«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Իրավաբան.net-ը եկեղեցական աստիճանակարգի, ամուսնացյալ և կուսակրոն հոգևորականներին տարբերակելու և հոգևորականին ձեռնադրության ժամանակ անվանափոխելու մասին զրուցել է Արարատյան հայրապետական թեմի Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու ծիսակատար քահանա Տեր Շահե Հայրապետյանի հետ:
-Ի՞նչ է հոգևոր աստիճանակարգը և եկեղեցական ի՞նչ կանոններով է կարգավորվում:
-Աղբյուրագիտությունը գնում է դարերի խորք: Աստիճանակարգումը տեսնում ենք նաև Հին կտակարանում: Դիոնիսիոս Արիոպագացին առաջին դարում խոսում է երկնային քահանայապետության մասին և նկարագրում է երկնքի աստիճանակարգը՝ Աստծուց մինչև հրեշտակներ, և այն տեղափոխում է դեպի եկեղեցի, այսինքն կաթողիկոսից մինչև ժողովուրդ: Ինչպես երկնքում՝ Սուրբ Երրորդություն, հետո գալիս է Աթոռ դասը, Սերովբեներ, Քերովբեներ, պետություն, իշխանություն և հրեշտակապետներ, հրեշտակներ, այնպես էլ՝ կաթողիկոս, եպիսկոպոս, վարդապետություն, քահանայություն, սարկավագներ, դպիրներ և ժողովուրդ: Սա արտացոլանքն է երկնքի արքայության:
Եկեղեցու գլուխը Քրիստոսն է, ինչպես երկնքում: Կաթողիկոսը ներկայացուցիչն է Աստծո և իր ամեն մի խոսքը Սուրբ հոգու արտաբխումն է մեզ համար:
-Ի՞նչ հերթականությամբ է այն տրվում և արդյո՞ք արդյունավետ կերպով ապահովում է եկեղեցու կառավարումը:
-Մեր եկեղեցական կարգը՝ մեկը մյուսի հետ շփվելու, կոչվում է նվիրապետություն: Այսինքն մեր եկեղեցին բաժանվում է ամուսնացյալ և կուսակրոն քահանայության, բայց գերխնդիրը քահանայությունն է, որովհետև կաթողիկոսը, եպիսկոպոսը ևս իրավունք ունեն պատարագներ մատուցելու:
-Ո՞ր տարիքում է սկսվում հոգևորական դառնալու ընթացակարգը:
-Եթե նայենք 19-րդ դարի ընթացքը, ապա կտեսնենք, որ այն սկսվում է դեռ օրորոցից, որովհետև նանիկները երգում էին շարականներ: Երեխան ծխական դպրոցում անցնում էր այդ դպրակարգերը, երբ ավարտում էր դպրոցը դառնում էր սարկավագ, հետո ինքն էր որոշում կդառնա կրոնավոր, թե չի դառնա: Հիմա պարզ է, որ դպրոցն ավարտած պետք է լինի, համապատասխան կրթություն ունենա, որպեսզի ընդունվի ճեմարան: Ձեռնադրությունը լինում է 30 տարեկանից հետո, ըստ կանոնի:
-Ի՞նչ ճանապարհ է անցնում հոգևորականը, ի՞նչպես է որոշվում, որ հոգևորականի աստիճանակարգը պետք է բարձրացնել:
-Օրինակ՝ ամուսնացյալ քահանան, նույն քահանան է հավերժ, մինչև ննջեցյալ կդառնա: Կուսակրոնությունը որ կա, աբեղայությունն է, հետո վարդապետություն, բայց վարդապետ դառնալու համար, պետք է աստիճան ունենալ, այսինքն ինչպես գիտական աշխատանք են պաշտպանում և այդպես վարդապետը պետք է ներկայացնի աշխատանք իր վարդապետական աստիճանի համար և նոր օծվի, ձեռնադրվի, հետո նոր իր վաստակի համեմատ եպիսկոպոս կդառնա, հետո էլ Աստված կբացի դեպի կաթողիկոսություն:
-Ի՞նչպես կարող ենք տարբերել ամուսնացյալ և կուսակրոն հոգևորականներին:
-Ծեսերի ժամանակ իրենց կարելի է տարբերել, եթե կուսակրոն է անպայման վեղար ունի, որը փակում է իր աչքերը, ականջները, ամուսնացյալ քահանանք ավելի շփվող է ժողովրդի հետ: Կուսակրոնների մեծ մասը աղոթողներ են՝ ժողովրդի, աշխարհի, խաղաղության, ողորմածության, արդարության, սրբության համար:
-Ինչպե՞ս պետք է դիմել հոգևորականներին:
-Սարկավագին բարևում են՝ բարեշնորհ սարկավագ, ամուսնացյալ քահանաներին դիմում են՝ օրհնյա տեր հայր կամ օրհնեցեք տեր հայր: Եթե կուսակրոն է, մինչև կաթողիկոս՝ Աստված օգնական: Կաթողիկոսին՝ Աստված օգնական Վեհափառ տեր:
-Ինչո՞ւ են հոգևորականները ձեռնադրության ժամանակ նոր անուններ ստանում:
-Դա գալիս է դեռևս Հին Կտակարանից: Օրինակ՝ Աբրահամը Աբրաամ էր, բայց Աբրահամ փոխեց Աստված: Արդեն Նոր Կտակարանում մենք տեսնում ենք, որ Քրիստոսն իր աշակերտներին տալիս է նոր անուններ:
-Շնորհակալ եմ հարցազրույցի համար: Օրհնեցեք Տեր Հայր:
-Աստված օրհնի:
Մանրամասները՝ տեսանյութում: