Կառավարությունը 180 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «Շարմ Հոլդինգի» հետ՝ «ԷՔՍՊՈ-2020 ԴՈՒԲԱՅ» ցուցահանդեսի համար

Էկոնոմիկայի նախարարությունը օգոստոսի 13-ին պայմանագիր է կնքել «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ, որը ստանձնել է մատուցել Դուբայ-ԷՔՍՊՈ 2020 ցուցահանդեսի կազմակերպման ծառայությունները։

Իրավաբան.net-ը տեղեկացել է, որ պայմանագրի գինը կազմել է 180 073 272 դրամ (ներառյալ հարկերը)։ Գնումը կատարվել է մեկ անձից՝ այսինքն ցուցահանդեսի կազմակերպման համար մրցույթ չի հայտարարվել։

Ըստ պայմանագրի տեխնիկական բնութագրի, «Շարմ Հոլդինգը» պետք է օգոստոսից մինչև դեկտեմբերի 25-ը մատուցի հետևյալ ծառայությունները․

1․ Տաղավարի շինարարական փուլ – 1 500 000 դրամ։

2․ Բովանդակության մշակման փուլի ծախսեր – 9 317 800 դրամ։

  • թանգարանային նմուշների ներկայացում էքսպոյին,
  • կայքի սպասարկում,
  • տեսանյութեր տաղավարի համար։

3․ Սպասարկող անձնակազմ – 7 145 900 դրամ

  • սպասարկող անձնակազմ,
  • նյութեր և այլ ծառայություններ,
  • գործուղումներ։

4․ Ազգային օրվա միջոցառումներ – 111 063 700 դրամ,

  • տաղավարի multimedia կենտրոնացված համակարգի տեխնիկական նախագծում,
  • համերգային ծրագրի տեխնիկական ապահովում,
  • լիամետրաժ անիմացիոն ֆիլմի անգլերեն տարբերակի ադապտացում,
  • համերգային ծրագրի մեծ բեմահարթակի LED էկրանի տեսակոնտենտի պատրաստում,
  • ադմինիստրատիվ խումբ,
  • ստեղծագործական խումբ,
  • երաժշտության ստեղծում,
  • քասթինգ խումբ,
  • հագուստների նկարչական խումբ,
  • գրիմ, ստիլիստների խումբ,
  • բեմադրող նկարչական խումբ,
  • հրավիրված դերասանների հոնորար,
  • պարային խմբեր,
  • հատուկ էֆֆեկտներ,
  • փորձերի անցկացում 3 անգամ,
  • ազգային օրվա միջոցառման նկարահանում,
  • տրանսպորտային ծախսեր,
  • համերգի մասնակիցների գործուղում՝ 40 անձ, 3 օր,
  • սպասարկող անձնակազմօ գործուղում՝ 8 անձ, 5 օր,
  • Covid թեստավորում,
  • տուրիստական հարկ Դուբայում,
  • տրանսպորտ։

Թվարկվածներն արժեցել են ընդհանուր 129 027 400 դրամ։ Բացի այս, նշվում է նաև․

5․ Չնախատեսված ծախսեր – 7 600 000 դրամ,

6․ Կազմակերպչի եկամուտ – 13 433 660 դրամ,

7․ ԱԱՀ 20% – 30 012 212 դրամ։

Նշենք, որ այս ցուցահանդեսի վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում հուլիսի 24-ին գրել է․

««ԷՔՍՊՈ-2020 ԴՈՒԲԱՅ» համաշխարհային ցուցահանդեսն այն եզակի հարթակներից է, որը կարող է մեր հայկական ընկերությունների համար բացել միջազգային շուկաներ տանող նոր ու մինչ այս անհասանելի թվացող դռներ։

Կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ 6 ամիս շարունակ ցուցահանդեսային հարթակում կներկայացնենք մեր երկիրը, մշակույթը եւ ներդրումային ներուժը, իսկ հայկական ընկերությունները կօգտվեն աշխարհին հայկականը ներկայացնելու եւ միջազգային գործընկերներ ձեռք բերելու հնարավորությունների լայն շրջանակից։

Այս քայլով մենք, իհարկե, նպաստելու ենք երկրի տնտեսական ակտիվության բարձրացմանը եւ օտարերկրյա ներդրումների ներգրավմանը։
Ցուցահանդեսի ընթացքում ունենալու ենք «Made in Armenia» քառօրյա ցուցահանդես, որին մասնակցելու ենք «էթնոթեք»՝ էթնիկ+տեխնիկական կոնցեպտով. հնի ու նորի այս հետաքրքիր համադրությամբ էլ ներկայանալու ենք աշխարհին»։

Լուսանկարները՝ Expo 2020 Dubai ֆեյսբուքյան էջից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել