2013 թվականի նախագահական ընտրությունները կեղծվե՞լ են․ Արա Զոհրաբյանը՝ Տիգրան Մուկուչյանին

Սահմանադրական դատարանում այսօր՝ հուլիսի 12-ին, շարունակվում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննությունը:

«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանը հարց ուղղեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ հարցը սկսելով այսպես․ «Ձեր ակտիվ մասնակցությամբ 2013 թվականին նախագահական ընտրությունները կեղծվել են»։

Տիգրան Մուկուչյանն փորձեց ընդհատել նրան, ինչին ի պատասխան Արա Զոհրաբյանը նշեց․ «Այս խոսքերն իմը չեն, այսպիսի խոսքեր հնչել են 10․092013 թվականին՝ Ազգային ժողովի նիստում, Նիկոլ Փաշինյանն այդ հարցն ուղղել է պարոն Մուկուչյանին։ Հիմա հարցս հետևյալն է, պարոն Մուկուչյան, 2013 թվականին նախագահի ընտրությունները կեղծվե՞լ էին, թե ոչ»։

ԿԸՀ նախագահն ասաց, որ իր կարծիքով յուրաքանչյուր հարց պետք է վերաբերի այս դատավարությանը և հետևաբար, թե որ ընտրության ժամանակ ինչ է տեղի ունեցել, արդյունքներում եղել է սահմանադրական վիճարկում, Սահմանադրական դատարանի որոշում կա, բոլոր գնահատականները տրված են։ «Մեր պատասխանն էլ հստակ հնչեցվել է այդ հարցին»,-ասաց նա։

Արա Զոհրաբանը պարզաբանեց, թե ինչու է նման հարց ուղղում՝ նշելով, որ նախորդ նիստերին արձանագրվել է, որ Մուկուչյանի պատասխանի մեջ տեղ են գտել նույն տեքստերը, որոնք վերաբերել են նաև նախկին ընտրություններին։ «Դրա համար ես ուզում եմ այդ ընդհանուր տրամաբանական կապը տեսնել։ Դուք, բոլոր դեպքերում, չեք պնդում, որ կեղծիք չի եղել»,-ասաց Զոհրաբյանը։ Տիգրան Մուկուչյանը բացասական պատասխան տվեց՝ ոչ, կեղծիք չի եղել։

Հավելենք, որ «Զարթոնք» ազգային քրիստոնեկան կուսակցությունն առանձնացրել է Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքների՝ ազատության և հավասարության խախտումները, ընտրողների կամքի ազատ ձևավորման և արտահայտման վրա էական ազդեցություն գործադրելը, քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրողներին ուղղորդելը և նրանց կուտակումները, պետական գործառույթների և կուսակցական շահերի միահյուսումը և այլն:

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվում են մեկ միավորված գործի շրջանակներում:

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել