Սիմոն Բաբայան՝ 937, Գևորգ Գյոզալյան՝ 144․ ՓՊ նախագահի ընտրության արդյունքները

2021 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի ունեցավ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը:

Քվեարկությանը մասնակցել են 1111 փաստաբան:

Քվեարկության արդյունքներով Սիմոն Բաբայանի օգտին քվեարկել է 937 փաստաբան, իսկ Գևորգ Գյոզալյանի օգտին՝ 144 փաստաբան: 30 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովի 12.09.2021թ. որոշմամբ՝ չորս տարի ժամկետով Սիմոն Ալբերտի Բաբայանը համարվել է ընտրված ՀՀ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում՝ 1111 փաստաբանների 937 կողմ ձայներով (84,3%):

ՀՀ փաստաբանների պալատի նոր նախագահի լիազորություններն սկսվելու են 2021 թվականի հոկտեմբերի 5-ից:

Պալատի գործող նախագահ Արա Զոհրաբյանը հայտնում է․ «Քվեարկությանը մասնակցած 1111 փաստաբանների 84,3 տոկոս (937) կողմ ձայներով Սիմոն Բաբայանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ և իր լիազորությունները ստանձնելու է 2021 թվականի հոկտեմբերի 5-ից:

Շնորհավորում եմ Սիմոն Բաբայանին՝ մաղթելով հաջողություն:

Լավ փաստաբան, դասախոս, գիտնական և հմուտ ու բարեխիղճ կառավարիչ, այն նվազագույնը, ինչը կարելի է ասել Սիմոն Բաբայան մասնագետի մասին:

Փաստաբաններն ընտրեցին անկախությունը, միասնականությունը, ձեռքբերումները պահպանելու և զարգացնելու ուղղությունը:

Փաստաբանները մերժեցին քանդելու, քաոս ստեղծելու և բամբասանքների ճանապարհը:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հանուն անկախության ու միասնականության քվեարկած փաստաբաններին: Մենք ուժեղ ենք միասին:

Հ.Գ. Փաստաբանների պալատի նախորդող տարիների հետ կապված ամփոփիչ խոսքս կներկայացնեմ 2021թ. հոկտեմբերի 5-ին»,-նշել է նա:

Կարդացեք նաև՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել