Սեպտեմբերի 12-ին Փաստաբանների պալատում տեղի է ունենալու նախագահի ընտրություններ։ Ընտրության կապակցությամբ գրանցված թեկնածուներն են Գևորգ Գյոզալյանը, Թամարա Պողոսյանը և Սիմոն Բաբայանը։
Իրավաբան․net-ը զրուցել է Գևորգ Գյոզալյանի հետ՝ պարզելու, թե ինչպիսի տեսլական ունի թեկնածուն՝ պալատի զարգացման վերաբերյալ։
-Ո՞րն է ՓՊ նախագահ դառնալու Ձեր առաքելությունն ու տեսլականը։
-Փաստաբանների պալատին օր առաջ զարգացում է պետք, մենք պետք է դուրս գանք այս լճացման փուլից, որը, իմ խորին համոզմամբ՝ առկա է։ Ես փոփոխության օրակարգով եմ գալիս։ Պալատում հիմնահատակ փոփոխություններ են անհրաժեշտ։ Առաջինը փոխզսպումների և հակակշիռների մեխանիզմն է, մասնավորապես՝ խորհրդի անդամները չպետք է կապ ունենան պալատի հետ, չգտնվեն աշխատանքային հարաբերություններում, լինել նախագահի խորհրդական և այլն։ Պետք է օրենսդրորեն ամրագրվի, որ ՓՊ նախագահը չպետք է զբաղվի քաղաքականությամբ, որովհետև երբ նախագահն է սկսում զբաղվել քաղաքականությամբ, մենք դադարում ենք լինել մասնագիտական կառույց։ Եթե մեկ բառով ասեմ՝ իմ առաքելությունը պետք է լինի Փաստաբանների պալատը մասնագիտական կառույց դարձնելը։
-Հավասա՞ր եք համարում այն պայմանները, երբ Փաստաբանական դպրոցի 7 տարվա տնօրենը, խորհրդի նախկին անդամը և շարքային փաստաբանները հավակնում են ՓՊ նախագահի պաշտոնին։
-Իհարկե՝ ոչ։ Այդ ծրագիրը վաղուց ի վեր գծված է եղել, պարոն Բաբայանին հարգելով պետք է ասեմ, որ մենք անհավասար վիճակում ենք։ Նա տասը տարուց ավելի գտնվում է պալատում։ 2011-ին միասին ենք ընտրվել խորհրդի անդամ, այն ժամանակ իմ ձայները շատ ավելին էին, քան պարոն Բաբայանինը, բայց տարիների ընթացքում նրա Փաստաբանական դպրոցի տնօրեն նշանակվելը, ունկնդիրների հետ շփումը և դպրոցը փակ համակարգ դարձնելը բերեց նրան, որ մի շարք անձանց մուտքը դպրոց փակվեց։ Ես ինքս էլ դպրոցում դասավանդում էի և ինձ համար անհասկանալի պատճառներով, ինչ-որ մի պահի սկսեցի չդասավանդել։ Առողջ քննադատությունը նրանց ականջներին հաճո չէր և ամեն ինչ արեցին, որ ես այլևս չհայտնվեմ այդ դպրոցում։
Պարոն Բաբայանը միայնակ է որոշում, թե այդ դպրոցում ով պետք է դասավանդի, և ինքը պարտադիր դասավանդում է հա՛մ դպրոցում, հա՛մ վերապատրաստում է փաստաբաններին։ Նրանք փորձում են այդ կերպ ապահովել նրա ռեյտինգը։ Մեր հնարավորությունները անհավասար են։
-Պալատը քաղաքականացված կառույց համարո՞ւմ եք։
-Միանշանակ։ Իշխանությունների դեմ գործողությունները, պալատի նախագահի ակնհայտ ընդդիմադիր հռետորաբանությունը, այդ ամենի վերաբերյալ խորհրդի լռությունը ցույց է տալիս, որ նրանք ունեն ընդդիմադիր դիրքորոշում։ Նորմալ է, երբ դա փաստաբանն է անում, բայց սա աննորմալ է, երբ մասնագիտական կառույցի ղեկավարը՝ հրաժարական չտալով, զբաղվում է քաղաքական գործունեությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հ․Գ․ առաջիկա օրերին կհրապարակվեն հարցազրույցները նաև մյուս թեկնածուների հետ։
Կարդացեք նաև ՓՊ նախագահի մյուս թեկնածու Սիմոն Բաբայանի հարցազրույցը․