավոր վերադարձին և պատմական ու մշակութային օբյեկտների պաշտպանությանը, և կոչ են արել կողմերին անսահմանափակ հասանելիություն տրամադրել միջազգային մարդասիրական կազմակերպություններին: Համանախագահները նաև ընդգծել են սադրիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից խուսափելու կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է, համանախագահները նոյեմբերի 10-ին և 11-ին հանդիպել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և Ելիսեյան պալատի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նրանց ընթացիկ ջանքերը ՝ ուղղված կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի համապարփակ լուծումներ գտնելուն՝ իրենց մանդատին համապատասխան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել